Աստծո նախազգուշացումը նրանց, որ «հավանեցին անօրենությանը»

Աստծո նախազգուշացումը նրանց, որ «հավանեցին անօրենությանը»«Որ դատապարտվեն ամենը որ չհավատացին ճշմարտությանը, բայց հավանեցին անօրենությանը» (Բ Թեսաղոնիկեցիս 2.11)։

Ինչո՞ւ է մարդկանց այդքա՜ն շատ սիրող Աստված դատապարտելու ոմանց հավիտենական տանջանքի: Ի՞նչն է որոշելու արդար Դատավորի դատավճռի դրական կամ բացասական արդյունքը յուրաքանչյուրիս համար:

Մենք՝ հավատացյալներս, պետք է հստակ պատկերացում ունենանք դատաստանի Օրվա և դատի սկզբունքների վերաբերյալ: Աստված Ինքն Իր Խոսքի միջոցով զգուշացնում ու պատրաստում է մեզ այդ Օրվան: Դատապարտվելու են բոլոր այն մարդիկ, ովքեր մերժեցին Աստծո ճշմարտության սերը և չհավատացին ճշմարտությանը:

Ովքե՞ր են այս մարդիկ. բոլոր նրանք, ովքեր հավանեցին անօրենությանը, հավատացին իրենց հարմար ստություններին և չփոխեցին իրենց մեղավոր ապրելակերպը: Այս մարդկանց գործերը վկայում են, որ նրանք մերժել են Աստծո ճշմարտության սերը և հավանում են անօրենությանը:

Իսկ ինչո՞ւ են այս խիստ խոսքերը տեղ գտել Աստվածաշնչում: Դրանք Աստծո սիրո նախազգուշացումն են, որ ով ականջ ունի, լսի, հասկանա, քննի իր անձը, ընթացքն ու գործերը եւ ապաշխարի անօրենության չար ըմթացքից:

Յուրաքանչյուրս այսօր դեռ կարող ենք ընտրել՝ հավատալ և ընդունել Աստծո ճշմարտության սե՞րը, թե՞ հավանել անօրենությանն ու հավատալ ստությանը:

Տեր Հիսուսի անունով սեփական անձն ու կյանքի ընթացքը քննելու իմաստություն և Աստծո ճշմարտության սերն ընդունելու հավատք եմ հռչակում այս գրառումը ընթերցողների ու տարածողների կյանքում: Եղեք օրհնված:

Արման Մանուկյան