Այսօր Տիգրան Մանսուրյանը դարձավ 79 տարեկան

tigran_mansurian«Կտոր մը երկինք», «Մենք ենք, մեր սարերը», «Ճերմակ անուրջներ», «Հին օրերի երգը», «Նռան գույնը». յուրաքանչյուր հայ, լսելով հայ կինեմատոգրաֆիայի այս մեծագույն գործերի անվանումները՝ մտքում անպայման գոնե մի քանի նոտա երգում է դրանցում հնչող այնքա՜ն հարազատ երաժշտական կատարումներից:

Այս ֆիլմերի հետ ինչ-որ բան այն չէր լինի, եթե չլինեին այդ մաքուր, անկեղծ, հանճարեղ երաժշտական ստեղծագործությունները: Մեր ականջներին այդքան հարազատ ու մտերմիկ այդ հիասքանչ մեղեդիների հեղինակ, հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը այսօր դարձավ 77 տարեկան:

Տիգրան Մանսուրյանը ծնվել է Բեյրութում: Հայրենադարձության ճանապարհները նրան բերել են Հայաստան՝ Արթիկի շրջան, ուր ընտանիքը բնակություն է հաստատել: Արթիկի բանվորական ակումբում 13-ամյա պատանու՝ առաջին անգամ դաշնամուր հնչեցնելը մեկընդմիշտ կապեց նրան երաժշտության հետ:

Մանսուրյանի ստեղծագործությունները հայկական երաժշտարվեստի և ժողովրդական ավանդույթների հետաքրքիր միահյուսություն են՝ արտահայտիչ մեղեդիներով և բարձրաճաշակ հնչերանգներով:

Ձեզ ենք ներկայացնում մեջբերումներ հանճարեղ արվեստագետի խոսքերից.

«Օ, սերը… ամենամեծ ուժն է: Մեր կարողությունների լավագույն մասը՝ մեր մարմնից սկսած մինչև հոգեբանություն, մինչև զգացական աշխարհ կամ սեր է կոչվում, կամ առնչվում է դրա հետ: Արվեստն՝ ինքնին, կյանքը, գեղեցիկը սիրելու կոչ է: Մարդը սիրելիս զարմանալիորեն բարիանում է: Ինչքան որ նրա մեջ սեր կա, այքան իր մեջ բարություն կա: Որքան քիչ է սերը, այնքան չարությունն է շատ»:

«Մեր երկիրն իրապես սիրո վրա պիտի կառուցվի: Ուզում եմ ասել, երբ որ լավ երաժշտություն ենք ստեղծում, երբ որ լավ մի նկար ենք ստեղծում, լավ բանաստեղծություն, լավ մի գործ ենք անում՝ երկիր սիրելուց է նաև: Ամբողջությամբ: Տեսեք՝ ինչ է ասում Պողոս Առաքյալը. «Եթե խոսեմ մարդկանց լեզուները և հրեշտակներինը, բայց սեր չունենամ, կնմանվեմ մի պղնձի, որ հնչում է, կամ՝ ծնծղաների, որ ղողանջում են: Եվ եթե մարգարեություն անելու շնորհ ունենամ և հասկանամ բոլոր խորհուրդներն ու ամբողջ գիտությունը, և եթե ունենամ ամբողջ հավատը՝ մինչև իսկ լեռները տեղափոխելու չափ, բայց սեր չունենամ, ոչինչ եմ»»:

«Ո՞վ է հայը, հայը տոկունն է, դիմացկունն է, ապրելու մեծ ջիղ ունեցողն է, իրեն ծաղկեցնելու, իր միջավայրը, իր տարածքը, իր կողքիններին ծաղկունք բերելու ուժ ունեցողն է: Երբեք չպիտի մերժենք այն գաղափարը, որ մենք ասելիք ունենք: Մենք պատահական չէ, որ եկել հասել ենք 21-րդ դար՝ մեր կողքին ունենալով այդքան վերացած ազգեր, ժողովուրդներ: Մենք մի առաքելություն ունենք, և մեր լավագույն կողմը, լավագույն արտահայտությունը այդ առաքելության ուղղությամբ մեզ ավելի հաստատուն, ավելի ամբողջական զգալն է: Ես հավատում եմ սրան»:

«Մենք շատ տոկուն ենք, շա՛տ տոկուն ենք: Մեր հոգեբանության մեջ շատ ամուր նստած է «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» ծրագիրը: Գիտենք գնահատել ինքներս մեզ, մեր արժեքները և դրանցով ապրելը և միաժամանակ գիտենք արժևորել դրսից եկածն էլ, եթե գեղեցիկ է, բարձրարժեք է և կարող է մերվել մեզ հետ: Մեր դուդուկը մեզ բավարարելու է մշտապես, երբեք մենք երես չենք թեքելու մեր դուդուկից:

Մեր լավագույն ջութակահարներն էլ պիտի գոյանան. այսօր կան, վաղն էլ կլինեն: Ես հավատացած եմ, որ մեր միջուկը շատ զորավոր է, և այս ուղղությամբ է պետք աշխատել, միջուկի ուղղությամբ, հիմնականի ուղղությամբ: Ինչքան շատ լինենք այդ ուղղությամբ աշխատողներս, այնքան կնշանակի եկեղեցիներ կառուցելու ժամանակն է եկել, խաղաղության ժամանակն է, այնքան մենք զորավոր ենք թե՛ արմատների առումով, թե՛ վաղվա առումով»:

«Քանի հայրենիքում ենք, Ֆրանսիայում չենք, Ամերիկայում չենք, Հոլանդիայում չենք, մեր երեխաներին ուղղելու ենք դեպի հայոց լեզուն: Սա է ամենամեծ մեր հավատարմության արտահայտությունը և ամենապարզ, ամենամաքուր, ամենանախնական քայլը: Երեխային խոսեցնել մեծ հոր և մեծ մոր լեզվով, որ նրանք իրար հասկանան, իրար հետ կապի մեջ լինեն: Հայոց լեզուն մեր հոգևոր տան սյունն է»:

«Աղոթել երաժշտությամբ՝ նշանակում է ինքդ քո մեջ լինել»:

«Ես շնորհակալ եմ դժվարությունների, ուրախությունների, կորուստների համար, բոլորն Աստծո տվածն է: Մարդը պետք է չարչարանք տեսնի»:

«Ահա եկել են նոր երիտասարդներ, և երեկվա «պաշտոնական» գեղագիտությունը հանդարտորեն մոռացության դաշտ է մտնում։ Այս երիտասարդները պատրաստ են մասնակցելու նորագույն երաժշտության հոլովույթի համընդհանուր ընթացքին։ Նրանց սիրում եմ»։

Պատրաստեց Գոհար Ավագյանը