Հանձնեք ձեր հոգսերը, ոչ թե պատասխանատվությունը. Ջոյս Մայեր

«Խոնարհեցեք Աստծո հզոր ձեռի տակ, որ ձեզ բարձրացնի ժամանակով։ Ձեր բոլոր հոգսը նրա վրա գցեցեք, որովհետև նա հոգս է անում ձեզ համար» (Ա Պետրոս 5.6-7):

Մի վախեցեք պատասխանատվություն կրելուց: Սովորեք Տիրոջը հանձնել ձեր հոգսը, ոչ թե պատասխանատվությունը: Որոշ մարդկանց մոտ շատ լավ ստացվում է ոչ մի բանի համար չանհանգստանալը:

Նրանք կարծես «իրենց հոգսը գցելու» գործում փորձագետներ են դարձել: Նրանք իրենց բավականին հարմարավետ են զգում՝ իրենց հոգսերի հետ մեկտեղ հանձնելով նաև իրենց պատասխանատվությունը:

Ձեր միտքն ուղղեք այն գործին, ինչ դրված է ձեր առջև և ոչ մի բանից մի փախչեք միայն այն պատճառով, որ դա ձեզ դժվար է թվում:

Միշտ հիշեք, որ ինչ էլ խնդրեք Աստծուց, օրհնության հետ միասին ձեզ կտրվի նաև պատասխանատվություն: Եթե ունեք տուն կամ մեքենա, Աստված ակնկալում է, որ դուք հոգ տանեք այդ ամենի համար: Ծուլությունը կարող է հարձակվել ձեր մտքի և զգացմունքների վրա, բայց դուք ունեք Քրիստոսի միտքը: Դուք, անշուշտ, ի վիճակի եք ճանաչել սատանայի խաբեությունն ու այն ճնշումը, որ նա կբերի ձեր զգացմունքների վրա և կխոչընդոտի ձեզ՝ անել այն, ինչ դուք գիտեք, որ ճիշտ է: Ինչ-որ բան խնդրելը հեշտ է: Իսկ այդ խնդրանքի համար պատասխանատվություն ստանձնելն արդեն բնավորության զարգացման հարց է:

Հիշում եմ, երբ փորձում էի ամուսնուս համոզել, որ լճի ափին մի տուն գնի. մի տեղ, որտեղ կկարողանայինք հանգստանալ, աղոթել և Խոսքն ուսումնասիրել: Բայց Դեյվն ինձ ասաց այն ամենի մասին, որոնց համար մենք պետք է սկսեինք հոգ տանել: Նա հիշեցրեց ինձ, որ մենք արդեն իսկ բավական զբաղված ենք և ժամանակ չենք ունենա ևս մեկ տուն պահելու համար: Նա սկսեց խոսել կանաչապատման, մաքրության, կոմունալ վճարումների և նման այլ հարցերի մասին և ասաց, որ ավելի հեշտ կլինի, եթե հանգստանալու համար մի տուն վարձենք և պատասխանատվություն չկրենք այդ սեփական տան համար:

Ես հարցին վերաբերվում էի միայն զգացմունքայնորեն, բայց Դեյվն ինձ այն ցույց տվեց գործնական տեսանկյունից: Ամեն անգամ որոշում կայացնելիս՝ մենք չպետք է մոռանանք հարցը դիտարկել երկու կողմից:

Լճի ափին մեր տունը մենք ունեցանք մի քանի տարի անց, և հենց դա էր ճիշտ ժամանակը այն ձեռք բերելու համար:

Ինչ-որ բան ցանկանալը բավական չէ: Մենք պետք է լիովին պատրաստ լինենք պատասխանատվություն ստանձնելու համար:

Եթե դուք իմաստուն վարվեք, կտեսնեք, որ Աստված հոգում է ձեր կարիքները: Ամեն մեկը, ով առաջնորդվում է Քրիստոսի մտքի համեմատ, կվարվի իմաստությամբ և ոչ թե զգացմունքներով:

Եղեք պատասխանատու անձ: