Ամենը՝ Տեր Հիսուսի անունով

Ամենը՝ Տեր Հիսուսի անունով«Եվ ամեն ինչ որ էլ անեք խոսքով կամ գործով, ամենը Տեր Հիսուսի անունով արեք, գոհություն տալով Աստծուն և Հորը նրա ձեռով» (Կողոսացիս 3.17)։

Ի՞նչ է նշանակում ամենը Տեր Հիսուսի անունով անելը: Մեր շուրթերից դուրս եկած խոսքերը եւ մեր բոլոր արարքները պետք Տեր Հիսուսի անունով լինեն:

Սա է Աստծո Խոսքի հստակ և ոչ երկիմաստ պահանջը: Սակայն մենք նախ պետք է հասկանանք և ընկալենք այս պահանջի իրական էությունը:

Տեր Հիսուսի անունով ինչ-որ բան ասել նշանակում է, որ տվյալ խոսքերը հնչում են Տեր Հիսուսի անվան իշխանությունով, որ Նա է արտոնել դրանք, որ այդ խոսքերն արտաբերողը Տեր Հիսուսին է պատկանում, Նրա աշակերտն է եւ իր Ուսուցչի կամքն է արտահայտում: Ասել կամ անել ինչ-որ բան Տեր Հիսուսի անունով նշանակում է, որ եթե Նա՝ մեր Տերը, ներկա լիներ այդտեղ և այդ իրավիճակում, ապա Նա հենց այդպես էր վարվելու եւ հենց այդպես էր խոսելու:

Տեր Հիսուսի անունով նշանակում է Նրա կամքը իմանալով և Նրա պես խոսելով կամ գործելով: Տեր Հիսուսի անունով խոսողը կամ գործողը պետք է նախ Նրա Հոգին ունենա և հնազանդ լինի Սուրբ Հոգու առաջնությանը:

Տեր Հիսուսի անունով արտահայտությունը միայն բառերը չեն, որոնք մենք պետք է ավելացնենք մեր շուրթերից դուրս եկած աղոթքներին, այլ՝ Տեր Հիսուսի նմանությամբ և Նրա կամքի մեջ խոսելու ու գործելու իրողությունը: Ամենը, ինչ որ անենք խոսքով կամ գործով, Տեր Հիսուսի անունով անենք: Սա Աստծո հստակ պահանջն է Իր սիրելի զավակներից:

Տեր Հիսուսի անունով այդ պատվական անվանը համապատասխան խոսքեր և գործեր եմ հռչակում այս գրառումը ընթերցողների ու տարածողների կյանքում: Եղեք օրհնված:

Արման Մանուկյան