Շնորհակալություն ամեն բանի համար. վկայություն

«Մի՞թե այս գորշ պատերը, այս ցավը իմ կյանքն ու ճակատագիրն են»,- ես նստած էի նկուղի հատակին, իսկ իմ սիրտը պարզապես ցավից երկու կես էր լինում: Ես փոփոխություններ էի որոնում, լավ կյանք, ազատություն: Բայց գտա այն, ինչ չէի որոնում:

Իմ անունը Ալյոնա է, ես 22 տարեկան եմ: Ես ծնվել եմ բարեկեցիկ կրթված ընտանիքում, որտեղ ինձ ցանկանում էին տալ բարձրագույն դաստիարակություն և կրթություն: Իմ մասին միշտ հոգ էին տանում ու սիրում: Սկզբում ամեն բան հիասքանչ էր. ես մեծանում էի՝ որպես լավ աղջիկ, լսում ծնողներիս, սովորում երկու դպրոցներում, երազում դառնալ կամ մեծ երաժիշտ, կամ հայտնի մարզիկ: Ամեն բան լավ էր մինչ այն պահը, երբ «բախվեցի» թմրանյութերին ու, որպես արդյունք, դարձա մի հանցագործ խմբի անդամ:

Ինչպե՞ս դա կատարվեց: Այնպես, ինչպես երբեք չէի սպասում. մի երեկոյի ընթացքում ամեն բան միևնույնը դարձավ ինձ համար: Ինձ համար արդեն զազրելի էր օրինակելի աղջիկ լինելը, բոլորին լսելը, այսպես կամ այնպես վարվելը. հոգնել էի այդ ամենից: Ուզում էի մի նոր բան, ուզում էի ազատության համը զգալ: Այդպես էլ հայտնվեցի մի «ուրախ» միջավայրում, որտեղ ամեն երկրորդը թմրանյութեր էր օգտագործում և զբաղվում հանցագործ կյանքով: Այդ միջավայրում էինք ես ու մեծ եղբայրս: Նա դեռ մանկուց ծխում էր, իսկ ավելի ուշ դարձավ այդ խմբավորման գլխավորը:

Ես տանից գնում էի նրա հետ, մինչև ուշ գիշեր նրա հետ լինում: Ինձ դուր էր գալիս այն, ինչով զբաղվում էին այնտեղ, ինչպես էին օրերն անցկացնում: Բայց եկավ ժամանակը, երբ ողջ ուրախությունն այդ վերացավ: Աչքերիս առջև սկսեցին սարսափելի բաներ կատարվել. ինչ-որ մեկը մահացավ թմրանյութերի չարաշահումից, մյուսի մարմինը փտում էր աչքերիս առջև, երրորդը ցավից տանջվում էր, մի ուրիշն էլ հիստերիկորեն ծիծաղում էր, իսկ հետո ծիծաղից սկսում էր խեղդվել: Եթե միայն իմանայի, որ մի օր ականատեսը կդառնայի այդ ամենի… որ այդքան ցած կգլորվեի:

Ես հասկացա, որ «ճահճի» մեջ եմ, և որ հետ ճանապարհ չկա: Նստած էի այդ մութ նկուղում, որն արդեն իմ երկրորդ տունն էր դարձել, և ասում էի ինքս ինձ. «Մի՞թե այս գորշ պատերն իմ ճակատագիրն են, մի՞թե ամեն բան այսպես է շարունակվելու, և մեկ օր ես այսպիսի մահով եմ մեռնելու»: Ընդամենը 13 տարեկան էի այդ ժամանակ և արդեն կյանքում իմաստ չէի գտնում: Թողել էի սպորտը, կրթությանս մեջ ամեն բան վատ էր: Միակ բանը, որ ինձ պահում էր «ջրի երեսին»՝ երաժշտական դպրոցն էր, ուր մայրս էր ստիպում գնալ:

Իմ կյանքը ցած էր գլորվում՝ ասես ձնե մի կույտ, որ գլորվում է սարն ի վար՝ ավելի ու ավելի վատը դառնալով: Այդպես էլ անցնում էին օրերս, բայց գալիս էր գիշերը, հետն էլ՝ վախը, թե ինչ է լինելու ինձ հետ: Արդյոք ես կենդանի կմնա՞մ: Ոչ ոք ինձ չէր տեսնում, չէր նկատում, որ հոգիս աղաղակում էր. «Կա՞ արդյոք մեկը, ով կկարողանա ինձ օգնել՝ օգնեցե՜ք: Եվ եթե Դու, Աստված, կաս, օգնի՛ր»: Հետո գալիս էր առավոտը, իսկ իմ կյանքը չէր փոխվում:

Ես ավարտեցի երաժշտական դպրոցը և պետք է ինչ-որ տեղ ընդունվեի: Մայրս ասում էր ինձ. «Ինչպե՞ս ես ապրելու առանց կրթության»: Բայց ինձ համար ամեն բան միևնույնն էր: Միայն նրա թախանձանքի համար ես փաստաթղթերս տվեցի երաժշտական ուսումնարան, բայց չընդունվեցի: Անգամ ուրախացել էի դրա համար, սակայն շուտով մայրս իմացավ, որ իմ ստացած բալերով կարող եմ մեկ այլ երաժշտական ուսումնարան ընդունվել, և առանց իմ կամքին նայելու՝ ուղարկեց ինձ այնտեղ:

Այդ ուսումնարանում ես ծանոթացա աղջիկների հետ, ովքեր ինձ պատմեցին Հիսուս Քրիստոսի մասին, Աստծո սիրո մասին և այն մասին, որ Աստված կա, Գողգոթայի և Քրիստոսի տանջանքների մասին: Ես լսում էի, և ամեն բան իմ ներսում ասում էր՝ ահա այն, ինչի կարիքը ես ունեմ, ինչը ինձ չի բավարարում, ինչը որոնում էի ողջ կյանքիս ընթացքում:

Այդ երեկո կյանքս Աստծուն նվիրեցի: Աստված թույլ տվեց ինձ վերապրել Իր հզոր ներկայությունն ու հպումը: Ես պարզապես երջանիկ էի, որ հիմա ունեմ Նրան՝ իմ հիասքանչ Փրկչին՝ Հիսուսին: Միակ բանը, ինչի համար ափսոսում էի, սա էր. «Եթե մեկը ինձ ավելի շուտ պատմեր Նրա մասին, որ Նա կա. ախ, եթե մի քիչ շուտ պատմեր…»:

Իսկ ես այնպե՜ս էի ընդդիմանում գնալ ու սովորել այդ ուսումնարանում, բայց հիմա հասկանում էի, որ Աստված հենց այնտեղ էր ինձ սպասում, այնտեղ էր հանդիպում նշանակել ինձ հետ: Դա Նրա ծրագիրն էր ինձ համար: Եվ Աստված Իր գիրկն ընդունեց ինձ՝ շրջապատելով իմ ողջ կյանքն Իր հիասքանչ սիրով:

Ահա արդեն 7,5 տարի է, ինչ ես ծառայում եմ Աստծուն, և ինձ համար մեծագույն ուրախություն է, որ ես Նրա զավակն եմ:

Շնորհակալ եմ Նրան՝ Իմ Փրկչին և Հորը: Միայն Նա կարող է օգնել, միայն Նա կարող է դուրս բերել մեղքի ճահճից և տալ իրական ու ճշմարիտ ազատություն: Փառք Տիրոջը Իր ներման մեծ զորության համար, Իր ճշմարիտ ազատության ու մեծ սիրո համար:

Ալյոնա