Ի՞նչ կարող է կույր մուրացկանը մեզ սովորեցնել աղոթքի մասին

Ի՞նչ կարող է կույր մուրացկանը մեզ սովորեցնել աղոթքի մասինՆա կույր էր ու մուրացկան: Նա հավանաբար ավելի վատ վիճակում էր, քան անտուն տղամարդը, ով դրսում նստած է հիմա՝ մուրացկանի ցուցանակով:

Նա ողորմություն էր հավաքում, որ կարողանար հաց հայթայթել:

Բայց եկավ մի օր, երբ նրա ականջին հասավ փողոցի աղմուկը, և կույր մարդն իմացավ, որ «Հիսուսն է անցնում»: Նա գիտեր, որ մի ամբողջ կյանք տևած իր անօգնական վիճակին հույսի հնարավորություն է վիճակվել:

Նա սկսեց աղաղակել, և դա հոգու խորքից հնչող աղաղակ էր. «Հիսո՛ւս, Դավթի՛ Որդի, ողորմի՜ր ինձ» (Ղուկաս 18.38): Եվ քանի որ ամբոխը չէր հասկանում, թե ինչ է նշանակում խավարի մեջ ապրելը, փորձում էր լռեցնել կույրին:

Բայց հակառակությունը չլռեցրեց նրա անհույս աղաղակը, և նա սկսեց ավելի բարձր աղաղակել:

«Դավթի՜ Որդի, ողորմի՜ր ինձ» (Ղուկաս 8.39):

Եվ ի զարմանս այդ մարդուն լռեցնել փորձողների՝ Հիսուսը կույրին մոտ կանչեց: Ավելին՝ հարցրեց. «Ի՞նչ ես կամենում, որ անեմ քեզ համար»:

Կույր ու ողորմություն խնդրող մարդ, ի՞նչ ես ցանկանում, որ տիեզերքի Աստվածը անի քեզ համար:

Բարդուղիմեոսը համարձակվում է հրաշք խնդրել. նա ցանկանում էր տեսնել:

Տեսողություն՝ նշանակում էր կյանքի, իրական կյանքի հնարավորություն իր համար: Վերջ այլևս մուրացկանությանը, վերջ խավարին:

Եվ Նրա խոսքով, ով առաջին անգամ ասաց. «Թող լույս լինի», մարդու աչքերը բացվեցին, ու առաջին մարդը, ում նա տեսավ, Հիսուսն էր: Նա երկրպագեց Հիսուսին:

Բարդուղիմեոսի պատմությունը պատմվում է ավելի քան 2000 տարի շարունակ մինչև հիմա:

Ես նույնպես եղել եմ Բարդուղիմեոս:

Արդյոք դու էլ եղե՞լ ես: Ծանո՞թ է քեզ նրա հուսահատությունը, գթություն աղերսող նրա աղաղակը, մոլեգնող ու քեզ լռեցնել ցանկացող ամբոխը: Դու նո՞ւյնպես ունեցել ես սահմանափակումներ, որոնք քեզ ստիպել են կողմնակի անձ զգալ:

Իմ թուլություններն ու տկարությունները ինձ ստիպել են աղաղակել դեպի Հիսուսը: Նա չի ամաչում իմ թուլություններից: Թուլությունը մի վայր է, որտեղ Նա հանդիպում է ինձ: Թուլությունը վայր է, որտեղ Նա փոխում է ինձ: Եթե ես չունեմ կարիքներ, տկարություններ, ուրեմն ես բաց եմ թողել Նրա հրաշքները:

Եվ Աստված կանգնած է իմ առջև՝ պատրաստ Իրեն ինձ ցույց տալու, գործելու իմ փոխարեն՝ մինչ ես սպասում եմ Իրեն:

Ճշմարտություն է, որ մենք՝ մարդիկս, այնքան էլ չենք սիրում մեկս մյուսի թուլությունները: Մեր թուլությունները թույլ չեն տալիս լրացնելու մեկս մյուսի սպասումները իրարից, և կա հիասթափություն:

Բայց հիշի՛ր, որ գուցե քո մեղմությունը ու գթասրտությունը մեկի թուլության հանդեպ լինի Հիսուսի բժշկարար հպումը նրան: Եվ կյանքը միայն մեր ու մարդկանց միջև չէ, այլ մարդու և Աստծո միջև: Նա հզոր գործեր է կատարում «վարագույրի հետևում», և մենք չենք տեսնում դա, մինչև Նա Ինքը չի փայլեցնում Իր լույսը և ասում. «Տե՛ս, թե ինչ եմ ես կատարել այսքան ժամանակ»:

Սպասի՛ր Տիրոջը: Բարդուղիմեոսը զուրկ էր տեսնելու ու արժանապատիվ կյանք ապրելու հնարավորությունից մինչև Հիսուսին տեսնելը, բայց Աստված հրաշք կատարեց, ինչը փոխեց նրա կյանքի պատմությունը:

Կոլին Չաո