Հավատքի գործեր, սիրո աշխատանք և հույսի համբերություն

Հավատքի գործեր, սիրո աշխատանք և հույսի համբերություն«Եվ անդադար հիշում ենք ձեր հավատքի գործը և սիրո աշխատանքը, և մեր Տեր Հիսուս Քրիստոսի հույսի համբերությունը Աստծո և մեր Հոր առաջին» (Ա Թեսաղոնիկեցիս 1.3):

Հավատքի գործեր, սիրո աշխատանք և հույսի համբերություն՝ ահա քրիստոնյայի կյանքի ամենահիշարժան և հատուկ ուշադրության արժանի որակները: Եկե՛ք մի պահ քննենք ինքներս մեր ապրած քրիստոնեական կյանքը: Ինչպիսի՞ն են մեր գործերն ու արարքները: Արդյոք դրանց հիմքում հավա՞տքն է՝ հոգևոր արժեքներն ու երկնայինի հանդեպ փափագը, թե՞ անհավատությունն ու մարմնավորի և նյութականի գերին լինելու իրողությունը:

Այսօր եկե՛ք քննենք մեր քրիստոնեական ծառայությունը: Արդյոք մեր ծառայության միակ շարժառիթը մեր Տեր Աստծո, Նրա Եկեղեցու և Նրա կողմից շատ սիրված մարդկանց հանդեպ մեր ունեցած սե՞րն է, թե՞ նաև մարդկանց աչքին հոգևոր ու բարձր երևալը, անունը, փառքը պատիվը կամ մարդու ես-ը սնուցող ու մեծարող մեկ այլ երեւույթ:

Եկեք այսօր քննենք նաև մեր համբերությունը: Ինչպե՞ս ենք մենք արձագանքում մեր կյանք այցելած դժվարություններին, անարդարություններին, հիասթափություններին, մարդկանց հակազդեցություններին ու դավաճանություններին: Արդյոք ունե՞նք մեր Տեր Հիսուս Քրիստոսի հույսի համբերությունը, թե՞ չարը ամեն անգամ կարողանում է մեզ հեշտությամբ մատնել անհուսության և գողանալ մեզնից մեր հույսի ապահովությունը:

Եկե՛ք այսօր քննենք մեր անձերը, ապաշխարենք, լցվենք հավատքով, հույսով ու սիրով և ապրենք իրական ու հաղթական քրիստոնեական կյանքով՝ լի հիշարժան գործերով ու որակներով:

Տեր Հիսուսի անունով հավատքի գործեր, սիրո աշխատանք և հույսի համբերություն եմ հռչակում այս գրառումը ընթերցողների ու տարածողների կյանքում: Եղեք օրհնված:

Արման Մանուկյան