Եվ ամեն բանի մեջ գոհացեք…

Եվ ամեն բանի մեջ գոհացեք...«Ամեն բանի մէջ գոհացէք. որովհետեւ սա է Աստուծոյ կամքը ձեզ վերայ Քրիստոս Յիսուսումը» (Ա Թեսաղոնիկեցիս 5.18)։

Ո՞րն է Աստծո կամքը մեր կյանքի համար: Ինչպիսի՞ կյանք, ապրելակերպ ու վարքագիծ է մեր Տերն ակնկալում մեզնից՝ Իրեն հավատացած Իր զավակներից:

Աստվածաշունչը հստակ նկարագրում է Աստծո կամքը մեր ապրելակերպի առումով՝ հետևեք խաղաղության բոլորի հետ և սրբության, առանց որի ոչ ոք Աստծուն չի տեսնի, ճանաչեք և պատվեք ձեր մեջ աշխատողներին, ձեր առաջնորդներին ու ձեզ խրատողներին, խրատեք ճշմարտության ճանապարհից շեղվածներին, բայց զգույշ եղեք, որ չարի տեղ չար չհատուցեք, այլ սեր և բարիք լինի ձեր պատասխանը, ամեն ժամանակ ուրախ եղեք, ամեն ժամանակ աղոթք արեք և ամեն բանի մեջ գոհացեք: Ահա սա է Աստծո կամքը:

Ահա այսպիսին է Աստծո պատկերացումը Իրեն հավատացած յուրաքանչյուր մարդու առումով: Դժվա՞ր է: Անհնարի՞ն է թվում: Աստծո Խոսքն ասում է, որ ամեն բան հնարավոր է հավատացողի համար:

Մենք՝ հավատացյալներս, պետք է աղոթքով ու ջանասիրությամբ ձգտենք դառնալ այնպիսին, ինչպիսին մեզ ուզում է տեսնել մեր Փրկիչ Տերը:

Տեր Հիսուսի անունով Աստծո ակնկալած կենսակերպին հասնելու փափագ և բնավորություն ու մոտեցումներ փոխելու հավատք եմ հռչակում այս գրառումը ընթերցողների ու տարածողների կյանքում: Եղեք օրհնված:

Արման Մանուկյան