Այդ սարսափելի բառը՝ «ապահարզան»

Այդ սարսափելի բառը՝ «ապահարզան»Ապահարզանն իր հետ բերում է մի շարք անլուծելի հարցեր՝ մի՞թե այս ամենն ինձ հետ է կատարվում, ինչպե՞ս ասել երեխաներին, ի՞նչ միջոցներով շարունակել ապրել, ինչպե՞ս դաստիարակել երեխաներին…

Բաժանվող զույգը երկար ու բարդ ճանապարհ է անցնում՝ կապված ամուսնալուծության գործընթացի, գույքի, սեփականությունը կիսելու,  ինչպես նաև բոլորին բացատրություն տալու հետ, թե ինչու է այսօր մենակ և այլն:

Դավաճանություն: Սա  բաժանությունների հիմնական և գլխավոր պատճառն է:

Աստվածաշնչում դավաճանությունը շնություն (անհավատարմություն) է անվանվում, որ նշանակում է «հատել սերը»: Այդ պատճառով Աստված ասում է. «Ինչ որ Աստված միավորեց՝ թող որ մարդը չբաժանի» (Մարկ. 10.9):

Ամուսնության մասին Աստծո օրենքը տրված է բոլոր մարդկանց: Երբ այն խախտվում է, շատ լուրջ հետևանքների կարող է հանգեցնել: Պետք չէ մտածել, որ ապահարզանը կարող է լուծել խնդիրները: Խոցված մարդիկ իրենց խնդիրներն ու վերքերը տանում են նոր ընտանիքներ, ինչի արդյունքում՝ 4-ն են  դժբախտանում:

Եթե նույնիսկ դավաճանության փաստն անհերքելի է, պետք է ամեն ինչ անել ընտանիքը պահպանելու համար: Եթե ամուսիններից գոնե մեկը ցանկանում է պահպանել ընտանիքը,  Աստծո օգնությամբ դա նրան կհաջողվի: Աստված ընտանիքի կողմնակիցն է, և Նա կօգնի ներել, կտա իմաստություն դժվարին իրավիճակներից դուրս գալու համար: Կարևորը աղոթքների մեջ այդ մասին Աստծուն խնդրելն է, քանի որ գրված է. «Բայց եթե մեկը ձեզանից իմաստության պակասություն ունի, թող խնդրի Աստծուց, որ ամենքին տալիս է առատությամբ և չի խնայում, և կտրվի նրան» (Հակոբ. 1.5):

Երջանիկ ընտանիք ունենալ հնարավոր է այն դեպքում, երբ ամուսնությունը կայանում է Աստծո մեջ՝ այսինքն ամուսնանալ մեկի հետ, ով ճանաչում է հոգևոր օրենքները և հետևում է Աստծո Խոսքին: Քրիստոնեական ընտանիքի գաղտնիքն այն է, որ միության մեջ են մտնում ոչ միայն ամուսինն ու կինը, այլև նրանց է միանում նաև Քրիստոս. Նա ապրում է նրանց սրտերում և  ուղղորդում ճշմարիտ ճանապարհներով: Դրա համար գրված է. «Եվ երբ երկուսը միասին քնեն, կտաքանան. բայց մեկը ինչպե՞ս կտաքանա: Եվ եթե մեկը նրան բռնություն անի, երկուսը նրա դեմ կկանգնեն. երեքտակ թելը շուտ չի կտրվի» (Ժող. 4.11,12): Երրորդ թելը Քրիստոս է:

Եվ ահա, թե ինչ է ասում Աստվածաշունչը սիրո մասին. «Սերը երկայնամիտ է, քաղցր է. սերը չի նախանձում, չի գոռոզանում, չի հպարտանում: Չի լրբանում, իրենը չի որոնում, չի գրգռվում, չարը չի մտածում. անիրավության վրա չի ուրախանում, բայց ուրախանում է ճշմարտությունից: Ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, ամեն բանի համար հույս ունի, ամեն բանի համբերում է: Սերը երբեք չի վերջանա» (1 Կորթ. 13. 4-8):

Սերը երբեք չի վերջանա. այն հավերժական է, քանի որ նրա աղբյուրը Հավիտենության Աստված է: Միշտ հիշիր, որ ապահարզանը խնդիրների լուծում չէ, պետք է հնարավոր և անհնարին ամեն ջանք գործադրել՝ ցանկացած ընտանեկան խնդիր հարթելու և հաղթահարելու մինչ այն կհասնի ապահարզանին:

Ելենա Ռիչ