Յուղով օծության նշանակությունը

Խոսելով մարդու կյանքում օծության մասին՝ ես կցանկանայի կանգ առնել oծման յուղի նշանակության վրա:

Հակոբոս 5.14-ում գրված է, որ աղոթքը բժշկության համար կարող է ուղեկցվել յուղով օծությամբ: Աստվածաշնչում շատ է խոսվում հրաշքների մասին, որոնք կապ ունեն յուղի օգտագործման հետ:

Ի՞նչ է յուղը: Դա շնորհի փոխանցման միջոց է, ինչպես ջուրը՝ մկրտության, և հացն ու գինին՝ հաղորդության ժամանակ: Յուղը Սուրբ Գրքում հաճախ ծառայում է՝ որպես Սուրբ Հոգու խորհրդանիշ:

Աստվածաշունչն ասում է, որ յուղը օգտագործում էին երկու դեպքում. տաճարում ձեռնադրության և որոշակի անհատի օծության ժամանակ: Եկեք վերլուծենք…

Եվ այսպես, տաճարում ձեռնադրության ժամանակ:

Աստված հրաման է տվել յուղի հատուկ նշանակության մասին: Մովսեսը, Ահարոնը և նրանց  երեխաները պետք է լուրջ վերաբերվեին դրան, որովհետև դա վկայում էր առանձնացման ու սրբության մասին: Յուղով օծությունը դառնում է անմաքուրի ու սուրբի միջև զատող սահմանագիծ:

Նոր Կտակարանում Աստծո Արքայության ու խավարի թագավորության միջև սահմանը անցկացված է Սուրբ Հոգու օծությամբ (Բ Կորնթացիս 1.21-22): Սատանան ցանկանում է, որ մենք դադարենք զգալ այդ սահմանը և լիովին մոռանանք դրա մասին:

Հին Կտակարանում տաճարը շինություն էր: Նոր Կտակարանում Պողոս առաքյալը հայտարարում է դարաշրջանի մասին, երբ մարդն է դառնում տաճար: Նա ասում է. «Չգիտե՞ք որ դուք Աստծո տաճար եք և Աստծո Հոգին բնակված է ձեզանում» (Ա Կորնթացիս 3.16): Իսկ Պետրոսը շարունակում է. «Բայց դուք ընտիր ազգ եք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, սեփական ժողովուրդ, որ քարոզեք նրա առաքինությունները, որ ձեզ խավարիցը կանչեց իր զարմանալի լույսի մեջ» (Ա Պետրոս 2.9): Դա այն է, ով մենք կանք Աստծո օծությամբ: Բարի Լուրը նրանում է, որ այսօր այդ օծությունը հասանելի է յուրաքաչյուրին:

Յուղի երկրորդ նշանակությունը՝ կոնկրետ իրավիճակի համար օծություն:

Երբ Սամուելը օծում է երիտասարդ Դավթին յուղով, Աստծո Հոգին իջնում է ապագա արքայի վրա: Նա ստանում է որակներ, որոնք նախկինում չուներ (Ա Թագավորաց 16.12-13):

Նոր Կտակարանում Հիսուսը կատարեց բոլոր հրաշքները այն բանից հետո, երբ Աստված օծեց Նրան Սուրբ Հոգով (Գործք Առաքելոց 10.38): Հիմա այն զորությունը, որ դուրս է գալիս Հոգու օծությունից, հասանելի է Եկեղեցուն (Գործք Առաքելոց 1.8): Մեզնից յուրաքանչյուրին բավական է դիմել Աստծուն ու խնդրել Նրան՝ օծելու մեզ մարդկանց ծառայելու զորությամբ ու հրաշքներով:

Աստծո զորությունը հասանելի է մեզ, եթե մենք ցանկանում ենք գործել: Ինչպես եկեղեցիները, մենք պետք է նախանձավոր լինենք այդ զորության համար, նախանձավոր լինենք Սուրբ Հոգու պարգևների համար: Մինչ մենք աղոթում ենք, մինչ մենք նախանձավոր ենք, Աստված օրհնելու է մեզ: Հենց որ մենք կանգ առնենք, յուղը կդադարի հոսել:

Պետք է խոստովանել, որ Աստծո զորությունը անհրաժեշտ է մեր ընտանիքներում, մեր աշխատավայրերում և ծառայության մեջ: Երբեք մի դադարեք Աստծո կոչման համար նախանձավոր լինել:

Մաթս Օլա Իսհոել