Առաջին անձնավորությունը. Ջոն Բիվեր

Իրականում, Սուրբ Հոգին Աստվածության առաջին Անձն է, Ով հայտնվում է Սուրբ Գրքում: Ծննդոց 1.1-ում գրված է. «Սկզբում Աստված ստեղծեց երկինքը և երկիրը»։

Այժմ կարդանք երկրորդ Խոսքը. «Եվ երկիրն անձև ու դատարկ էր. և խավար կար անդունդի վրա. և Աստծո Հոգին շրջում էր ջրերի վրա»։

Մենք տեսնում ենք Հոգուն հենց այստեղ՝ Ծննդոց 1.2-ում: Նա Աստվածության առաջին Անձն է Սուրբ Գրքում, Ով նշվում է անունով:

Իսկ ինչ վերաբերում է առաջին Խոսքին, ապա այդտեղ հղումն Աստծուն՝ վերաբերում է Աստվածությանը, ոչ թե Աստվածության առանձին Անձերից մեկին: Այդպես էր նաև, երբ Աստված ասաց. «Մեր պատկերով… մարդ շինենք»: Էլի խոսքը ոչ թե առանձին Անձին, այլ Աստվածությանն էր վերաբերում:

Այսպիսով, Աստվածության առաջին Անձը, Ում Աստվածաշնչում տեսնում ենք գործելիս, Սուրբ Հոգին է: Երկրորդ Խոսքում գրված է. «Աստծո Հոգին [Սուրբ Հոգին] շրջում էր ջրերի վրայով»:

Իրականում Սուրբ Հոգին ամենից զարմանալի, հրաշալի, բարի, մեղմ, զգայուն և զորավոր Անձն է այս երկրի վրա, այո՛, այս երկրի վրա: Մենք պետք է հասկանանք, որ Հայրը այստեղ՝ երկրի վրա չէ. Նա նստած է Իր գահին՝ Երկնքում: Նմանապես, Հիսուսը այստեղ՝ երկրի վրա չէ: Ես մշտապես լսում եմ, թե ինչպես են մարդիկ ասում. «Հիսուսն իմ սրտում է», սակայն Սուրբ Գիրքը հստակ ցույց է տալիս, որ Նա նստած է Հոր աջ կողմը (Մարկոս 16.19): Գործք Առաքելոցում գրված է.

«Եվ երբ որ այս ասաց, նրանք նայելիս՝ վերացավ. և մի ամպ վեր առավ նրան նրանց աչքերիցը։ Եվ դեռ որ նրանք աչքերը ուղղած մտիկ էին տալիս դեպի երկինքը նրա գնալին, ահա երկու մարդիկ երևացին նրանց սպիտակ հանդերձներով, որ և ասացին. ով Գալիլեացի մարդիկ, ի՞նչ եք կանգնել և մտիկ եք անում դեպի երկինքը. այս Հիսուսը, որ ձեզանից վերացավ երկինքը, այսպես կգա ինչպես նրան տեսաք երկինքը գնալիս» (Գործք Առաքելոց 1.9-11):

Այդ երկու մարդիկ, ովքեր իրականում հրեշտակներ էին, պարզ հայտնեցին աշակերտներին, որ Հիսուսը վերադառնալու է այնպես, ինչպես որ գնաց: Նա չի վերադառնա երկիր, մինչև Իր գալուստը՝ ամպերի վրա: Արդյոք Հիսուսն արդեն վերադարձե՞լ է ամպերի վրա: Ակնհայտ է, որ ոչ: Սա նշանակում է, որ ներկայումս Հիսուսը դեռ Աստծո աջ կողմն է՝ Երկնքում:

Ստեփաննոսն էլ քարկոծվելիս ի՞նչ ասաց. «Իսկ նա լցված Սուրբ Հոգով՝ դեպի երկինքը նայեց և Աստծո փառքը տեսավ, և Հիսուսին՝ կանգնած Աստծո աջ կողմումը. և ասաց. Ահա տեսնում եմ երկինքը բացված, և Մարդի Որդին կանգնած Աստծո աջ կողմումը» (Գործք Առաքելոց 7.55-56):

Իրականում, արդեն մոտավորապես երկու հազար տարի է՝ Հիսուսն այս փառավոր դիրքում է: Նա այստեղ՝ երկրի վրա չէ: Ես գիտեմ՝ մեզ դուր է գալիս ասել, որ նա բնակվում է մեր սրտերում, սակայն իրականում Սուրբ Հոգին՝ Հիսուս Քրիստոսի Հոգին է, որ դարձրել է մեր սրտերն Իր բնակության վայրը: