Հիսուսը հայտնվել է մահմեդական մի ուսանողուհու, ինչից հետո նրա կյանքը փոխվել է

Ծագումով իրանցի Նիկի Թայեբյանը, ով քոլեջի ուսանողուհի է և հիմա ապրում է Կալիֆորնիայում, պատմում է, թե ինչպես Հիսուսի հետ հանդիպումը փոխել է իր կյանքը:

2016թ-ի ամառային արձակուրդներին նա այցելում է իր ընտանիքին՝ Թեհրան: 7 տարեկանից Նիկին ապրում էր Կալիֆորնիայում:

Եվ ահա, թե ինչ է պատմում հենց ինքը՝ Նիկին.

«Ես պառկած էի սառը սենյակում մեր տանը: Հատուկ էի առանձնացել բոլորից:  Մեկուսացումը ինձ համար միակ մխիթարությունն էր, երբ խուճապն ու անհանգստությունը տիրում էին ինձ, որովհետև սեփական անձիս հանդեպ անարգանքը և տրտմությունը հաղթահարելն իմ ուժերից վեր էր: Ես չէի կարողանում ինքս իմ մեջ ուժ գտնել՝ կանգնելու ու խոսելու ընտանիքիս անդամների հետ: Ես ավելի քան մեկ տարի չէի տեսել նրանց, բայց, չգիտես ինչու, ոչինչ անել չէի ցանկանում և չէի էլ կարող: Զգում էի՝ ասես շնչել էլ չէի կարող:

Ես արտասվում էի փակ վարագույրների հետևում: Հիշում եմ, թե ինչպես ասացի. «Ես այլևս չեմ կարող այսպես»: Չէի կարողանում տանել իմ սեփական էմոցիոնալ ցավը: Ինքնասպանությունը միակ լուծումն էր դառնում ինձ համար:

Երբ փակեցի աչքերս մի պահ, մի կերպարանք տեսա: Հետո աչքերս բացվեցին, և ես հարցրի ինքս ինձ. «Մի՞թե ես տեսա ինչ-որ բան»: Նորից արագորեն փակեցի աչքերս: Իմ առջև մթության մեջ Հիսուսն էր կանգնած: Ես լսեցի, թե ինչպես նա արտաբերեց հետևյալ խոսքերը. «Ե՛կ Իմ հետևից»:

Հիմա չեմ հիշում Նրա երեսը, միայն հեռավոր ասես հիշողություն է մնացել, բայց հիշում եմ Նրա դեմքի արտահայտությունը: Այն ասում էր ինձ. «Ես եմ ճշմարտությունը»: Նրա հայացքի մեջ զորություն ու խաղաղություն կար: Ես հիշում եմ գույները, որով լուսավորում էր Իր շուրջը: Նա այդ Իր կերպարանքով և ուղերձով ինձ շատ բան ասաց: Եվ կրկին դա հետևյալն էր. «Եկ Իմ հետևից»:

Մարմինս շփոթության մեջ ասես անշարժացավ: Ես անգամ պատկերացնել չէի կարող, որ Հիսուսը կարող է հայտնվել ինձ: Տեսիլքն այդ ինձ բերեց խաղաղություն ու հանգստություն, այն ասես հաճելի ընդմիջում լիներ այն ցավի ու խուճապի մեջ, որոնք վերապրում էի»:

Երբ տեսիլքն անհետանում է, աղջիկը արագորեն վերցնում է բջջայինը և Գուգլում փնտրում է «Հիսուս» անունը: Դա սկիզբն էր նրա քրիստոնեական որոնումների: Նրա մոտ հարցեր են առաջանում քրիստոնեական հավատքի և այն կրոնական համակարգի մասին, որում ինքը մեծացել էր, բայց որին չէր վստահում և համարում էր, որ դա կեղծիք է: Նիկին մեծացել էր մահմեդական ընտանիքում, որտեղ նրան սովորեցրել էին, թե քրիստոնեությունը ճշմարիտ կրոն չէ, և որ դրա հետևորդները երկրպագում են «կեղծ» Աստծո: Բայց այս տեսիլքը փոխում է ամեն բան:

«Երբ վերադարձա Հարավային Կալիֆորնիա՝ սկսվեցին իմ որոնումները: Ի ուրախություն ինձ՝ ծանոթացա մի տղայի հետ, ով ինձ տարավ եկեղեցի և ծանոթացրեց լիովին նոր ընտանիքի հետ: Այդ տարվա փետրվարին ես ընդունեցի ջրի մկրտություն: Հիմա ես պարբերաբար եկեղեցի եմ հաճախում: Քայլում եմ շնորհի ու ապավինության մեջ և այլևս չեմ տառապում ինքնասպանության մասին մտորումներից, խույս չեմ տալիս հասարակությունից: Եվ այս ամենն այն բանի շնորհիվ, որ Հիսուսն ինձ պարգևեց Իր սերը, Նրա շնորհը ծածկել է իմ բոլոր մեղքերը, որոնք խանգարում էին Աստծո հետ իմ փոխհարաբերություններին:

Իմ ընտանիքը չի ընդունում իմ հավատքը: Բայց ես հասկացել եմ, որ ոչ մի մարդ երկրի վրա չի կարող ինձ ստիպել հրաժարվելու իմ հավատքից:

Ես բժշկված ու սիրված եմ Հիսուսի կողմից: Նրա հետ միասին ես կարող եմ անցնել ամեն տեսակ փորձություններ և դառնալ ավելի ուժեղ ու իմաստուն: Իմ պատմությունը ցույց է տալիս, որ ցանկացած մեկը կարող է փրկվել մահվան շուքի ձորից Նրա ցնցող շնորհով:

Հիմա ես ավելի շատ պատմություններ եմ լսում այն մասին, որ Հիսուսը հայտնվում է տարբեր մարդկանց Մերձավոր Արևելքում: Կարող եմ վստահությամբ ասել, որ այդ պատմությունները ճշմարիտ են: Ես դրա կենդանի վկայությունն եմ»:

Աղբյուր՝ gcshelp.org