Երբ դուռը բացեն, ասա՝ «Հովհաննես 3.16»

Չիկագոյում մի ցուրտ գիշեր ուժեղ մրրիկ էր: Փոքրիկ տղան փողոցի անկյունում թերթեր էր վաճառում, մարդիկ, սակայն, բոլորը տուն շտապելով, չէին նկատում նրան: Փոքրիկ տղան այնքան էր մրսել, որ արդեն չէր էլ փորձում շատ թերթեր վաճառել:

Նա մոտենում է փողոցում կանգնած մի ոստիկանի և ասում. «Պարո՛ն, չգիտե՞ք, թե որտեղ աղքատ տղան կարող է տաք մի վայր գտնել ու գիշերել: Տեսնո՞ւմ եք՝ ես քնում եմ այս արկղի մեջ փողոցում, և գիշերը այնտեղ սարսափելի ցուրտ է»:

Ոստիկանը նայում է փոքրիկ տղային և ասում. «Գնա այս փողոցով դեպի այն սպիտակ տունը և դուռը թակիր: Երբ քո առջև բացեն, պարզապես ասա՝ «Հովհաննես 3.16», և քեզ ներս կթողնեն»:

Տղան այդպես էլ անում է. մոտենում է տանը, թակում, և դուռը բացում է մի կին: Նա աչքերը բարձրացնում ու ասում է. «Հովհաննես 3.16»:

Կինը սիրով տղային ներս է թողնում:

Նրան տանում ու նստեցնում է մի մեծ բուխարու մոտ ու հեռանում: Մի որոշ ժամանակ տղան նստած՝ մտածում է. «Հովհաննես 3.16… չգիտեմ, թե սա ինչ է նշանակում, բայց այն ինձ հնարավորություն տվեց տաքանալու»:

Ավելի ուշ կինը վերադառնում է ու հարցնում. «Տղա՛ս, դու սովա՞ծ ես»:

«Դե՛, մի փոքր, երկու օր հաց չեմ կերել»:

Կինը ուղեկցում է տղային խոհանոց ու նստեցնում մի սեղանի շուրջ, որը լի էր զանազան համեղ կերակուրներով: Տղան իր ուզածի չափ ուտում է ու հետո ինքն իրեն մտածում. «Չգիտեմ, թե ինչ են այս խոսքերը նշանակում, բայց դրանք սոված տղային կերակրեցին»:

Հետո կինը տղային մի մեծ բաղնիք է ուղեկցում, որ լի էր տաք ջրով: Երեխան երբեք նման հարմարավետ վայրում չէր լողացել: «Հովհաննես 3.16… չգիտեմ, թե ինչ են այս խոսքերը նշանակում, բայց համոզված եմ, որ այն կեղտոտ տղային մաքուր դարձրեցին»:

Հետո կինը տանում է նրան մի տաք սենյակ ու պառկեցնում հարմարավետ անկողնում, ծածկում տաք վերմակով ու համբուրելով՝ բարի գիշեր մաղթում: Երբ տղան մթության մեջ պառկած էր ու պատուհանից նայում էր ձյան մեղմորեն թափվող փաթիլներին, նրա մտքում շարունակում էր պտտվել Հովհաննես 3.16-ը. «Չեմ հասկանում, թե այս խոսքերը ինչ են նշանակում, բայց համոզված եմ, որ նրանք հոգնածին հանգստացնում են»:

Հաջորդ առավոտյան կինը վիրադառնում է, նորից տղային տանում այն սեղանի մոտ, որ լի էր համեղ կերակուրներով: Երբ ուտելուց հետո նրանք նստում են բուխարու մոտ, կինը հետաքրքրական հայացքով նրան է նայում ու հարցնում. «Դու հասկանո՞ւմ ես, թե ինչ է նշանակում՝ Հովհաննես 3.16»:

Նա ասում է. «Ո՛չ, տիկի՛ն, ես չգիտեմ: Առաջին անգամ, երբ երբևէ լսել էի այդ մասին՝ նախորդ գիշեր էր, երբ ոստիկանն ինձ ասաց այդ խոսքերը»:

Կինը բացում է իր ձեռքի Աստվածաշունչը, կարդում Հովհաննես 3.16-ը և սկսում տղային պատմել Հիսուսի մասին: Հենց այս բուխարու առջև նստած էլ տղան իր սիրտն ու կյանքը Քրիստոսին է նվիրում ու մտքում ասում. «Հիմա համոզված եմ, որ կորած տղան գտնված է այս խոսքերով»:

Գիտե՛ք, ինչպես այս տղան, ես էլ չեմ հասկանում, թե ինչպես Աստված կարող էր Իր Որդուն ուղարկել այս աշխարհ՝ մահանալու, և ինչպես Քրիստոսը համաձայնեց անել դա: Ես էլ չեմ հասկանում, բայց համոզված եմ, որ կյանքն արժե ապրել այդ պատճառով:

Հենց այս խոսքերում է Սուրբ Ծնունդի ճշմարիտ ուղերձը. Հայրը, Ով ուղարկեց Որդուն, որ ամեն Նրան հավատացողը չկորչի, այլ ինչպես այս տղան՝ գտնի տուն, ջերմություն, խաղաղություն:

«Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհքը, որ իր միածին Որդուն տվեց, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանքն ունենա:

Որովհետև Աստված իր Որդուն չուղարկեց աշխարհքը, որ աշխարհքին դատի, այլ որ աշխարհքը նրանով փրկվի»:

Աղբյուր՝ bible-facts.ru