Ինչպիսի խավարի էլ բախվեք այս Սուրբ Ծնունդին…

Ինչպիսի խավարի էլ բախվեք այս Սուրբ Ծնունդին…Սուրբծննդյան տոները միշտ ինձ համար տարվա ամենասիրելի ժամանակն են եղել: Ես սիրել եմ նվիրել ու նվերներ ընդունել, երեկույթներ, առատ սեղաններ: Ես սիրել եմ մտորել Քրիստոսի ծնունդի մասին: Սիրել եմ արծաթագույն, զմրուխտյա և կարմիր վառ լույսերը: Եվ, խոստովանեմ, սիրել եմ Սուրբ Ծնունդին լավ ֆիլմեր դիտել:

Եվ այսպես, Սուրբ Ծնունդն ինձ լցրել է ջերմությամբ, ներքին խաղաղությամբ… մինչև այն սարսափելի տարին…

Մեկ տարի էր, ինչ ամուսնացած էի, երբ իմ կյանքում եղավ առաջին Սուրբ Ծնունդը, որն ինձ անխուսափելիորեն հիշեցնում էր իմ վշտի մասին: Այդ տարի ես բոլոր հիմքերն ունեի սպասելու, որ Սուրբ Ծնունդին մոտ օրերին արդեն իմ սովորական հագուստը փոքր էր լինելու ինձ վրա, չէ՞ որ իմ մեջ ապրում և զարգանում էր երեխա: Բայց դա չպատահեց: Այն ամենը, ինչ սպասում էի, այդպես էլ չկատարվեց:

Սուրբ Ծնունդից մի քանի շաբաթ առաջ երեխաս իմ մեջ դադարեց աճել: Դա ինձ բարոյապես սպանեց: Այդ տարի Սուրբ Ծնունդը, անկեղծ ասած, ուրախություն չէր ինձ համար. ներսումս կար միայն ցավ ու տրտմություն այն ամենի սպասումից, որ այդպես էլ չկատարվեց: Դա իմ վերջին տխուր Սուրբ Ծնունդը չէր, որովհետև Աստված մինչ այժմ էլ մեզ երեխա չի պարգևել:

Այն, ինչ մի ժամանակ ինձ համար ուրախ ընտանեկան ժամանց էր, վերածվեց անդադար հոգիս խայթող հիշողության այն մասին, որ ես այդպես էլ ինչ-որ բան չստացա, մի բան, որ աշխարհում ամենից շատ էի ցանկանում. ընտանիք՝ լցված ուրախ երեխաներով՝ իմ երեխաներով:

Սուրբ Ծնունդի մասին խոսելով՝ մենք միշտ ենթադրում ենք ուրախությամբ ու երջանկությամբ լի օրեր, և մարդկանց մեծամասնության համար այդպես էլ կա:

Այս տխուր դեպքերից հետո մեր կյանքում այս տոնը բերեց որքան ուրախություն, նույնքան էլ տխրություն: Այն դառնագին կորուստից հետո Սուրբ Ծնունդին մենք խառը զգացմունքներ ենք վերապրում: Բայց վստահ եմ՝ կան մարդիկ, ում համար ևս Սուրբ Ծնունդը կապված է նույնքան անտանելի տրտմության հետ:

Որոշ մարդկանց Սուրբ Ծնունդը հիշեցում է իրենց տխուր հանգամանքների մասին: Տոնական տրամադրությունը անցնում է պարզապես նրանց կողքով: Գուցե դուք էլ եք նրանց թվում: Գուցե առաջին անգամ է, որ տոնում եք Սուրբ Ծնունդը՝ առանց ձեր ամուսնու կամ ծնողների: Գուցե Սուրբ Ծնունդը միայն խստացնում է ձեր կարոտը սիրելի մարդու հանդեպ, ում դուք կորցրել եք: Գուցե դուք ձեզ միայնակ եք զգում, այնպես, որ տոները անտանելի շրջան են ձեզ համար: Եվ կան բազում այլ հանգամանքներ. սա կարելի է անվերջ շարունակել:

Ինչպիսի «խավարի» էլ բախվեք այս Սուրբ Ծնունդին, հիշեք մեկ կարևոր բան. չնայած բոլոր ուրախալի երգերին և ուրախ միջոցառումներին, այս տոնը հիշեցնում է մեզ մի կնոջ պատմություն. պատմություն փորձության մասին, որը մեզնից ոչ ոք երբեք չի վերապրել, որը իր համար էլ մի ժամանակ խավար էր, սակայն այդ խավարը լույս բերեց կործանվող աշխարհին:

Չնայած Սուրբ Ծնունդը ավետում է բարի լուր ողջ աշխարհի համար (Փրկչի գալուստը), այն նույնպես խաչելության «խավարն» է ավետում: Սիմեոնը, խոսելով Մարիամի հետ նրա Որդու ծնունդի նպատակի մասին, զգուշացնում է, որ նրա «անձովը սուր կանցնի» (Ղուկաս 2.35): Մարիամը կին էր, ում սիրտը քիչ էր մնում ուրախությունից դուրս ցատկեր իր արգանդում որդու ամենաչնչին շարժումից անգամ: Հիսուսը հասարակ որդի չէր, բայց Մարիամի համար նա միշտ մնում էր «իր որդին»:

Այն փաստը, որ Մարիամը Աստծո Որդու մայրն էր, չէր նշանակում, որ նա մայրության ցավալի իրականության հանդեպ անտարբեր էր: Ցավը, որ նա էր վերապրում, իսկապես տանջալի էր: Ոչ մի այլ կին այնքան ծանր լուծ չի տարել, ինչպես Մարիամը: Չնայած շատերն էին ուրախանում նրա Որդու ծնունդով, բայց նա անտանելի հոգեկան ապրումներ տարավ՝ տեսնելով, թե ինչպես է իր որդին մահանում խաչի վրա՝ մեր բոլորիս մեղքերի համար:

Մենք հակում ունենք կատարելագործելու Մարիամին՝ որպես «գերմարդկային» աստվածային անոթ, ով պատրաստ էր «հանգստությամբ անելու» ամենը, ինչ պահանջվում էր: Չնայած որ նա բարեպաշտ մի կին էր, միևնույնն է, մնում էր հասարակ մայր, ով սիրում էր իր որդուն:

Մեր մեղքերի փրկագնումը Մարիամի համար կոտրված մայրական սրտի արժեք ունեցավ: Երբ նա նայում էր մսուրում դրված իր փոքրիկ որդուն, լիովին չէր հասկանում, թե ինչ է իրեն սպասվում: Բայց Հայր Աստված գիտեր: Փրկչի ծնունդը բերելու էր գալիք վշտի խավարը:

Եվ այսպես, Մարիամը գուցե մինչև վերջ չէր էլ հասկանում, թե ինչի համար էր ուղարկված Հիսուսը, բայց Հայր Աստված գիտեր առջևում սպասվող անխուսափելի սուգի մասին, սակայն հրամայեց, որ դա լինի (Եսայի 53.10):

Մենք ունենք հրաշալի Հայր, Ով գիտի, թե ինչ է նշանակում կորուստի ցավ: Սուրբ Ծնունդի «խավարը», որի հետ մեզնից ոմանք բախվում են, օտար չէ Նրան: Նա մարդկային տառապանքներից առանձնացված չէ: Նա մոտ է մեզ մեր տառապանքներում, որովհետև գիտի մեզ կատարելապես և սուգի ձորում գնում է մեր կողքին: Նա նույնպես ճաշակել է այդ խորը ցավն ու կորուստը:

Երբ մեր սրտերը կոտրված են, և գալիք Սուրբ Ծնունդը մեզ բերում է միայն արցունքներ, հիշեք, որ կա հույս: Չնայած Մարիամի «անձովը սուր անցավ», այդ վիշտը հույս բերեց մեզ բոլորիս: Չնայած Որդի-Աստված անցավ Խաչի մահով, Նրա վերքերով մենք բժկվեցինք (Եսայի 53.5):

Ինչպիսի խավարի էլ բախվեք այս Սուրբ Ծնունդին, իմացեք, որ ձեր ճանապարհը վշտով չի վերջանում: Տրտմությունը կարող է ողջ կյանքում հետապնդել ձեզ: Մեզ գուցե թվում է, որ այն երբեք դիրքերը չի զիջելու: Այն կարող է սպառնալ հավասարակշռության, կայունության կորստով: Այդ ամենը իրականություն է: Բայց արցունքների միջից մենք կարող ենք հուսալ, որ մեկ օր Մանուկը, Ով դրված էր մսուրում, կսրբի մեր աչքերից ամեն արցունք և կտա հավիտենական ուրախություն, կտա օրհնությունների հեղեղ, որը երբեք չի վերջանա (Հայտնություն 21.4): Գալիք վշտի ամպը, որ իր շուքով ծածկել էր Բեթղեհեմյան մսուրը, չհաղթեց: Այն չի հաղթի մեզ նույնպես:

Քորթնի Ռեյսիգ