Սուրբ ծննդյան իմ երազանքը. Սուսաննա Նազարեթյան

Սուրբ ծննդյան իմ երազանքը. Սուսաննա ՆազարեթյանԼուսնի արծաթագույն շողերը պարուրել էին սուրբծննդյան խորհրդավոր գիշերը: Ինչ-որ անպատմելի ուրախությամբ շողում, թրթռում էին աստղերը՝ կարծես ցրտից դողալիս լինեին: Ջերմացել էր օդը՝ չերևացող լուսե հրեշտակների ներկայությունից: Աստղերն ավետում էին տոնի մուտքը՝ երբեմն վար ընկնելով: Ու ակամայից հիշելով հայտնի մուլտֆիլմի տողերը՝ «Երբ աստղ է ընկնում, շուտ-շուտ երազանք պահի՛ր ու անպայման կիրականանա», պահեցի իմ երազանքը:

Վստահ եմ, որ երազանքներն իրականանում են, այլապես Աստված չէր օժտի մեզ երազելու ունակությամբ: Երազանքս է, որ մարդիկ վերջապես հասկանան, ընկալեն տոնի խորհուրդը: Չսահմանափակվեն տոնի արտաքին դրսևորումներով: Այլ բացեն աչքերը, որոնք կուրացել են հարստության, փառքի ու աշխարհիկ կյանքով ապրելու մոլուցքից: Այլևս մարդիկ չեն տեսնում սովածին, ծարավին ու կարիքավորին: Մի՞թե Փրկիչը աշխարհ գալով՝ դա պատգամեց մեզ: Մարդկանց պակասում է սերը, հավատը և հույսը: Պետք է հավատալ Աստծուն և սուրբծննդյան հրաշքներին: Ապրել և գործել այնպես, որ գոհացնենք, ուրախացնենք Տիրոջը:

Չէ՞ որ բոլորն էլ լավ են զգում, երբ իրենց ծննդյան օրը լավ են վերաբերվում, ուշադրություն դարձնում ու նվերներ տալիս: Աստծո համար ամենամեծ նվերը՝ Իր խոսքով առաջնորդվելն է, սիրելն ու կարեկցելը ընկերոջը: Այն խոսքով առաջնորդվել, որը պետք է դառնա փարոս մեր հոգիներում ու լցնի մեր սրտերը սուրբծննդյան լույսով ու խանդավառությամբ: Հնարավորություն տանք Տիրոջն՝ ամեն օր ծնվելու մեր սրտերում, գիտակցենք Նրա խոսքերի ճշմարտությունը առ այն, որ «Երկնքի արքայությունը մեր մեջ է…»:

Սուրբծննդյան տոնին բոլոր ճանապարհները տանում են դեպի տները, ուր խարույկի մեջ ճտճտում է փայտը, օդում տարածվում է դարչինով թխվածխաբլիթների անուշաբույրը և  զարդարված եղևնու շուրջ սիրով լցված ջերմ զրույցների ձայները:

Իսկ դրսում ձյուն է արդեն գալիս, փաթիլները նույնպես մասնիկն են դարձել ուրախ տոնի ու իրենց սիրելի երգն են շարունակ երգում՝  «Արծաթե թիթեռնիկներ՝ պոկված կապույտ հեքիաթներից…»:

_____________________________

* Մրցույթի պայմաններին ծանոթանալ և մասնակցել կարող եք այս հղումով` Սուրբ Ծննդյան իմ երազանքը: