3 առաջնորդական դաս Մովսեսից

Թվոց 11.23-30-ում կա մի հետաքրքիր պատմություն, որը ուսուցողական է ցանկացած հոգևոր առաջնորդի համար նաև այսօր: Մովսեսը ճգնաժամ է վերապրում իսրայելացիների հետ հարաբերություններում, ովքեր թափառում են անապատում իր առաջնորդության ներքո: Հիմնական խնդիրը կերակուրի պակասն էր: Աստված ասում է Մովսեսին. «Մի՞թե կարճ է Եհովայի ձեռքը. հիմա կտեսնես, թե քեզ ասածիս պես կլինի՞, թե ոչ»:

Բայց առաջինը, ինչ կատարվում է ամպի հայտնվելուց առաջ, աղոթքի հավաքույթն էր: Յոթանասուն ծերեր կանգնում են խորանի շուրջը, որը խորհրդանիշն է Աստծո և Սուրբ Հոգու ներկայության, որը Մովսեսի միջոցով հանգչում է նրանց վրա, որպեսզի նրանք «մարգարեանան»:

Երկու ծերեր՝ Էլդադն ու Մովդադը, բոլորի հետ չէին այն պահին, երբ Հոգին հանգչում է նրանց վրա, բայց նրանք նույնպես այդ ժամանակ մարգարեանում են: Երբ այս մասին իմանում է Մովսեսի օգնական Հեսուն, Մովսեսն ասում է. «Ի՞նձ համար ես նախանձում. երանի՜ թե Եհովայի բոլոր ժողովուրդը մարգարեներ լինեին, և Եհովան իր Հոգին նրանց վրա դներ» (29):

Ի՞նչ է մեզ սովորեցնում այս պատմությունը

Առաջինը. սա ցույց է տալիս մեզ, որ Աստված գերիշխան է:

Նա ընտրել էր Մովսեսին՝ աշխատելու նրա միջոցով, միևնույն ժամանակ, Մովսեսի կարիքը չունենալով՝ Նա կարող էր ցանկացած մեկին օգտագործել: Առաջնորդները, ովքեր երևակայում են, թե իրենք անհրաժեշտ են Աստծո աշխատանքի բարգավաճման և առաջխաղացման համար, թերագնահատում են Նրան: Աստված կարող է ցանկացած մեկին օգտագործել:

Երկրորդ. սա ցույց է տալիս, որ առաջնորդները պաշտպանության կարիք չունեն:

Հեսուն ցանկանում էր պաշտպանել Մովսեսին տարբեր պատճառներով: Որոշ առաջնորդներ հավաքում են մի խումբ կողմնակիցներ և զարգացնում անձի անառողջ պաշտամունք: Սա կարող է մեծ վնաս պատճառել եկեղեցուն և անձնապես իրենց: Այդ ամենը անառողջ զգացում է սեփական կարևորության հանդեպ:

Երրորդ. սա բացահայտում է այն, թե ինչպիսին է իրական առաջնորդությունը:

Մովսեսը վտանգ չէր զգում, որովհետև Աստված օրհնում է բոլորին: Նա ուրախ էր լինել այդ օրհնվածներից մեկը, ոչ թե միակն ու անկրկնելին: Նա ցանկանում էր լավագույնը իր ժողովրդի համար և չէր անհանգստանում իր կարգավիճակի մասին: Լավագույն առաջնորդները նրանք են, ովքեր ուրախ են, երբ այլ մարդիկ հոգևորապես գերազանցում են իրենց, որովհետև դրանով Աստված է փառավորվում:

Մարկ Վուդս