Վերակարգավորեք ձեր հոգևոր «GPS»-ը՝ նոր տարվա համար

Ամեն նոր տարվա սկզբին ես վերաարժեքավորում եմ իմ նպատակները, հստակեցնում ձգտումներս և աղոթում Աստծո օրհնության համար: Ես հարցնում եմ ինքս ինձ. ի՞նչ եմ ես ցանկանում, որ Աստված անի իմ կյանքում այս տարի: Ինչպե՞ս եմ ես ցանկանում աճել անձնական կյանքում, փոխհարաբերություններում և իմ մասնագիտության մեջ:

Հետո ես փնտրում եմ Տիրոջ երեսը՝ լսելու, թե ինչ է Նա ասում ինձ գալիք 12 ամիսների համար: Այս վարժությունը ես անվանում եմ «իմ GPS-ի վերակարգավորում»: Ես քաջալերում եմ ձեզ՝ փորձել սա. ահա թե ինչպես է այն գործում:

Եվ այսպես՝

Goals` «նպատակներ». նպատակներ ունեցող մարդիկ նպատակասլաց են, և նրանց շեղելը հեշտ չէ: Մյուս կողմից՝ նրանք, ովքեր ոչ մի ձգտում չունեն, աննպատակ թափառում են: Եթե ձեր նպատակը ոչինչն է, վստահ եղեք, որ կհասնեք ոչնչի: Նպատակի սահմանումը հաջողության գնալու առաջին քայլն է:

Նպատակի սահմանման վառ օրինակ ես տեսնում եմ Պողոս առաքյալի կյանքում: Նրան խանդավառում էր Ավետարանը հեթանոսներին տանելու մեծ ցանկությունը: Իր կյանքում նա ճանապարհորդեց ոտքով և նավով, ձիով ու մարտակառքով այնպիսի վայրեր, ինչպիսիք են Թուրքիան, Սիրիան, Հունաստանը, Կրետեն, Մալթան և Իտալիան: Նրա նպատակն իրեն առաջ էր տանում: Երբ Պողոսը գրում էր այս խոսքերը. «Հետևում եմ դեպի նպատակը՝ Աստծո վերին կոչումի մրցանակին Քրիստոս Հիսուսումը» (Փիլիպպեցիս 3.14), նա գտնվում էր հռոմեական բանտում: Ոչ մի խոչընդոտ նրան չէր կարող հետ պահել:

Prophetic word. «մարգարեական խոսք». տարիների ընթացքում ես զարգացրել եմ գալիք տարվա համար Աստծո երեսը փնտրելու սովորությունը: Երբեմն Աստված ինձ տալիս է խոսք Աստվածաշնչից: Երբեմն էլ ես հայտնություն եմ ստանում պարզապես մեկ բառ կամ արտահայտություն: Օրինակ՝ այս տարվա համար ես Տիրոջից մեկ բառ ստացա՝ «առաջընթաց», և Նա տվեց Հեսու 1-ին գլուխը:

Դու կարիք չունես մարգարե լինելու՝ նման ուղղություն  Տիրոջից ստանալու համար: Աստված գիտի քեզ և գիտի քո ապագան: Նա նաև գիտի այն մարտահրավերները, որոնց դու հանդիպում ես, և փոթորիկները, որ կարող են գալ գալիք տարում: Երբ ստանաս մարգարեական խոսք, ամուր կառչիր դրանից՝ անկախ նրանից, թե ինչ է կատարվում: Աստված չի գործում՝ ըստ քո ժամացուցակի, դու ինքդ պետք է հնազանդվես Նրա ծրագրին:

Special Prayer` «հատուկ աղոթք». իմ հոգևոր «GPS»-ի սահմանման կարևոր մասը աղոթքի համար ժամանակ առանձնացնելն է: Ես դա կոչում եմ «հատուկ» աղոթք, որովհետև այն իմ առօրյայից դուրս է: Ես նոր տարվան լավագույնս ինձ պատրաստված եմ զգում, երբ կարողանում եմ բավականին ժամանակ տրամադրել՝ իմ ծրագրերն ու նպատակները Աստծուն հանձնելու համար:

Նպատակների սահմանումը հաջողության տանող մեծագույն քայլն է, բայց նպատակները ոչինչն են, եթե Աստված չէ դրանք ոգեշնչողը: Առակացում ասվում է. «Մարդիս սիրտը խորհում է իր ճանապարհը, բայց նրա քայլերը տերն է հաստատում» (Առակաց 16.9):

Երբ մենք աղոթքի մեջ մեր նպատակները Աստծուն ենք հանձնում, այդպիսով մենք թույլ ենք տալիս Նրան վերակարգավորելու դրանք, եթե սխալ ուղղութուն ենք բռնել: Աղոթքով տալիս ենք հնարավորություն՝ նաև լայնացնելու մեր նպատակները, եթե դրանք սահմանափակ են: Մենք խոնարհվում ենք Աստծո գահի առջև և պատմում Նրան, որ միայն Նրա ծրագրերն ենք ցանկանում, ոչ թե մերը:

«Գցիր Տիրոջ վրա քո գործերը, և կհաստատվեն քո խորհուրդները» (Առակաց 16.3):

Կարևորը Աստծուն ձեր ծրագրերը ներկայացնելն է և Նրա շնորհը, զորությունը և ուժը խնդրելը՝ գալիք տարվա համար:

Սպասեք, որ Աստված խոսի ձեր սրտի հետ: Նա կբացահայտի Իր ծրագրերը, կբորբոքի ձեր երազանքները, կհանդարտեցնի ձեր վախերը և կբարձրացնի ձեր հավատքը՝ ունենալու լավագույն տարի:

Ջ. Լի Գրեյդի