Առակաց 29.18-ի քո տեսիլքը գալիք տարվա համար

Սա կատարվում է ամեն տարի. հաշվարկը սկսվում է, ժամացույցը խփում է կեսգիշերին, և սկսվում են տոնակատարությունները: Եվ երբ արևը բարձրանում է հունվարի 1-ին, նրա հետ բարձրանում են շատ հարցեր. ինչ է հնարավոր, ինչ է արվելու և ինչի կհասնենք այս Նոր Տարում:

Հույսերը մեծ են: Ամեն տարվա սկզբին մարդիկ մտածում են այն մասին, թե ինչ իրենք կցանկանային անել գալիք տարում:

Այն, թե ինչպես ենք մենք ամեն օր ապրում, անմիջական կապ ունի այն բանի հետ, թե ինչպես ենք մենք տեսնում մեր ապագան և ինչպես ենք մենք պատկերացնում մեր ապագա կյանքը. պատկերն այն բանի, թե ինչպիսին կլինի կյանքը ոչ միայն պարզապես այս տարի, այլ գալիք տարիներում ևս:

«Առանց մարգարեության ժողովուրդը կվայրենանա» (Առակաց 29.18):

Նպատակային կյանք ապրելը կենսական կարևորություն ունի ամեն հավատացյալի համար: Առանց ապագայի հստակ տեսիլքի՝ մենք, ավելի հավանական է, կապրենք առանց կարգապահության՝ կարծելով, թե գնում ենք դեպի մեր առջևի նպատակը, բայց իրականում չենք հասնի նրան, ինչը հնարավոր էր, ինչն Աստված հնարավոր էր դարձրել մեզ համար: Մի հովիվ ինձ մեկ անգամ ասաց, որ եթե տեսնում եմ մի մարդու, որ շատ բանի չի հասնում, ավելի հավանական է, որ նա ունի տեսիլքի խնդիր, ոչ թե ծուլության: Կարևոր է ունենալ տեսիլք կյանքի՝ ոչ միայն ընթացիկ տարվա համար: Կա զորություն մեր ամեն օրվա ընտրությունների մեջ, բայց սա ավելի հեշտ է հասկանալ, երբ ունենք ապագայի հստակ տեսիլք:

Երբ մարդը չունի իր կյանքի համար հստակ տեսիլք, նա կործանվում է: Առակաց 29.18-ում այդ «կործանվել» (MEV թարգմանություն) բառը խոսում է անարդյունավետ կյանք ապրելու, որոշակի նպատակ վատնելու կամ քո կյանքի նպատակը բաց թողնելու մասին:

Ըստ մեկ այլ՝ ավելի ժամանակակից թարգմանության՝ այս տեղի նշանակությունը խոսում է Աստծո առաջնորդությունը մերժելով՝ կյանքի ռեսուրսները սխալ օգտագործելու մասին:

Տեսիլքի պակասն է ստիպում մեզ աննպատակ ապրել, կյանքի ճանապարհն անցնել առանց որևէ խարսխի, ինչն էլ բերում է անարդյունավետ կյանքի: Եվ երբ մարդու սրտում կա անհստակություն այն մասին, թե որտեղ է իր կյանքը տանում իրեն, ավարտը կլինի իր կյանքի վերաբերյալ Աստծո նպատակի չիմացությունը:

Աշխարհահռչակ հոգեբույժ Վիկտոր Ֆրանկլը շատ տառապանքներով է անցնում գերմանական նացիստական կենտրոնացման ճամբարում Երկրորդ Համաշխարհայինի տարիներին: Պատերազմից հետո նա հարցազրույց է վերցնում իր հետ Հոլոքոստի տարիներին ճամբարում եղող կենդանի մնացածներից մեկից և արդյունքում գալիս է եզրահանգման, որ մարդիկ, ովքեր այդ ամենից հետո ապրում են հաջողակ կյանքով, նրանք են, ովքեր ունեին հստակ տեսիլք այն մասին, թե ուր են իրենք գնում: Այն, ինչը տվեց նրանց գոյատևելու զորություն և կյանքի որակ ապահովեց, հավատքն էր ապագայի նկատմամբ, և հավատքն այդ ավելի մեծ էր, քան այն տառապանքը, որ նրանք վերապրում էին անցյալում:

Ինչպես ասում է Մայք Բիքլը. «Մարդուն ավելի շատ ձևավորում է իր ապագայի հանդեպ հավատքը, քան այն ամենը, ինչ նրա հետ կատարվել է անցյալում: Հստակ պատկերացում ունենալը այն մասին, թե ուր ենք մենք գնում, ամենաորոշիչ գործոնն է կյանքի որակի հարցում»:

Եթե ցանկանում ենք ապրել Տիրոջ մեջ մեր կոչմանը համապատասխան, շատ կարևոր է մեր սրտերում հաստատված ունենալ հստակ տեսիլք:

Սակայն եթե ձեր նպատակը երջանկությունն է, դա կարող է հանգեցնել հիասթափության: Երջանկությունը Աստծո կամքի համեմատ տեսիլք ունենալու պտուղն է:

Տեսիլքը, որ ունենք գալիք տարիների համար, կօգնի մեզ, որ երբ Աստծո առջև կանգնենք, հաշիվ տանք այն ամենի համար, ինչ Նա մեզ օրհնել է:

Երբ տեսիլքը հաստատվում է, որոշվում է անելիքը: Ժամանակի ընթացքում քո անելիքը կարող է փոխվել, բայց տեսիլքը անփոփոխ է:

Նորմալ է, երբ ժամանակ է պահանջվում զարգացնելու հոգևոր տեսիլք, սա բանալի սկզբունք է:

Խորհեք այս հարցերի շուրջ.

Ըստ ձեզ՝ Աստված ո՞վ է ցանկանում, որ դուք լինեք հոգևորապես:

Երբ վերջին օրը կանգնեք Աստծո առջև, ո՞րն է գլխավոր բանը, որ ցանկանում եք լսել Նրանից:

Ի՞նչ եք իսկապես ցանկանում կատարել կյանքում:

Երբ Տերը նայում է ձեր ժամանակին, գումարներին, ներուժին և կապվածություններին, ի՞նչ եք ցանկանում, որ Նա ասի և հասկանա այն ամենի վերաբերյալ, թե ինչպես եք դուք օգտագործում ձեր ժամանակը, ռեսուրսները և տաղանդները:

Ֆիա Քարլի