Մի վախեցեք ընկնելուց. Դեյվիդ Ուիլքերսոն

Երբ Ադամը մեղք գործեց, նա փորձում էր թաքնվել Աստծուց: Երբ Պետրոսը ուրացավ Քրիստոսին, վախենում էր նայել Նրա աչքերի մեջ: Երբ Հովնանը հրաժարվեց քարոզել Նինվեում, վախը նրան նետեց օվկիանոս, որպեսզի փախչեր Տիրոջ ներկայությունից:

Կա ավելի վատ մի բան, քան սխալն է. դա վախն է, որը գնում է դրա հետևից: Ադամը, Հովնանը և Պետրոսը փախչում էին Աստծուց ոչ նրա համար, որ կորցրել էին իրենց սերը Նրա հանդեպ, այլ նրանք վախենում էին, թե Աստված շատ բարկացած է, որպեսզի հասկանա իրենց:

Զրպարտիչը գիշանգղի նման սպասում է, թե երբ եք դուք անհաջողություն ունենալու: Հետո նա կօգտագործի դժոխքի ողջ սուտը, որպեսզի համոզի ձեզ հավատալ, թե Աստված չափից դուրս սուրբ է, որպեսզի ների ձեզ, դուք էլ չափից դուրս մեղավոր եք, որպեսզի ներվեք, և դուք երբեք չեք բարձրանա ձեր անհաջողություններից վեր:

Պահանջվեց 40 տարի, որպեսզի Մովսեսը ազատվեր վախից և կարողանար օգտակար լինել Աստծո ծրագրերի համար: Եթե Մովսեսը կամ Հակոբը կամ Դավիթը հանձնվեին իրենց սխալներից հետո, մենք այլևս երբեք չէինք կարող լսել նրանց մասին:

Սակայն Մովսեսը նորից բարձրացավ ու դարձավ Աստծո մեծագույն հերոսներից մեկը: Հակոբը, ընդունելով մեղքը, միացավ եղբոր հետ, ում նա խաբել էր, և հասավ նորանոր բարձունքների ու հաղթանակների:

Դավիթը վազեց Աստծո տուն, գտավ այնտեղ ներում և խաղաղություն ու վերադարձավ իր աստեղային ժամին: Հովնանը արեց այն, ինչ հրաժարվել էր անել նախկինում և բերեց ապաշխարության ամբողջ քաղաքին: Պետրոսը, բարձրանալով մոխրից, առաջնորդեց եկեղեցին դեպի Պենտեկոստե:

1958թ-ին ես նստել էի իմ փոքրիկ մեքենայի մեջ ու լաց էի լինում: Ես մտածում էի, թե սարսափելի անհաջողություն եմ կրել այն բանից հետո, երբ ինձ հրապարակայնորեն դուրս էին նետել դատական դահլիճից: Ես մտածում էի, թե Աստծուց էի առաջնորդվել, երբ գնացել էի վկայելու 7 մարդասպան պատանիներին: Ինձ թվում էր՝ Աստծուն ենթարկվելու իմ փորձը՝ այն խուլիգաններին օգնելու, շուռ էր եկել լիակատար պարտության:

Այժմ ես սրտի թրթիռով մտածում եմ, թե որքա՜ն օրհնություններ ես բաց թողած կլինեի, եթե հանձնվեի այն խավար ժամին: Որքա՜ն ուրախ եմ այսօր, որ Աստված սովորեցրեց ինձ անցնել իմ անհաջողության վրայով և շարունակել առաջ գնալ: