Միայնության ամենախորը աղբյուրը. Ջոշ Մաք-Դաուել

Մենք ապրում ենք մի դարաշրջանում, որին բնորոշ են մեկուսացումը, դատարկությունն ու վիրավորվածությունը: Կա հիմնական երկու պատճառ միայնակության համար, որ շատերն այսօր զգում են՝ տեխնիկան և անհայրությունը:

Մեր ժամանակշրջանը ականատես է եղել տեխնիկական աննախադեպ առաջընթացների, որոնք մեծապես օգտակար են եղել մեր աշխարհին: Սակայն, ցավոք, այդ նույն հայտնագործությունները պատճառ են դարձել միայնության՝ կտրելով մարդկանց Աստծուց և միմյանցից:

Մարդիկ շատ ավելի ժամանակ են անցկացնում իրենց համակարգիչների հետ, երաժշտություն լսելով, տեսախաղեր խաղալով և համացանցում «շրջագայելով», քան միմյանց հետ առերես մտերմություն անելով:

Միայնության ամենախոր աղբյուրը, սակայն, տեխնոլոգիական առաջընթացները չեն, այլ՝ անհայրությունը: Աշխարհի մեծագույն խնդիրներն ահաբեկչության սպառնալիքը, անսանձ բռնությունը կամ համաշխարհային աղքատությունը չեն: Մեծագույն խնդիրը, որին այսօր աշխարհը բախվում է, իրենց երեխաների կյանքի մեջ ներգրավված հայրերի պակասն է: Անհայր կամ անտարբեր հայրեր ունեցող երեխաները մեծանում են առանց խոր, տարածուն սիրո, որի կարիքն ունի ամեն մարդ:

Կան Աստվածաշնչյան մոտ 170 օրինակներ Աստծո հայրության մասին, որ Նա սիրող Հայր է՝ ջանասիրաբար հետաքրքրված Իր զավակների կյանքով: Աստծո հետ փոխհարաբերությունը կարող է լցնել անտարբեր հոր պատճառով առաջացած դատարկությունը: Սակայն միակ ճանապարհը, որով նրանք կարող են վայելել Աստծո հայրական սերը, եկեղեցին է, որը կարող է այդ սերը նրանց փոխանցել հաղորդակցության միջոցով:

Այդ սերը երիտասարդներին փոխանցելու արդյունավետ միջոցներից է մեր տները բաց և հյուրասեր վայր դարձնելը, որտեղ երեխաները կարող են ժամանակ անցկացնել: Սա մի հզոր ձև է խորտակված ընտանիքների երեխաների համար՝ տեսնելու աստվածաշնչյան փոխհարաբերությունները գործնականի վերածված, ինչպես նաև սիրով լի ուղղորդում ընդունելու: