Աստծո Արքայությանը արժանի լինելու նշանը

Աստծո Արքայությանը արժանի լինելու նշանը«Որ դա Աստծո արդար դատաստանի նշան է. որ դուք արժանի լինեք Աստծո արքայությանը, որի համար էլ նեղություն եք քաշում…» (Բ Թեսաղոնիկեցիս 1.5):

Ո՞րն է Աստծո Արքայությանը արժանի լինելու նշանը: Այդ ի՞նչն է, որ նախօրոք վկայում է, որ Աստծո արդար դատաստանի օրը հավատացյալը վստահաբար Արքայությանն է արժանանալու: Ինչի՞ մասին է խոսում վերը բերված խոսքը և ի՞նչ քաջալերանք փորձում փոխանցել մեզ՝ Քրիստոսի աշակերտներիս:

Առաքյալը հստակ է այս հարցում և ոչ երկիմաստ: Աստծո Արքայությանն արժանի լինելու նշանը մեր կյանք այցելած նեղությունների ու անտանելի իրավիճակների պարագայում, ինչպես նաև մեր դեմ բարձրացած խիստ հալածանքների ժամանակ համբերությունն ու հավատքը պահելն է: Համբերություն և հավատք:

Երբ մեր կյանք այցելած նեղություններն ու հալածանքներն անկարող են լինում մեզ հեռացնել մեր հավատքից, կոտրել մեր հավատքն ու կասկածի վախեր սերմանել մեր սրտերում, երբ ցանկացած իրավիճակում մենք մեր հույսն Աստծո վրա ենք դնում և համբերությամբ սպասում ենք Նրա մեկնած օգնության ձեռքին, եւ երբ այս ամենի մեջ հարատևում ենք՝ ամեն բանից վեր դասելով Նրա կամքն ու հաճությունը, սա իրապես նշան է, որ մենք Աստծո Արքայությանն ենք արժանանալու Նրա արդար դատաստանի օրը:

Այս ամենը պետք Աստծո զավակներին սթափեցնի ու մղի ապաշխարության: Այս խոսքերը մեզ՝ հավատացյալներիս, պետք է ուժ տան համբերելու և հավատքի մեջ մեր հաստատուն ու հաղթական ընթացքը շարունակելու համար:

Տեր Հիսուսի անունով կյանքի ցանկացած իրավիճակում համբերություն և հավատք եմ հռչակում այս գրառումը ընթերցողների ու տարածողների կյանքում: Եղեք օրհնված:

Արման Մանուկյան