Հունվարի 17-ը՝ քրիստոնեության պատմության մեջ

Հունվարի 17-ը՝ քրիստոնեության պատմության մեջԵրբ եգիպտացի Անտոնիոսը հասկանում է, որ մահը վրա է հասնում, երկու վարդապետի հետ գնում է անապատ և խնդրում թաղել իրեն մի գաղտնի տեղում:

Նա մեծ հարգանք էր վայելում և մտավախություն ուներ, որ հետագայում իր մարմինը կարող է պաշտամունքի առարկա դառնալ շատերի համար: Ավանդույթի համաձայն՝ նա մահանում է 356թ-ի այս օրը՝ հունվարի 17-ին, պատկառելի տարիքում՝ 105 տարեկանում:

Իր կենդանության օրոք նրա հռչակը մեծապես տարածված էր ողջ Եգիպտոսում և Միջերկրական ծովի ավազանում: Թեև նա առաջին վարդապետը չէր, սակայն շատ հայտնի էր և նրա շնորհիվ կուսակրոնությունը «դրվում է քարտեզի վրա»՝ անձնական կարգապահության և առաջնորդական ձիրքի շնորհիվ:

Ալեքսանդրացի Աթանասի գրած «Անտոնիոսի կենսագրություն»-ից տեղեկանում ենք, որ Անտոնիոսի մայրն ու հայրը շուտ են մահացել՝ որդու խնամակալությանը թողնելով կրտսեր քրոջն ու երեք հարյուր ակր հողատարածք: Այդ ժամանակ նա 18 տարեկան էր:

Կարճ ժամանակ անց Անտոնիոսն սկսում է եկեղեցի հաճախել: Առաջին անգամ ներս մտնելուն պես նա լսում է ինչ-որ մեկի ձայնը, որ բարձրաձայն կարդում էր Քրիստոսի խոսքերն՝ ուղղված հարուստ մարդուն. «Ամեն ինչ որ ունես՝ ծախիր, և աղքատներին տուր, և գանձ կունենաս երկնքումը, և եկ հետևիր Ինձ» (Ղուկ. 18.22-23): Այս խոսքերը դիպչում են Անտոնիոսի սրտին:

Սրանից անմիջապես հետո նա վաճառում է իր ողջ ունեցվածքը: Գումարի մի փոքր մաս թողնում է քրոջը, իսկ մնացածը՝ բաժանում աղքատներին: Այնուհետ սկսում է այցելել այլ մենակյացներին:

Հաջորդիվ նա անցնում է ծոմապահության, անքուն գիշերների, երկարատև աղոթքների և խստակյաց կենցաղավարության, ունենում է հոգևոր տեսիլներ. երկնային լույսի տեսլականը նրան առավել մեծ խանդավառություն է հաղորդում: Մոտ 20 տարի նա անապատում էր: Այդ ընթացքում հարյուրավոր մարդիկ գալիս էին այցելելու և խորհուրդ հարցնելու:

Ի վերջո, նա դուրս է գալիս այդ մեկուսացումից: Այդ ժամանակ նրա դեմքը փայլում էր՝ ասես, հարատև խաղաղությամբ: Բժշկելով հիվանդներին, խորհուրդներ տալով դժվարին կացության մեջ հայտնված մարդկանց, ազատագրելով չար դևերից և քարոզելով՝ նա ցույց էր տալիս Քրիստոսի բժշկարար զորությունը: Նրա օրինակով շատերը ևս դառնում են կուսակրոն:

Անտոնիոսի կենսագրության մասին պատմող Աթանասի ստեղծագործությունը հետագայում շատերին է ոգեշնչում, ովքեր ավետարանչական բուռն գործունեություն են ձեռնարկում ողջ Եվրոպայում և Մերձավոր Արևելքում:

Աղբյուր՝ christianity.com