Ինչպես գտնել քո ճշմարիտ ես-ը

Երբեմն մարդն ինքն իր ներսի խորը հիմքի հետ երկատվածության զգացողություն է ունենում, հայտնվում է ասես ինքն իրենից անտեղյակ, անհասկանալի մի վիճակում: Եվ սա ծնունդ է առնում, երբ մենք ինքներս մեզ նույնացնում ենք մեր խելքի կամ այն դիմակների հետ, որոնք խելքն է ձևավորում՝ ստեղծելով կեղծ «ես»: Եթե դուք ուշադրությամբ ականջ դնեք, ապա կնկատեք, որ խելքն ապրում է իր սեփական կյանքով: Նա անընդհատ ինչ-որ բան է ասում, շշնջում, պահանջում, շատախոսում՝ վերջիվերջո: Այդ ներքին շատախոսությունը բառացիորեն մեզ հանգիստ չի տալիս: Խելքը պիտակներ է կպցնում, դատողություններ, կարծիքներ բոլոր իրավիճակներին: Եվ մենք չենք նկատում, թե ինչպես են մեր կարծիքներն ու դատողությունները կանգնում մեր ու կյանքի միջև, մեր ու իրականության միջև:

Այդ պատերը ցանկապատում են մեզ ինքներս մեզնից, իրական կյանքից, գոյության հիմքի խորությունից:

Դիմակը իրենից ներկայացնում է մտքի ձև, որը մենք արհեստականորեն ստեղծում ենք, որպեսզի ձգտենք փոխել կամ գունավորել իրականությունը կամ էլ մեր ինքնազգացողությունը նրանում:

Բայց եթե դուք խորհեք այս սահմանման շուրջ, կհասկանաք, թե որքան է այն ծիծաղելի և անհեթեթ: Մտքի այդ ձևի կամ երևակայության օգնությամբ չի կարելի փոխել իրականությունը, կարելի է միայն ժամանակավոր մնալ այն պատրանքի մեջ, թե այդպես հնարավոր է փոխել ինքնազգացողությունը: Դիմակը միշտ էլ ժամանակավոր դրսևորում է: Իսկ Աստծո խաղաղությունը մշտական դրսևորում է:

Գիտե՞ք, թե որտեղ կարելի է գտնել շատ մարդկանց, ովքեր ոչ միայն լցրել են իրենց վրա դիմակներ, այլև սերտորեն ապրում են դրանցով. փայլուն ամսագրերում: Բայց մի՞թե դուք մտածում եք, թե այդ մարդիկ երջանիկ են: Նրանք վազում են վեր ու վեր՝ դեպի հաջողություն՝ ուրիշների աչքերով միայն, և երևի որոշակի ժամանակահատվածում նրանք իրոք երջանիկ են, բայց միայն կարճատև, որովհետև հետո գալիս է հիասթափությունը:

Դու մտածում ես, թե երջանիկ կլինես վաղը: Բայց վաղը դեռ գոյություն չունի: Երբ գա վաղը, դա միշտ էլ կլինի ՀԻՄԱ: Անցյալն արդեն չկա: Ապագան դեռ չկա: Մենք կարող ենք ապրել միայն ՀԻՄԱ: Մենք կարող ենք շփվել Աստծո հետ միայն ՀԻՄԱ: Մենք կարող ենք ստանալ օրհնություններ Հորից միայն ՀԻՄԱ:

Որտե՞ղ է, ուրեմն, մեր իսկական ես-ը: Մեր զգացմունքները չեն մեր ես-ը: Դրանք փոխվում են ամեն վայրկյան: Չի կարելի հենվել միայն զգացմունքների վրա, երբ խոսում ենք մեր իսկական ես-ի մասին՝ առանց դիմակի: Մեր մտքերը նույնպես փոփոխական են. այսօր դրանք այսպիսին են, վաղը՝ այնպիսին: Եվ նույնիսկ եթե մենք ընդհանրապես չմտածենք (վախի կամ ողջ ուժերի կենտրոնացման ժամանակ մենք դադարում ենք մտածել), արդյոք մեր ես-ը անհետանո՞ւմ է:

«Սրա համար կրկնում եմ իմ ծունկերը մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հոր առաջին, որից ամեն նահապետություն երկնքումը և երկրումս անուն է առնում, որ իր փառքի հարստության պես տա ձեզ, որ զորությամբ հաստատվեք իր Հոգու ձեռովը ներսի մարդումը։ Որ Քրիստոսը հավատքով բնակվի ձեր սրտերումը» (Եփեսացիս 3.14-17):

«Այլ սրտի ծածուկ մարդը հեզ և հանդարտ հոգու անեղծությամբը. որ դա Աստծո առաջին շատ թանկագին է» (Ա Պետրոս 3.4):

«Եվ նա, որ Տիրոջն է հարում՝ մեկ հոգի է նրա հետ» (Ա Կորնթացիս 6.17):

«Եվ ամենքին ասում էր, եթե մեկը կամենում է իմ ետևից գալ, թող իր անձն ուրանա և ամեն օր իր խաչն առնի և իմ ետևից գա» (Ղուկաս 9.23):

«Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, կպահպանի ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսումը» (Փիլիպպեցիս 4.7):

Մենք կարող ենք գտնել մեր ես-ը և միանալ Տիրոջ հետ, երբ լինենք լռության մեջ: Ինչպես երեխաները, ովքեր հանգստանում են իրենց հայրիկի գրկում, մենք նույնպես կարող ենք հանգիստ գտնել՝ մեր երկնային Հոր ուսին դնելով մեր գլուխը: Եվ այդ ժամանակ մենք կզգանք մեր արժանապատվությունը, որը հիմնված չէ մեր մասին սեփական պատկերացման վրա, այլ մեր հանդեպ Նրա սիրո վրա:

Փորձեք դադարել շատախոսել ինքներդ ձեզ հետ, նյարդայնանալ, այս ու այն անել: Պարզապես փորձեք լինել ԱՅՍՏԵՂ ու ՀԻՄԱ: Եվ այդ պահին, լռության մեջ, հանդիպեք Հոր հետ:

Մենք Տիրոջ հետ գտնվում ենք մեր հոգու տաճարում և լռության մեջ վայելում ենք միմյանց հետ շփումը:

Սիրահարվածները լռում են: Երեխան հոր ձեռքերում լռում է: Երբ մենք զգում ենք խորը վերապրումներ, այդ պահերին պարզապես չենք ուզում խոսել…

Պավել Լեվուշկան՝ լյութերական քահանա