Պահելով հույսը…

Որքան էլ խավար լինի գիշերը, առավոտյան լույսը բացվում է. մի՛շտ:

Շատերը մեզնից կորուստներ են ունեցել, և, ամեն դեպքում, Աստծո օգնությամբ մենք ոչ միայն կենդանի ենք մնացել, այլև դուրս ենք եկել դրանցից` որպես ավելի ուժեղ ու զորացած մարդիկ: Բայց եթե դուք կորցնեիք հույսը, ի՞նչ կլիներ այդ ժամանակ: Հույսի կորուստը կբերեր դատարկություն: Ինչպե՞ս է հնարավոր գոյատևել առանց հույսի:

Ինչպե՞ս է հնարավոր շարունակել առաջ շարժվել, երբ դուք չունեք հույս:

Հետաձգված հույս  

Բոլորիս հայտնի խոսքում ասվում է. «Առանց հավատքի անհնար է Աստծուն հաճո լինել»:

Գուցե մենք բավականին հոգ չենք տանում հույսի ձևավորման համար: Գուցե մենք մոռացել ենք, որ «Հավատքն էլ հուսացած բաների հաստատությունը և չերևացող բաների ապացույցն է» (Եբրայեցիս 11.1):

Ի՞նչ եք դուք սպասում:

Առակաց գրքում ասվում է (13.12). «Ուշացած հույսը սիրտը կհիվանդացնի, բայց կատարված փափագը կենաց ծառ է»:

Ինչ-որ պահի մենք կորցնում ենք հույսը և համոզված լինում այն բանում, որ Աստված չի լսում մեզ: Կամ, որ այդ ողջ ընթացքում մենք երազել ենք ընդամենը: Որ մենք մեղք ենք գործել և զրկվել ենք աստվածային օրհնություններից: Կամ որ… Աստված ընդհանրապես գոյություն չունի, ուրեմն էլ ինչո՞ւ երկարացնել տառապանքները:

Մենք արդեն շատ երկար ենք սպասել մեր աղոթքների պատասխաններին: Մենք համոզված  էինք, որ ճեղքումը կգար այս տարի, և այդպես տարեցտարի, տասնամյակ տասնամյակի հետևից… Մենք համոզված էինք, որ մեր հանգամանքները կփոխվեին, բայց դա այդպես էլ չկատարվեց: Մենք գիտեինք, որ վատագույն սցենարը պարզապես անհնար էր, բայց հենց դա էլ կատարվում է մեր կյանքում: Եվ հիմա ինչ:

Աստված երբեք հուսախաբ չի անի

Որոշները ձեզնից ասում են. «Ես արդեն հոգնել եմ ապավինել, հուսալ և սպասել: Ես ավելի ու ավելի վիրավորվող եմ դառնում: Ես պարզապես կընդունեմ ամեն բան, ինչպես որ կա, և կհաշտվեմ այս ողորմելի գոյության հետ: Եվ ուղղակի էլ չեմ վերապրի ոչ մի հուսախաբություն, որովհետև պարզապես չեմ կարողանա հաղթահարել դա նորից»:

Գուցե մենք արդեն եկել ենք նման եզրահանգման, բայց ոչ՝ Աստված: Եթե դուք Նրա զավակն եք, ապա Նա գործում է ձեր բարիի համար: Որքան էլ պարզ սա հնչի, Նա երբեք հուսախաբ չի անի մեզ: Երբե՛ք:

Հանգամանքները կարող են չդասավորվել այնպես, ինչպես մենք ենք ակնկալում: Մենք կարող ենք անցնել աննկարագրելի կորուստների կամ խիստ փորձությունների միջով: Գուցե մենք վերապրում ենք հուսահատություն սխալական հավատքի և սպասումների պատճառով:

Բայց եթե դուք լիովին վստահում եք ձեր կյանքն Աստծուն, ապա դուք ոչ միայն կկարողանաք անցնել այդ ամենի միջով, այլև Նա Ինքը կուղեկցի ձեզ ողջ ճանապարհի ընթացքում: Ավելին, ամեն բացասականը Նա կօգտագործի բարիի համար, որպեսզի վերջում դուք ավելի կերպարանակից լինեք Քրիստոսին, ավելի լցված լինեք հավատքով, ավելի խորը արմատ գցած լինեք խաղաղության և ճշմարիտ ուրախության մեջ:

Դրանում է հենց մեր Աստծո էությունը: Նրանում չկա այնպիսի մի բան, ինչը կարող էր հուսախաբ անել:

Անգամ Աստվածաշնչի հերոսներն էին կասկածում

Եթե հենց այս պահին խորը հուսահատություն եք վերապրում, թույլ տվեք ինձ քաջալերել ձեզ: Որքան խավար լինի գիշերը, դրան հետևում է առավոտը: Մի՛շտ:

Աստվածաշնչում կան սաղմոսներ, որոնք լի են անելանելիությամբ և հուսահատությամբ, ինչպես Սաղմոս 88-ը, որն ավարտվում է այս խոսքերով. «Իմ ճանաչները խավարի մեջ են» (88.18): Բայց հաջորդ սաղմոսն այս խոսքերով է սկսվում. «Հավիտյան կօրհնեմ Տիրոջ ողորմությունը. ազգից ազգ կպատմեմ իմ բերանովը քո ճշմարտությունը» (89.2):

Այո, «իրիկունը լաց է գալիս, իսկ առավոտը ցնծություն» (Սաղմոս 30.5): Մեկ օր ձեր առավոտը կգա, և դա նույնքան ճիշտ է, որքան ամեն օրվա արևածագը և այն, որ Աստված Աստված է: Նա արժանի է ձեր վստահությանը:

Մեր Հայրը ցանկանում էր, որ մենք իմանանք, որ Աստվածաշնչի բոլոր մեծագույն հերոսները պայքարում էին անհավատության և կասկածների դեմ՝ հարցնելով Աստծուն, թե ե՞րբ Նա կպատասխանի, եթե ընդհանրապես պատասխանի նրանց աղոթքներին: Այո՛, Աստված ցանկացել է, որ այդ խոսքերը լինեն Աստվածաշնչում՝ բարձրացնելու մեզ, ոչ թե հուսախաբ անելու:

Այնպես որ, միայն դուք չեք անցնում անհուսության և հուսահատության ձորերով: Բայց դուք նույնպես կարիք ունեք իմանալու, որ Աստված միշտ հավատարիմ է մնում: Անգամ ձեր փորձությունների մեջ դուք կարող եք վերապրել Նրա սերը և զգալ Նրա ձեռքը: Եվ դուք կարող եք հասունություն ապրել ու աճել հավատքի մեջ:

Հիսուսը կենդանի է, և Նա վերադառնում է

Կա ևս մեկ պատճառ հույսի համար: Հիսուսը հարություն է առել մեռելներից: Գերեզմանը չէր կարող պահել Նրան: Եվ Նա հարություն առավ՝ չնայած, որ Իր աշակերտները չափազանց ճնշված էին ու վախեցած, որպեսզի հավատային դրան: Երբ Նա մահացավ, նրանք կարծեցին, թե ամեն բանի վերջը եկավ: Բայց իրականում դա սկիզբն էր:

Միայն այս մեկ փաստը բավական է մինչև վերջ գնալու համար, ինչ էլ որ կատարվի մեր ճանապարհին. Հիսուսը հարություն առավ, Նա կենդանի է, նստած է Իր գահին և կվերադառնա երկրի վրա: Ինչպե՞ս կարող եմ կորցնել իմ հույսը, երբ մշտապես նայում եմ Նրան:

Ապավինեք Նրան և դուք կտեսնեք, որ Նա արժանի է այդ վստահությանը: Նրանում դուք կգտնեք հավիտենական հույսի ճշմարիտ աղբյուրը:

Մայքլ Բրաուն