Հարգիր քո թոռների հորն ու մորը

Աստվածավախ երեխաների ծնող լինելը աննկարագրելի օրհնություն է, որից գերազանց կարող է լինել միայն աստվածավախ թոռներ ունենալը: Տեսնել քո երեխաների երեխաներին հավատարմությամբ իրենց ընթացքն անցնելիս՝ Աստծո բարության, ողորմածության և հավատարմության վկայությունն է:

Որպես քրիստոնյա ծնողներ և պապ ու տատ՝ մենք առավելություն ունենք հետևելու խոսքերի իրականացմանը, որ Մովսեսը տալիս է իսրայելացիներին.

«Որպեսզի քո Եհովա Աստվածանից վախենաս և պահես նրա ամեն կանոններն ու պատվիրանքները, որ ես քեզ պատվիրում եմ՝ թե դու, թե քո որդին և թե քո որդիի որդին, քո կյանքի բոլոր օրերումը, որ քո օրերը երկար լինեն» (Բ Օրինաց 6.2):

Որպես տատիկներ՝ մենք պետք է անենք ավելին, քան պարզապես ուրախանանք մեր երեխաների և թոռների համար և գնենք նրանց համար Սուրբ Ծննդյան քաղցրավենիք: Մեր մեծագույն պարտքը Տիրոջից երկյուղ ունենալն է և հնազանդվելը Նրան մեր կյանքի ամեն օրվա մեջ: Մեր թոռները պետք է հիշեն մեզ՝ որպես հավատարիմ, Աստծուց երկյուղ ունեցող տատիկներ, և մեր ողջ սերն ու նվիրումը պետք է բխի մեր թոռների համար նյութական և հոգևոր օրհնությունների աղբյուր լինելու փափագից: Բնական է ու ակնհայտ, որ մենք պետք է ակնկալենք ունենալու ակտիվ դեր՝ մեր հավատքը նրանց փոխանցելու մեջ:

Ձեր թոռների հոգևոր հարստությունը

Տիմոթեոսի տատիկը հստակորեն ուներ դերակատարություն թոռանը իր հավատքը փոխանցելու մեջ: Այլապես ինչո՞ւ պետք է Պողոսը հիշատակեր նրան, ինչպես նաև Տիմոթեոսի մորը՝ վերջինիս ուղղված իր երկրորդ նամակում:

«Միտքս բերելով այն անկեղծ հավատքը, որ քեզանում է. որ առաջ քո Լոիդա տատումը և քո Եվնիկե մորումը բնակվեցավ, համոզված եմ՝ որ քեզանում էլ» (Բ Տիմոթեոս 1.5):

Պարզ է, որ Տիմոթեոսի տատը տպավորել էր Պողոսին՝ որպես ճշմարիտ հավատք ունեցող կին: Նա վճռական կին էր: Եվ չնայած մեր սեփական կյանքը մեծապես տարբերվում է այս առաջին դարի հրեա կանանցից, հստակ է, որ մենք կարող ենք լինել հոգևոր հարստության աղբյուր մեր թոռների համար՝ մեր սեփական սերնդում:

Ունենալով 17 թոռ՝ սկսած երկու տարեկանից մինչև 19-ը, սա մի բան է, որի մասին ես մտածել եմ բավականին ժամանակ: Եվ չնայած ձեր տնային տնտեսությունը տարբերվում է իմից, ես հույս ունեմ, որ դեռևս կարող եմ առաջարկել ձեզ մի քանի բան:

Մի կանգնեք նրանց ճանապարհին

Թոռներով հեշտ է հիանալ: Կա՞ արդյոք մի բան նորածին թոռների մեջ, որ տատիկներին չի տպավորել կամ չի լցրել հիացմունքով ու ուրախությամբ: Կարծում եմ՝ թոռներին սիրելը ամենահեշտ մասն է: Սա բնական է ու լիառատ: Այնքան շատ է, որ երբեմն պետք է զսպենք ինքներս մեզ: Սա առաջին մասն է: Թույլ մի տվեք, որ թոռների հանդեպ ձեր սերը կանխի հոգևոր աճը: Ինչպե՞ս սա կարող է պատահել:

Երբ իմ փեսան տարավ մեր առաջին թոռանը միջանցք՝ նրան այդ պահին անհրաժեշտ դաստիարակությունը տալու համար, ներսումս պտտվում էին տարբեր պատրվակներ, թե ինչու է իմ թոռը իրեն վատ պահել:

Բայց հիշում եմ շրջադարձային այն պահը, երբ փոխարենը տխրելու, որ սա պատահեց, ես նման մի բան ասացի. «Օրհնում եմ քեզ, Բե՛ն: Ես ցանկանում եմ աստվածավախ ու երջանիկ թոռներ ունենալ»: Եվ իմ առաջին թոռը մեծացավ՝ դառնալով հրաշալի մի երիտասարդ: Փառք Տիրոջը:

Պատվեք նրանց հորն ու մորը

Չնայած մենք ցանկանում ենք լինել անհրաժեշտ օգնություն՝ մեր թոռների աշակերտության հարցում, մենք չպետք է ջանանք նրանց կյանքում կատարել ծնողին պատկանող աշխատանքը: Տատիկները օգնություն պետք է լինեն, ոչ թե արգելք, ոչ էլ արտաքին միջամտություն: Աստված կանչել է ծնողներին՝ մեծացնելու իրենց սեփական երեխաներին Տիրոջ մեջ, և մեր դերը՝ որպես տատիկներ, նրանց բոլոր ջանքերում աջակցություն լինելն է: Անգամ (և հատկապես) երբ մենք գուցե չենք համաձայնում նրանց հետ, թե ինչպես են նրանք դա անում:

Հիշեք՝ ձեր երեխան անջատվել է ձեզնից ու հարել ամուսնուն: Դուք արդեն ունեցել եք հնարավորություն՝ մեծացնելու նրանց, օգնելու՝ դառնալ հավատարիմ քրիստոնյաներ: Հիմա ձեր գործն է՝ նրանց քաջալերելը. այլևս դա ուսուցումը չէ: Եթե լավ հարաբերություններ ունեք ձեր տարիքն առած երեխաների հետ, նրանք կընդունեն ձեր ներդրումը: Բայց միշտ ավելի լավ է, երբ սպասում ենք, որ իրենք դիմեն:

Տարիներ շարունակ ես ստիպված եմ եղել խորհուրդներ տալ երիտասարդ մայրերին, ովքեր դժվարություններ ունեին իրենց մայրերի և սկեսուրների հետ: Ես կասեի, որ նրանց հիմնական խնդիրները քննադատությունն ու միջամտությունն էին:

Օրինակ, ծնողները չեն ցանկանում, որ երեխան ունենա որոշակի կարգի խաղալիք, բայց տատիկները գնում են այն երեխայի համար: Կամ պապն ու տատը չափազանց շատ բան են գնում երեխաների համար: Կամ նրանք քննադատում են այն, թե ինչպես են ծնողները կատարում իրենց դերը: Այս ողջ քննադատությունն ու միջամտությունը կվանի ձեր երեխաներին ձեզնից: Դուք կարող եք այլ կարծիք ունենալ՝ չպատմելով նրանց այդ մասին:

Ավելի արդյունավետ կլինի, եթե դուք դա Աստծուն ասեք, և Նա ցույց կտա ձեզ, թե որտեղ է ձեր սխալը կամ կտա ժուժկալություն՝ զսպելու ինքներդ ձեզ: Հիշեք՝ ինչպես էիք ձեզ զգում որպես երիտասարդ մայր: Արդյոք հաճելի՞ էր ձեզ ծնողների կողմից քննադատություն ստանալը: Կասկածում եմ:

Բացեք տան դռները և անդադար աղոթք արեք

Թող ձեր տունը հյուրընկալ վայր լինի ձեր ամուսնացած երեխաների և թոռների համար: Մի ընդունեք նրանց կանոնների մի ցուցակով:

Իմ գեղեցիկ հյուրասենյակի սեղանը ունի բազում խազեր և թերություններ: Բայց դա ստիպում է ինձ ժպտալ, երբ ես մտածում եմ այն բոլոր ուրախ ժամերի մասին, որ ունեցել ենք այդ սեղանի շուրջ: Սեղանի մի անկյունում փորագրված մի ժպտացող դեմք կա: Անգամ չեմ ցանկանում իմանալ, թե թոռներիցս որ մեկն է դա արել: Բայց այն ինձ ուրախություն է պատճառում: Ես գնահատում եմ սեղանիս մի անկյունում արված արվեստի այդ փոքրիկ գործը:

Եվ վերջում, աղոթեք ձեր թոռների համար, օգտագործեք ամեն հնարավորություն՝ քաջալերելու ու օրհնելու նրանց Քրիստոսի մեջ: Ձեր գործերը ավելի բարձր են խոսում, քան խոսքերը:

«Բայց Տիրոջ ողորմությունը հավիտենից մինչև հավիտյանս իրենից վախեցողների վրա է, և նրա արդարությունը՝ որդկանց որդիների վրա» (Սաղմոս 103.17):

Նենսի Ուիլսոն