Ինչպե՞ս իմանամ, որ նա հենց այն միակն է

Մեկ օր Աստվածաշնչյան քոլեջի սրճարանում ճաշելիս սկսեցինք միմյանց հետ շփվել ես և մի ուսանողուհի, ով նույնպես ինձ նման ուրիշ քաղաքից էր եկել: Դա սեր չէր առաջին հայացքից կամ լուսավորության մի պահ՝ հոլիվուդյան մելոդրամների օրինակով, բայց մի քանի շաբաթ տևած շփումից հետո մենք ընկերացանք, փոխադարձ ձգողականությունը ոչ մի տեղ չկորեց, և կիսամյակի վերջում մենք սկսեցինք հանդիպել: Հետո հասունացավ լուրջ ստուգման ժամանակը, թե որքանով ենք մենք կարևոր ու անհրաժեշտ միմյանց: Ինձ (Մայքի) համար մեկ հարց բարձրացավ. գուցե, նա հենց այն միա՞կն է:

Ինձ համար որոշիչ գործոնը հետևյալն էր. աղջիկ, ով ունի այնպիսի սիրտ Աստծո համար, որը կհետևեր ինձ, ուր ինձ Աստված կառաջնորդեր: (Այն ժամանակ ծրագրում էի Ասիա միսիոներության գնալ, որտեղ արդեն ծառայել էի երկու տարի): Սա մի որոշակի դուռ էր, որի միջով իմ ապագա կինը կարող էր մտնել իմ աշխարհ: Չնայած ինձ համար դա յուրահատուկ և նեղ սկզբունք էր, իսկ ավելի ընգրկուն սկզբունքն այսպես էր հնչում. արդյոք այն մարդը, ում ես նախատեսում եմ՝ որպես իմ հետագա կյանքի ուղեկից, տեսիլքի՞ մարդ է, և արդյոք նրա տեսիլքը համատեղելի՞ է իմի հետ:

Բացի ծառայության հստակ տեսիլքից, մենք բոլորս կանչված ենք՝ դառնալու Քրիստոսի նման. «Բայց մենք ամենքս՝ բաց երեսով Տիրոջ փառքն ինչպես հայելու մեջ տեսնելով՝ նույն պատկերի նման կերպարանափոխվում ենք փառքից դեպի փառք, ինչպես թե Տիրոջ Հոգուցը» (Բ Կորնթացիս 3.18):

Սա ամենագլխավոր տեսիլքն է, և այն հիմք է ծառայում կենսական բոլոր ձգտումների համար՝ տանը լինես, թե եկեղեցում, թե աշխատավայրում: Այն, ինչ դուք անում եք, կարող է փոխվել կյանքի տարբեր փուլերում. այն, թե ով դուք կաք, միշտ լինելու է ձեր կյանքում՝ Աստծո հրամանների առաջապահ մասում:

Կենսականորեն կարևոր է ուսումնասիրելը և ձեր սրտում կշռադատելը ձեզ հետաքրքրող մարդու հոգևոր պատմությունը: Արդյոք այդ մարդը ունի՞ խոնարհություն: Արդյոք բավականին կարգապահություն ունի՞ նա՝ երես թեքելու պակաս կարևոր հաճույքներից և հետևելու Քրիստոսին՝ հավատարիմ լինելով Նրա կատարյալ ճանապարհին: Ժամանակն է եկել կշռելու բոլոր կողմ և ընդդեմ կարծիքները. մեկ օր ամուսնանալով՝ դուք արդեն կորցնում եք այդ հնարավորությունը:

Մեր մինչամուսնական խորհրդատվություններում մենք խորհուրդ ենք տալիս՝ խորհելու 15 նախազգուշացնող նշանների մասին: Ուշադիր լինելու անհրաժեշտությունը չի նշանակում, որ դուք չպետք է ամուսնանաք, բայց դա կարող է լինել ցուցանիշն այն բանի, որ պետք է կանգնեցնել հարաբերությունների զարգացումը:

Նախազգուշացնող նշաններ.

  1. Անհարմարավետության ներքին զգացում, զգացում, որ ասես ինչ-որ բան այն չէ ձեր փոխհարաբերություններում:
  2. Հաճախակի վեճեր
  3. Խանդ կամ անբացատրելի գրգռվածություն, երբ մեկը ձեզնից շփվում է հակառակ սեռի մարդու հետ:
  4. Որոշակի թեմաների քննարկումից խուսափումը՝ բացասական արձագանքի վախից ելնելով:
  5. Տրամադրության անկանխատեսելի փոփոխություններ
  6. Վերահսկող պահելաձև. զգացում՝ ասես ձեզնով կառավարում են:
  7. Զգացում՝ ասես դուք թակարդի մեջ եք. չեք ցանկանում մեկդ մյուսին ցավեցնել՝ ապագա ամուսնությունը փոքր-ինչ կասկածի տակ առնելով:
  8. Հարգանքի բացակայություն. ձեզ մշտապես քննադատում են և ոչ տեղին հումորներ անում:
  9. Անձնական պատասխանատվության պակաս. այդ մարդն ունի խնդիրներ աշխատավայրում և հաշիվների մուծման հետ կապված:
  10. Հպարտություն. նա երբեք չի ընդունում իր մեղավորությունը, և կոնֆլիկտները լիովին չեն լուծվում:
  11. Էմոցիոնալ և ֆինանսական կախվածություն ծնողներից
  12. Մինչամուսնական անհաջող հարաբերությունների փորձառություն
  13. Կախվածության տարբեր տեսակներ. ձեզնից մեկը պայքարում է ալկոհոլի, թմրանյութերի կամ պոռնոգրաֆիայի դեմ: Եթե դա արդեն անցյալում է, որքա՞ն ժամանակ է, ինչ ազատագրվել եք:
  14. Եսասիրություն. երբ մարդը ցանկանում է, որ ամեն բան լինի այնպես, ինչպես ինքն է ուզում:
  15. Վատ սովորություններ. այո, դրանք բոլորն ունեն, բայց արդյոք դրանք լուրջ խնդի՞ր են հանդիսանում: Գուցե կան նրանց մեջ այնպիսիները, որ ձեզ ծայրահեղ կերպով նյարդայնացնում են:

Եթե մեկը կամ մի քանիսը նախազգուշացնող նշաններից ակնհայտ են ձեր փոխհարաբերություններում, կիսվեք ձեր հովվի հետ կամ փորձառու ամուսնական զույգի, ում դուք վստահում եք:

Աստված մշտապես մարդկանց միացնում է՝ նրանց կատարելագործելու համար: Ամուսնության համար «ճիշտ» մարդը նա է, ում հետ դուք կկարողանաք ճանապարհորդության մեկնել միասին՝ ձեր միության կենտրոնում պահելով կերպարանափոխությունը և Աստծուն հնազանդությունը՝ պատկերացնելով Աստծուն փառավորող համատեղ կյանք:

Մայք և Էննի Ռիցցո