Սուրբ Ծննդյան իմ երազանքը. Անահիտ Թադևոսյան

Գերմանացի զբոսաշրջիկների հետ հանդիպումն իր աննշան գյուղի բակային ճամբարում փոքրիկ աղջկա սրտում ծնում է երազանք՝ լինել Գերմանիայում, բացահայտել Եվրոպան:

Երազանքը նույն պահին տրամաբանորեն անիրական է որակվում նրա կողմից, ուստի լռում է, երազանքը տեղավորում սրտի մի անկյունում. անհրաժեշտ էր խնամքով թաքցնել այն. հանկարծ ինչ-որ մեկը չնկատեր, ձեռք չտար ու անզգուշաբար չփշրեր այն:

Համալսարանական կրթությունը հայ բանասերի մասնագիտությամբ երազանքին հասնելու ամենավերջին հույսն անգամ մարում է: Թվում էր՝ դատապարտված է հանդուրժելու սեփական երկրի սահմանները չլքելու տրամաբանությունը:

Քանի որ սիրում էր երազել, հակառակ իր հասակակիցների անհույս սպասումներին, ուսանելու տարիներին գեղեցիկ ու հետաքրքիր այլ երազանքներով էր ապրում: Դրանք այնքան անիրական էին թվում: Իսկ ի՞նչ կլինի, եթե ինքը մի օր գրքեր սրբագրի ու խմբագրի, հոդվածներ գրի, իսկ եթե թարգմանի՞չ աշխատի, իսկ գիրք գրելու մասին ի՞նչ կասեք…

Հանկարծ մի օր հայտնաբերում է, որ ինքն անում է այդ ամենը, բայց միայն ու միայն Նրա փառքի համար…. Ժամանակ առ ժամանակ գերմանացի հյուրերի հետ հանդիպումից հետո նա խնամքով կրկին վերցնում է, սակայն, իր նվիրական երազանքն ու սրբում վրայի փոշին: Երազանքը գնալով հնանում է, գինու նման անուշանում:

Օրիորդը մի աննշան օր ոտք է դնում Գերմանիա: Չնայած օրը ամպամած էր, բայց նրան այն պայծառ էր թվում, չէ՞ որ նրա հոգում գարնանային ցնծություն էր: Հետո նա լինում է Ֆրանսիայում… Եվրոպան դանդաղորեն նրա առջև բացում է իր դռները, նա սկսում է բացահայտել իր մշակույթից լիովին տարբեր մի մշակույթ: Բայց ավելի մեծ ու կարևոր բան է հայտնաբերում նա մի հետախույզի պես, որը գտնում է մի բան մեկ ուրիշը փնտրելու ժամանակ: Նա ճանաչում է Աստծո անուններից մեկը, որի մասին երբևէ չէր լսել: Նա ճանաչում է Աստծուն՝ որպես երազանքների Աստված, Մեկը, որ կյանքի է կոչում երազանքները:

Իսկ ինչպե՞ս են ծնվում երազանքները: Խորհում է, վերլուծում, և վայրկենապես իր երազանքները կյանքի կոչողն ու դրանք տվողը նույնանում են. չէ՞ որ ինքն ապրում է Նրա փառքի համար: Շփոթվում է իր իսկ եզրակացությունից: Հետո աստիճանաբար վստահություն է ձեռք բերում՝ այո´, իր Աստվածը երազանքներ է տալիս: Անհրաժեշտ է պարզապես Նրա հետ քայլել, հաղորդ լինել Նրա էությանը, տեսնել Նրա սրտի երազանքը քեզ համար: Հետո այդ երազանքը հարազատանում է քեզ, դառնում քո սրտի մի մասը, ձուլվում էությանդ: Նա այդ երազանքը հմտորեն ու նրբորեն դնում է քո սրտում, դու պահում և փայփայում ես այն, և մի գեղեցիկ օր Ինքը՝ երազանքի հեղինակը, մի «եղիցի´»-ով կյանքի է կոչում երազանքդ…

Ուրեմն անհրաժեշտ է մոտենալ Նրա սրտին ու վերցնել սեփական բաժին երազանքը… Ու երազել…

«Դո՛ւ, միայն Դու, հավատք ես տալիս երազանքներիս…»,- մի միջոցառման ժամանակ երգել էր աղջիկն ու փառավորել Աստծուն իր երազանքներն իրականացնելու համար, և դա այն ժամանակ, երբ իր երազանքները դեռ կյանքի փոթորկոտ օվկիանոսում ինչ-որ տեղ միայնակ մնացած նավակի նման մատնված էին խորտակվելու:

Սուրբ Ծննդյան գիշերը նրան խորհրդավոր է թվում: Երիտասարդ կինը նայում է աստղերին, հիանում երկնքի գեղեցկությամբ, խորհում սուրբծննդյան պատմության մասին, և նրա սրտում ծնվում է մի «փոքրիկ» երազանք: Այո´, այն շա՜տ փոքրիկ էր. ընդամենը լինել Բեթլեհեմում, հետո՝ աշխարհի պատմության մեջ անպատմելի դեր խաղացած Երուսաղմում ու քայլել այն ճանապարհներով, լինել այն վայրերում, որտեղ եղել է իրեն երազանքներ Տվողը…

Ես նույնանում եմ այս կնոջ հետ ու նրա հետ երազում…

_____________________________

* Մրցույթի պայմաններին ծանոթանալ և մասնակցել կարող եք այս հղումով` Սուրբ Ծննդյան իմ երազանքը: