Ռեֆորմացիայի հետքերով. Լյութերի բարեփոխումները

Ռեֆորմացիայի հետքերով. Լյութերի բարեփոխումները16-րդ դարի սկզբին Հռոմում  սկսվել էր սուրբ Պետրոսի տաճարի շինարարությունը, որը մեծ ներդրումներ էր  պահանջում Կաթոլիկ եկեղեցուց: Որպեսզի կրճատվի շինարարական ծախսերը, եկեղեցին սկսում է ակտիվացնել ինդուլգենցիաների վաճառքը:

Գովազդելով իրենց «ապրանքը»՝ եկեղեցու սպասավորները դիմել են ամենատարբեր խարդախություների: Նման անօրենությունները պատճառ դարձան ժողովրդի մեջ անհանդուրժողական մթնոլորտի ձևավորմանը:

Այս ֆոնի վրա ակտիվանում է եկեղեցու սպասավոր և հայտնի աստվածաբան՝  Մարտին Լյութերի քարոզչությունը՝ ընդեմ կաթոլիզմի գաղափարախոսության ու բազմաթիվ բարոյական նորմերի խախտման:

1517թ.-ի հոկտեմբերի 31-ին նա իր 95 թեզիսները գամում է Վիտենբերգյան տաճարի դռանը: Հիմնականում այդ թեզիսներն իրենց բովանդակությամբ կրել են իր նախորդների՝ Ջոն Վիկլեֆի և Յան Հուսի գաղափարախոսությունը,  ուղղված ընդդեմ եկեղեցիական ծառայողների դիրքի չարաշահման և ինդուլգենցիաների վաճառքի:

Սակայն սա արդեն ռեֆորմացիայի գաղափարների ավելի կոնկրետ ձևավորում էր, որի վրա հետագայում զարգացավ մեկ այլ՝ բողոքական շարժում: Կարճ ժամանակ հետո Պապը հրավիրում է իր մոտ Լյութերին, որպեսզի վերջինս բացատրություն տա կատարվածի համար: Սակայն նա, աչքի առաջ ունենալով նախկին մահապատիժները,  հրաժարվում է այդ հանդիպումից:

1521թ-ի ապրիլին Վորմս քաղաքում տեղի է ունենում վերջնական պարզաբանում, որի ընթացքում երիտասարդ բողոքականը մեծ աջակցություն է ստանում և՛ ժողովրդի, և՛ իշխանությունների կողմից: Հենց այստեղ էլ նա արտասանում է իր հայտնի պատասխանը. «Այս ամենի վրա ես կանգնած եմ, որովհետև այլ կերպ չեմ կարող»:

Չնայած նրա հեռանալուց հետո այս ամենը որակավորվում է որպես հերձվածողություն, սակայն դա ոչ մի կերպ չի խանգարում նրա գաղափարների տարածում գտնելուն: Լյութերն անցնում է Աստվածաշունչը Գերմաներեն թարգմանելու գործին, որպեսզի այն հասու լինի հասարակ ժողովրդին, մինչդեռ կաթոլիկ եկեղեցին արգելք էր դրել Սուրբ գիրքը այլ լեզվով թարգմանելու վրա: Եվ քանի որ  հոգևոր լեզուն համարվում էր լատիներենը, եկեղեցական հավաքույթները անցկացվում էին այդ լեզվով, և մարդիկ չհասկանալով չէին կարողանում հաղորդակցվել աստվածային ճշմարտությանը:

Մարատ Զաքարյան