Սուրբծննդյան հաղորդագրություն, որի իմաստն ամիսներ անց հասկացա

Մենք նստած էինք սպասասրահում մի երկար փայտե նստարանի վրա: Մեծ երկաթե երկփեղկանի դռները մեզ բաժանում էին մեր վերջնական նպատակից: Ծանոթ նախազգուշացնող նշանները, որ մատնանշում էին այդ շրջանում ճառագայթման առկայությունը, ձգվում էին մի քանի պատերի և մեծ դռների երկայնքով:

Շաբաթը շաբաթի հետևից մենք անխոս զբաղեցնում էինք մեր տեղերը: Երբեմն միևնույն դեմքերը իրար գլխով էին անում, բայց, որպես կանոն, լռություն էր և սպասման անվերջանալի ժամանակ, մինչև չէին բացվում դռները և չէին ասում հիվանդի անունը՝ նրան ներս հրավիրելու համար: Սա մեր առօրյան էր դարձել:

Տոնի նախօրեին

Տոնի նախօրեին մեկը հիվանդանոցում որոշում է, որ «զվարճալի» կլինի, եթե դռները զարդարեն սուրբծննդյան նվերի թղթերով: Սա բարության մի դրսևորում էր, որը, չգիտես ինչու, տարօրինակ էր ինձ թվում:

Բայց մեկ օր, երբ մենք կրկին լուռ նստած էինք, ես տեսա այդ փաթեթավորման թղթի մի կտոր, որը, հավանաբար, դռանը փակցված էր մնացել այն բանից հետո, երբ ամբողջ թուղթը հանել էին: Ես կռացա, որ հանեմ այն:

Եվ այն ժամանակ աչքիս ընկավ «ուրախություն» բառը, որը տպված էր այդ թղթի փոքրիկ կտորի վրա… Ես այնքան սպառված ու դատարկված էի: Մտածում էի, թե ինչպե՞ս հնարավոր է այս ամենի մեջ ուրախություն գտնել: Իհարկե, ես չէի կիսում այդ զգացումը: Այնտեղ աղբի դույլ չկար, այնպես որ՝ ես այդ կտորը դրեցի պայուսակիս մեջ, որպեսզի հետո գցեմ:

Ամիսներ անցան: Եղան և՛ լավ, և՛ ոչ այնքան լավ օրեր:

Խորհրդատվություններ, որոշումներ, հոսպիտալացում, նշանակումներ… Հետո մեկ օր, նույն դռների մոտ սպասելիս, չգիտես ինչու՝ որոշեցի պայուսակս դասավորել: Պայուսակիս մեջ գտա այն նույն սուրբծննդյան թղթի փոքրիկ կտորը՝ «Ուրախություն» գրառումով: Ես հիշեցի, թե ինչպես էր այն հայտնվել իմ պայուսակի մեջ: Որչափ տարօրինակ է, որ ես դեռ չէի դեն նետել այդ թուղթը:

Երբ այն առա ձեռքիս մեջ, սկսեցի աղոթել. «Սիրելի՛ Աստված, խնդրո՜ւմ եմ, եղիր այսօր որդուս հետ, երբ նա ընդունի վերջին ճառագայթային թերապիան»: Այլևս չունեի խոսքեր՝ ասելու: Մի քանի րոպե անց ինձ ուղեկցեցին բժշկի սենյակ, իսկ ավելի ուշ մեզ միացավ նաև որդիս:

Ակնհայտ էր, բժիշկը լավ լուր ուներ, ժպիտը չէր հեռանում նրա դեմքից: Իմ որդուն այլևս պետք չէր ճառագայթային թերապիա: Հետազոտությունը ցույց էր տվել, որ ուռուցքը վերացել էր:

Ես թղթի այդ փոքրիկ կտորը թողեցի ինձ մոտ և կրում եմ այն դրամապանակիս մեջ՝ որպես հիշեցում: Աստված ուղարկել էր ինձ հաղորդագրություն բարի լուրի մասին ամիսներ առաջ: Ես պարզապես չէի հասկացել դա:

17 տարի է անցել այդ օրից, և հիմա ես երեք փոքրիկ թոռների՝ որդուս զավակների, տատիկն եմ: Երբ նայում եմ նրանց, ուրախությունը լցվում է իմ հոգին: Շնորհակալ եմ Աստծուն այն փոքրիկ հաղորդագրության համար, որ տպագրված էր սուրբծննդյան այդ թղթի վրա, որը նա ինձ էր ուղարկել: Ես շնորհակալ եմ Աստծուն ուրախության ու սիրո համար, որը վերապրում եմ ամեն օր:

Աղբյուր՝ bible-facts.ru