Աստվածաշնչյան Խոսքեր, որ պետք է իմանան բոլոր երիտասարդ մայրերը

  1. Ուժ

«Եվ նա ինձ ասաց. բավական է քեզ իմ շնորհքը, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է կատարվում. արդ՝ ավելի հոժարությամբ իմ տկարություններովը կպարծենամ, որ Քրիստոսի զորությունը բնակվի ինձանում» (Բ Կորնթացիս 12.9):

Նորածնին խնամելու երկար օրերը կարող են ֆիզիկապես ծանր լինել և դառնալ փորձության պես մի բան երիտասարդ մոր համար: Ամենամեծ օգնությունը, որ ես ստացել եմ ծննդաբերելուց հետո, եղել է Աստվածաշնչի ուսումնասիրության կանանց մեր հավաքույթներին: Ես սովորեցի իմ կյանքում հանդիպող ցանկացած խնդրի ասել. «Բավական է ինձ Նրա շնորհքը»:

Այս խոսքը իմ գիտակցության մեջ հնչում է ամեն անգամ, երբ ես զգում եմ ինձ անկարող՝ որպես մայր, կամ էլ անկարող ցանկացած այլ հարցում, որովհետև մեր Աստված ամենակարող է:

Մարդկային տրամաբանությանը հակասող այս բացարձակ ճշմարտությունը, որ սեփական թուլության ընդունումը տանում է մեզ դեպի զորություն, այնպիսի՜ ազատություն է տալիս: Քանզի այդ ժամանակ է, որ լիովին ապավինում ես ամենակարող ու իդեալական Հորը, Ով երբեք ոչինչ չի ձախողում:

  1. Վստահություն

«Տիրոջն ապավինիր քո բոլոր սրտովը և քո հասկացողությանը մի վստահիր։ Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նրան, և նա կուղղի քո ճանապարհները» (Առակաց 3.5-6):

Երբեք չընկնեք տարածված ստի թակարդը, թե ամենը, ինչ կապված է ձեր փոքրիկի հետ, ձեր վերահսկողության տակ է: Այո՛, մենք արձագանքում ենք մեր երեխայի ամեն մի կանչին, հասնում օգնության, անում ամեն հնարավոր բան նրա համար, բայց մեծ հաշվով մենք պետք է վստահենք մեր փոքրիկի կյանքը նրա Արարչին, խնդրենք իմաստություն աղոթքի մեջ և խաղաղվենք Նրա մեծ շնորհքի մեջ:

  1. Սրբություն

«Ամեն բան գործեցեք առանց տրտնջանքի և վիճաբանությունների, որ լինեք անբիծ և անարատ՝ որդիք Աստծո առանց մեղադրանքի այն կամակոր և ծռած ազգի մեջ, որոնց միջումը երևաք ինչպես լույս տվողներ աշխարհի մեջ: Կյանքի խոսքը պահելով ինձ պարծանք լինելու համար Քրիստոսի օրումը, որ զուր տեղը չվազեցի, և զուր չաշխատեցի» (Փիլիպպեցիս 2.14-16):

Անքնությունը, անընդհատ տակդիր փոխելը, երեխայի լացը չհասկանալը… այս ամենը բերում է նրան, որ երբեմն երիտասարդ մայրերը սկսում են բացասաբար խոսել իրենց նորածնի մասին հոգ տանելու վերաբերյալ:

Բայց մի հանձնվեք, սիրելի՛ մայրեր, և մի ընկեք տրտունջի մեղքի մեջ:

Երեխաները օրհնություն են իրականում, բայց դա չենք կարող նկատել, երբ անընդհատ տրտնջում ու նվնվում ենք առօրյա հոգնածությունից ու երեխայի մասին հոգ տանելու հետ կապված անսպառ գործերից: Հոգնածության պահերը չպետք է փակեն մեզ համար Աստվածային ուրախությունը՝ երեխա ունենալու պարգևի հետ կապված:

  1. Հանգիստ

«Տեր, դու քննում ես ինձ և ճանաչում ես ինձ։ Դու գիտես իմ նստելն ու վեր կենալը, հեռվից իմանում ես իմ մտածմունքները» (Սաղմոս 139.1-2):

Աստծո ամենուր լինելը մեծագույն աղբյուր է՝ հանգիստ ու խաղաղ լինելու:

Ինքնախղճահարությունը կարող է հեշտությամբ վերածվել տրտմության ու վշտի: Որպեսզի դրա հարցերը լուծեք, մտածեք այն հրաշալի ճշմարտության մասին, որ Աստված գիտի ձեր ամեն մի քայլը, ամեն մի շարժումը:

Նա տվել է մեզ ժամանակավոր հանձնարարություններ, որոնք, սակայն, ունեն հավիտենական նշանակություն: Դրա համար փառք տվեք Աստծուն, որ հնարավորություն ունեք մայրանալու և ջանք դնելու ձեր փոքրիկի վրա, դեռ օրորոցից կրթելու և դաստիարակելու նրան՝ որպես ճշմարիտ քրիստոնյա:

  1. Աճ

«Փորձիր ինձ, ով Աստված, և ճանաչիր իմ սիրտը. քննիր ինձ և ճանաչիր իմ մտածմունքները. և տես, թե որ չար ճանապարհում լինեմ, առաջնորդիր ինձ դեպի հավիտենական ճանապարհը» (Սաղմոս 139.23-24):

Առաջին օրերը ծննդատնից վերադառնալուց հետո ոչ միայն ֆիզիկական վերականգնման օրեր են, այլև զգացմունքային շրջան՝ առաջիկա ամիսների հեռանկարը զարգացնելու համար:

Փոխարենը վախենալու՝ տեղից չշարժվող խնդիրներից, նայեք այդ ժամանակաշրջանին մեկ այլ տեսանկյունից. դուք կարող եք այդ ժամանակը օգտագործել Տիրոջ մեջ աճելու համար:

Իրականում զոհաբերության ժամանակները օրհնության ժամանակներ են: Դրանք բացահայտում են մեր թույլ կողմերը՝ հնարավորություն տալով հետո վկայելու Աստծո փառքի մասին:

Այնպես որ, վայելեք ձեր փոքրիկի ամեն ժպիտը, գնահատեք այդ երանելի պահերը, որ կարող եք գրկել նրան՝ երբ ցանկանաք: Եվ խնդրեք Աստծուն՝ օգտագործել այդ օրերը ձեզ Իրեն նմանեցնելու համար:

Ըստ www.ieshua.org-ի