Մարդ, ով ապրում էր վաղվա օրով. Ռայնհարդ Բոնկե

Այդ մարդը մտադրություն չուներ «Հանգչիր խաղաղությամբ» գրառումն ունենալ իր դագաղի վրա Եգիպտոսում: Հովսեփի ոսկորները նախատեսված էին տեղափոխման համար: Հովսեփը գիտեր Աստծո խոստումները, գիտեր, թե ինչ է ապագայում սպասվում, և նա մտադիր չէր դուրս մնալ դրանից: Նա մարդ էր, ով «ապրում էր վաղվա օրվա սպասումով»: «Հավատքով  Հովսեփը վախճանվելիս հիշեց Իսրայելի որդկանց դուրս գնալու մասին և իր ոսկորների համար հրաման տվեց (Եբրայեցիս 11.22):

Նա չէր ցանկանում հանգիստ պառկել դագաղի մեջ, երբ Կարմիր Ծովը և Հորդանանը ճեղքվեին: Անապատի միջով տարվելով՝ Հովսեփի ոսկորները պարզապես չէին չխկչխկում արկղի մեջ, այլ ցնծության մեջ էին: Նրա ոսկորների մեջ ավելի շատ կյանք կար, քան նրանց մեջ, ովքեր տանում էին այդ ոսկորները: Հովսեփի հավատքի «աչքերը» տեսան Աստծո հավատարմությունը, որ կատարում է Իր Խոսքը. Խոսք, որ Աստված տվել էր Աբրահամին, Իսահակին և Հակոբին ժամանակներ առաջ:

Իրականում դա կատարվելուց հարյուրավոր տարիներ առաջ Հովսեփն աղաղակում էր՝ Իսրայելացիների բանակներին միացած, ովքեր դեռևս պետք է ծնվեին և այդ աղաղակով կործանեին Երիքովի պարիսպները: Հավատքը նորոգում է մեր երիտասարդությունը: Հավատքի մարդը 110 տարեկանում էլ ավելի երիտասարդ է, քան կասկածամիտ պատանին: Երիտասարդներից այնքա՜ն շատերն են «ծեր» և զուրկ ապագայի տեսիլքից: Նրանք պարտված ամբոխ են, ում երգը Բիթլզի երգերից մեկն է. «Երեկ իմ խնդիրներն այնքան հեռու էին թվում… ես հավատում եմ երեկվան»: Նրանք առանց Աստծո են և առանց հույսի: Որտե՞ղ է Հովսեփի մարդկանց զորքն այսօր:

Հավատքը տալիս է կյանք՝ վախկոտներին: Հավատքը ծաղրում է բռնության, մահի տիրակալներին և վախեցնում նրան, ով մահի իշխանություն ունի, անգամ սատանային:

«O, մահ, որտե՞ղ է քո խայթոցը» (Ա Կորնթացիս 15.55): Ես պատկանում եմ Հովսեփի հավատքի զորքին: Իսկ դո՞ւ: