Ավելի հեշտ է՝ թույլ չտալ արևին բարձրանալ, քան փրկագնվածներին պահել ստրկության մեջ. Չարլզ Սպերջեն

Եգիպտոսը հատուկ նշանակություն ունի Իսրայելի պատմության մեջ: Այն հաճախ դառնում էր ապաստան Իսրայելի ժողովրդի համար: Եգիպտոս էր ձգտում Աբրահամը, երբ իր պանդխտության երկրում սով էր: Այնտեղ է հայտնվում Հովսեփը և շնորհիվ դրա՝ փրկվում իր նախանձոտ եղբայրներից, իսկ մահից ազատվելով էլ՝ դառնում Իսրայելի տան հոգևոր հայրը: Ինչպես գիտենք, Եգիպտոս է տեղափոխվում Հակոբի ողջ ընտանիքը և այնտեղ բնակվում օտար ժողովրդի մեջ: Այնտեղ է Մովսեսը ստանում կրթությունը, որը հետագայում պետք է գալիս իրեն: Եգիպտական ընծաներից է պատրաստվում տապանակը, ասես Աստված ցանկանում էր ցույց տալ, որ մտադիր էր հեթանոսների ձեռքից ընդունել զոհաբերություն, որը կփառավորեր Իր անունը:

Բայց շուտով Եգիպտոսը իսրայելացիների համար դառնում է ստրկության տուն, երկիր, որը սպառնում է ընտրյալ ժողովրդի գոյությանը: Աստված հետապնդում էր հստակ նպատակ, երբ ժամանակավորապես իր ժողովրդին տեղափոխում էր Եգիպտոս. ընտանիքը պետք է դառնար միաբան ժողովուրդ: Այս ժողովրդին անհրաժեշտ էր ձեռք բերել բազում հմտություններ ու կարողություններ, որոնք նրանք չէին կարողանա սովորել՝ թափառելով Պաղեստինում: Դասերն այդ կարևոր էին, բայց ծանր տառապանքների գին ունեցան: Ժողովուրդը տառապում էր մտրակների անողորմ հարվածներից և ուժասպառ լինում անտանելի ծանր աշխատանքից: Իսրայելի հոգին երկաթե շղթաներով էր կապված, և դեպի երկինք էր բարձրանում բարձրաձայն ու ողբալի աղաղակը: Երբ այդ տանջանքներն անտանելի դարձան, այդժամ եկավ ազատագրման լուսաբացը. ծնվեց Մովսեսը:

Իսրայելի ժողովուրդը դուրս կանչվեց ստրկությունից, և նրանք դուրս եկան Աստծո կանչով:

Աստծո ժողովուրդը կարող է հայտնվել ճնշող հանգամանքներում, բայց այն երբեք ոչնչացված չի լինի: Աստծո բանակը կարող է անցնել կրակի միջով՝ կրակից վնասներ չկրելով: Աստված կենդանի սերմը անմահ է դարձնում, այն չի կարող մահանալ, որովհետև ծնված է Աստծուց: Մահվան երկրից, որտեղ ամեն շունչը տանջանք է, նրանք կկանչվեն հավիտենական ձայնով: Աստծուց ընտրվածները կարող են հալածված լինել, բայց երբեք ոչ վտարված: Նրանք կարող են ապրել մարդկանց մեջ, ովքեր նման են եգիպտացիներին՝ ծայրահեղ սնահավատ և այլասերված:

Մեղքով վարակված Եգիպտոսից Աստված կանչում է Իր ժողովրդին, որը Նա ստեղծում է Իր համար՝ Իր փառքը հայտնելու: Սնահավատությունը, որ տիրել էր ողջ ժողովրդին, չէր կարող հանգցնել Աստծո ընտանիքում աստվածային կյանքը: Այս կյանքի կայծը փայլելու է բոլոր փորձությունների վրա այնքան ժամանակ, քանի դեռ Աստված, Ով վառել է այդ կայծը, չբարձրացնի այն Իր բազուկով և դրանով չվառի ճրագը ճրագակալի վրա. «և նա լույս տա ամենին՝ որ տան մեջ են» (Մաթևոս 5.15):

Ավելի հեշտ է՝ թույլ չտալ արևին բարձրանալ, քան փրկագնվածներին պահել ստրկության մեջ. «Խրամատողը վեր է ելնում նրանց առաջին… նրանց թագավորը անց է կենում նրանց առաջին, և Տերն էլ նրանց պարագլուխ» (Միքիա 2.13): Ո՞վ այս դեպքում կարող է կանգնեցնել մարդկանց: Աստված նախկինի պես կանչում է նրանց: Եվ մինչև վերջին ընտրյալը չլինի կանչված, հնչելու է. «Եգիպտոսից կանչեցի իմ որդուն»:

Աստված, ցանկանալով պահել Իր ժողովրդին մեծ չարիքից, թույլ տվեց նրան՝ գնալ մի ճանապարհով, որը, թվում էր, հույսի ճանապարհ է, բայց ավելի ուշ պարզվեց, որ այն փորձությունների ճանապարհ էր: Տառապանքներն անկասկած նախընտրելի են մեղքից. այդ պատճառով Աստված կարող է վիշտ ուղարկել՝ պահելու մեզ անօրենությունից:

Սիրելի՛ ընկեր, Աստված, Ով տեսնում է քո սիրտը, գիտի, որ քեզ պարզապես անհրաժեշտ է անցնել փորձություններով, և այդ պատճառով դու հայտնվում ես հոգևոր Եգիպտոսում: Նա կարող է սով ուղարկել՝ բերելու քեզ այնտեղ, Նա կարող է թույլ տալ քո կյանքում աղետներ, այնպես, որ քո միտքը և քո հոգին լինեն տագնապած, և դու աղաղակես երկաթե շղթաների ծանրության տակ: Բայց դրա մասին մի մտածիր՝ ինչպես անբնական մի բանի, քանզի Աստծո ամբողջ ոսկին պետք է անցնի մաքրագործող կրակով:

Տառապանքը Աստծո ընտրյալ զավակների հատկանիշներից մեկն է: Տեր Հիսուս Քրիստոսն ասում է. «Ում ես սիրում եմ, նրան խրատում եմ»: Համաձայնիր, որ եթե դու ընտրյալներից մեկն ես, պետք է հայտնվես «Եգիպտոսում», քանզի Աստված ասել է Աբրահամին. «Ստույգ գիտենաս, որ քո սերունդը մի երկրում, որ իրենցը չէ, պանդուխտ կլինի, և ծառայություն կանեն, և նրանց չորս հարյուր տարի կչարչարեն» (Ծննդոց 15.13): Եթե հարկ լիներ ընտրյալների համար զինանշան ընտրել, ապա այդ զինանշանի վրա պետք է հայտնվեին կրակ, հնոց և այրվող ճրագ: Անգամ եթե աշխարհը ծառայում է քեզ համար՝ որպես ապաստան, այն շուտով կդառնա քեզ համար ստրկության տուն, և այդ ստրկության տունը դու կմտնես, քանզի տառապանքների ժամանակը քեզ կպատրաստի՝ ապրելու այն երկրում, որտեղ հոսում է կաթ և մեղր: