Հարությունը պատասխանում է ամենաճնշող հարցերից մեկին. Ջոշ Մաք-Դաուել

Քրիստոսը մարդկանց միջև ոչ մի խտրականություն չի դնում. Նա մահացավ և հարություն առավ, որպեսզի բոլոր մարդիկ կարողանան անձնական հաղորդակցություն ունենալ կենդանի Աստծո հետ:

Քրիստոնեությունը չի բացառում որևէ մեկին, ով կհավատա, ընդ որում, Քրիստոսն Ինքն է առաջարկում միակ ճանապարհն Աստծո հետ հաշտվելու համար: Ինչպես փիլիսոփա Ստեֆեն Դայվիսն է բացատրում. «Հիսուսի հարությունը մեզ համար Աստծո հստակ նշանն է, որ Հիսուսը պարզապես կրոնական մեծ ուսուցիչ չէ պատմության մեջ եղած մյուս բոլոր կրոնական մեծ ուսուցիչների թվում: Հարությունն Աստծո կերպն է՝ մատնանշելու Հիսուսին և ասելու, որ Նա է այն միակը, Ում դուք պետք է հավատաք: Նա է մեր Փրկիչը: Նա է միայն Տերը»:

Հարությունը գործնական կերպ էր, որով Աստված կարող էր ցույց տալ այն ողջ ճշմարտությունը, որ Նա ասել էր Հիսուսի մասին մկրտության ժամանակ. «Դա է իմ սիրելի որդին, որին ես հավանեցի» (Մաթևոս 3.17):

Այսպիսով՝ հարությունը բանալի է ողջ քրիստոնեության համար և հաստատում է, որ Հիսուսն ամենքի Տերն է: Պողոս առաքյալը, ով տեսել էր հարուցյալ Քրիստոսին, գրեց, որ Հիսուսը «Աստծո Որդի սահմանվեց զորությունով՝ սրբության Հոգու կողմանե մեռելներից հարություն առնելուցը» (Հռոմեացիս 1.4):

Ահա, թե ինչու է Հիսուսի Ավետարանը Բարի լուր համարվում: Եթե Հիսուսն իրոք Աստված է մարդկային մարմնում, ուրեմն Աստված Հիսուսի նման է: Դա նշանակում է, որ Աստված հեռավոր, կամայական կամ անիրական չէ: Նա Աստված է, Ով սիրում է մեզ, Ով եկավ երկիր, որպեսզի մենք Նրան ճանաչենք անձնապես:

Հիսուսի հարությունը պատասխանում է մեր ամենաճնշող հարցերից մեկին՝ մահը վե՞րջն է: Հարությունն այդ հարցին պատասխանում է հստակ՝ ո՛չ: Մահը վերջը չէ: Մի օր մենք միասին կլինենք մեր ամենաճոխ երևակայությունից վեր մի վայրում, որը լի է սիրով և ուրախությամբ: Սա մեզ նորից հետ է բերում ծայրահեղ կարևոր հարցին, որ պատասխան է փնտրում՝ այն իրո՞ք ճիշտ է: Նոր Կտակարանի հեղինակները մեզ քաջալերում են նորոգել մեր մտքերն այս հարցի պատասխանին համապատասխան և հորդորում են ընդունել այն ճշմարտությունը, որ նրանք գիտեն, որ իրական է. հարությունը փաստական դեպք է:

Կարևոր է, որ այս հարցի պատասխանը դու ինքնուրույն որոշես քեզ համար: Սա ընդամենը մտային վարժություն չէ, որպեսզի դրա միջով անցնես, իսկ հետո նորից շարունակես քո կյանքն առաջվա նման: Ճշմարիտ պատասխան գտնելը կարող է վերափոխել քո կյանքը:

Հարցն անձամբ քեզ համար սոսկ այն չէ, թե արդյոք Հիսուս Քրիստոսի պնդումները ճի՞շտ էին: Որքան էլ այս հարցը բացառիկ կարևորություն ունի, մեծագույն հարցն այն է, թե ինչպես դու կարձագանքես այս ճշմարտությանը: Դու կվստահե՞ս հարուցյալ Հիսուսին: Դու կապավինե՞ս Նրան այս կյանքում պատասխաններ և ուղղորդում գտնելու համար: Դու ծնկի կգա՞ս, ինչպես Թովմասն արեց, երբ տեսավ հարուցյալ Հիսուսին և աղաղակեց. «Իմ Տեր և իմ Աստված» (Հովհաննես 20.28):