Անառողջ ինքնաքննումը խաբում է հազար անգամ

Անառողջ ինքնաքննումը ամեն օր վտանգի տակ է դնում Քրիստոսում ունեցած մեր ուրախությունը: Մեզնից շատերն են հակված չափից ավելի և ոչ ճիշտ ձևով քննել սեփական անձը, ինչը հաճախ բերում է ունայնության:

«Ես անհաջողակ եմ»: «Ինձ դուր չի գալիս, թե ինչպես է արարել ինձ Աստված»: «Տերը չի օգնում ինձ»: «Իմ ծառայությունը չնչին մի բան է»: «Իմ պարգևներն անօգուտ են»: «Իմ հոգևոր աճը անհույս է»…

Ինքնաքննության այդ մտորումների վրա ծնվող հոգևոր դեպրեսիան ստում է հազար անգամ: Ավելի լավ է Ավետարանի խոսքերով ինքներս մեզ քննենք. դրանք ավելի լավ են հնչում.

Երբ ինքնաքննությունը վնաս է հասցնում

Աստված կոչ է անում մեզ քննել ինքներս մեզ (Բ Կորնթացիս 13.5, Երեմիայի Ողբեր 3.40), սակայն առողջ ինքնաքննումը դժվար ու վտանգավոր հանձնարարություն է: Մեր մարմնավոր մտքերը միանգամից այդ ընթացքի մեջ գտնում են հնարավորություն՝ ամեն բան մեր դեմ շուռ տալու, որպեսզի ինքներս մտածենք հակառակ ու ի վնաս մեզ: Ինքներս մեր ներսն անալիզ անելը կարող է խաբուսիկ լինել, քանի որ այդ ժամանակ ամեն բան կարող է երևալ այնպես, ասես մենք այդ ամեն բանը շատ ճիշտ ենք անում: Չէ՞ որ մենք անտարբերություն չենք դրսևորում մեղքի հանդեպ, չէ՞ որ մենք ցանկանում ենք այն հայտնաբերել: Սակայն եթե ինքնաքննման արդյունքում մենք դառնում ենք տարված ինքներս մեզնով, այլ ոչ՝ Քրիստոսով, ապա մենք քայքայում ենք մեր հավատքը:

Չարլզ Սպերջենը մի անգամ ասել է. «Այն ամենը, ինչը խլում է մեզնից հավատքը, չարիք է, հատկապես այնպիսի ինքնաքննումը, որը հեռացնում է մեզ խաչից»:

Ինձ հայտնի է այդ չարիքը՝ այդ հավատքը հերքող ինքնաքննումը, որը հեռացնում է խաչից: Մեկ անգամ ես աղոթքի ծառայության էի գնացել, որից հետո այնպես էի տարվել ինքս ինձնով, իմ ներսը անալիզ անելով, թե արդյոք ճի՞շտ եմ խոսել աղոթելիս, հո պակաս կամ ավելորդ բան չե՞մ ասել, թե մարդիկ հո վատ բան չե՞ն մտածի իմ մասին… դա ինձ տառապանքի էր հասցրել որոշ ժամանակով:

Եթե մութ է, բացեք վարագույրները

19-րդ դարի եկեղեցու առաջնորդ Թոմաս Չելմերսը գիտեր, որ ինքնաքննումը կարող է լինել տանջող և անօգուտ աշխատանք: Նա համեմատում էր դա մութ սենյակի հետ, որը լցված էր շատ իրերով: Մենք չենք կարող տեսնել, թե ինչ կա սենյակում, որովհետև այնտեղ շատ մութ է: Հենց այդ խավարն էլ պատճառն է, որ մեր ներսը նայելն ու քննելը հաճախ լինում է այնքա՜ն անօգուտ:

Ուրեմն ինչպե՞ս լուսավորենք այդ սենյակը: Իհարկե, ոչ մեր տեսողությունը լարելով, ոչ էլ ավելի շատ ժամանակ հատկացնելով այդ խավարը ուսումնասիրելու վրա: Մենք երբեք չենք կարող հստակ տեսնել ինքներս մեզ, եթե ջանասիրաբար կենտրոնանանք ինքներս մեզ վրա:

Դրա փոխարեն, Չելմերսն ասում է, որ մեզ անհրաժեշտ է ընդամենը հասնել պատուհանին ու բացել վարագույրները: Թող Քրիստոսի լույսը ներս խուժի մեր հոգու խավարի մեջ: Չելմերսի պատկերացմամբ՝ այդ արևի լույսը մեզ համար Աստծո ճշմարիտ Խոսքն է: Նա ասում է, որ Աստծո Խոսքը ի զորու է լուսավորելու ամենախավար տարածքները, ինչը ոչ մի կերպ հնարավոր չէր լուսավերել մինչ այդ:

Եթե դուք կորել եք ձեր ներսի լաբիրինթոսում ու չեք կարողանում գլուխ հանել այնտեղ տիրող քաոսից, ապա Աստծո Խոսքը հենց այն է, ինչը ձեզ ամենից շատն է անհրաժեշտ: Բացեք այն, կարդացեք ու զգացեք, թե ինչպես է աստվածային լույսի հոսքը լցվում ձեր մտքի մեջ՝ բերելով այնտեղ պարզություն և մխիթարություն:

Լցվեք Ավետարանի լույսով

Ավետարանը բերում է մեր ինքնաքննմանը ճիշտ վերաբերմունք: Այդպես կենտրոնում ոչ թե մենք, այլ Քրիստոսն է լինում, Ով խնդիրները վեր հանելով՝ տալիս է դրանց պատասխանները: Մենք հասկանում ենք, որ փոխվում ենք ոչ թե ինքներս մեզ ուսումնասիրելով, այլ Քրիստոսին ուսումնասիրելով (Բ Կորնթացիս 3.18): Մի քարոզիչ մի անգամ ասել է. «Ամեն քեզ վրա հայացք գցելուց հետո տասը անգամ հայացքդ ուղղիր Քրիստոսին»:

Ավետարանը ինքնաքննման մեջ ներդնում է ներում: Աստված սիրում է քեզ՝ չնայած նրան, որ գիտի քո մասին ամենավատը. «Նա չի անում մեզ մեր մեղքերի համեմատ. և չի հատուցանում մեզ մեր անօրենությունների համեմատ» (Սաղմոս 103.10):

Աստված նաև խոստացել է, որ եթե մենք խոստովանենք մեր մեղքերը, Նա կների ու կմաքրի մեզ (Ա Հովհաննես 1.9):

Միայն երբ մենք գտնվում ենք Աստծո սիրո անվտանգության ու ապահովության մեջ, այդ դեպքում կարող ենք ուսումնասիրել ինքներս մեզ խոնարհությամբ, վստահությամբ ու արդյունավետ:

Ամենակարևորը, որ մեզ անհրաժեշտ է իմանալ ինքներս մեր մասին, հնարավոր է գտնել ոչ թե ինքներս մեզ ուսումնասիրելով, այլ Քրիստոսին ուսումնասիրելով: Մեր անհատականությունը ձեռք է բերում հստակ ուրվագիծ՝ Նրա մահվան ու հարության պրիզմայով նայելիս:

Շնորհը ինքնաուսումնասիրությունը ինքնաքննադատությունից ու ինքնակեղեքումից վերածում է հավատքի քայլի՝ սեր ու հույս հաղորդելով:

Ջարեդ Մելինգեր