Եգիպտոսից դեպի խոստացված երկիր

Եգիպտոսից դեպի խոստացված երկիր

Մեզնից յուրաքանչյուրն էլ մինչ Քրիստոսին հանդիպելն ապրում է իր «Եգիպտոսում»՝ գերի լինելով մեղքին և սովոր այդ կյանքին։ Բայց Աստծո նպատակը մեզ մեր «խոստացված երկիրը» հասցնելն է։

Հիշի՛ր իսրայելացիներին։ Առաջին իսկ դժվարության ժամանակ պատրաստ էին նահանջել ու վերադառնալ ստրկության լծի տակ, մոռանալ և ուրանալ Աստծուն։ Ու միայն հավատարիմները ժառանգեցին «կաթ ու մեղրի» երկիրը։

Չգիտեմ` հիմա քո կյանքի «եգիպտոսում» ես, թե անապատն ես անցնում, իսկ գուցե մոտենում ես Տիրոջ խոստումը ժառանգելուն, միևնույն է, հավատարիմ, հնազանդ ու խոնարհ եղիր Տիրոջ առաջ։ Հանձնիր ամբողջ կյանքդ և ընթացքդ Բարձրյալին և մարդկային մեղավոր ու եսակենտրոն հայացքը փոխիր՝ աստվածակենտրոն հայացքով։ Փոխիր քո մարդկային՝ Աստծուն հակառակվող բնույթը և, ի վերջո, հասկացի՛ր ՆԱ ՔՈ ՍԻՐՈՂ ՀԱՅՐՆ Է, ՈՎ ՄԻԱՅՆ ԼԱՎՆ ՈՒ ԲԱՐԻՆ Է ՈՒԶՈՒՄ ՔԵԶ ՀԱՄԱՐ։

Գուցե քո միտքը չտեսնի այդ պահի որոշման պատճառը, բայց եթե դու մի քանի տարի է ( որքան որ ապրում ես), որ հասկանում, ըմբռնում ու ճանաչում ես աշխարհը, ապա Նա Ինքն է արարել այն և սահմանել օրենքները: Նրա ձեռքերի մեջ են պահված երկինքն ու երկիրը, սկիզբն ու ավարտը։ Հակառակվելու փոխարեն մոտեցիր Նրան։ Ճաշակի՛ր ու տե՛ս, որ Տերը բարի է։ 

Լույսդ բարի մարդ Աստծո։ Թող քո կյանքով Տերը փառավորվի ու մեծարվի։ Աստծո աջը քեզ վրա։ Պտղաբեր ու հաղթական օր քեզ։

Անահիտ Ղազարյան