Հինգ աղոթք ընկճախտի դեմ

Հինգ աղոթք ընկճախտի դեմԵրբ շաբաթ օրն առավոտյան նայեցի իմ օրացույցին, շնչառությունս արագացավ: Իհարկե, պատճառն օրացույցի վրայի նկարը չէր, որը ընդամենը մի գորշ մեծ բու էր, այլ օրացույցի վրա արված նշումներս, որոնք մի վայրկյանում ամբողջությամբ դուրս քաշեցին իմ ներսի կյանքը և ուրախությունը:

Այս Սուրբ Ծնունդին ինձ սպասվում էր 12 իրադարձություն, գումարած 50-100 նվերների փաթեթավորումը, որը պահանջում էր ավելին, քան նվերներ փաթեթավորելու իմ իմացությունը թույլ էր տալիս:

Երևի այն, ինչ փորձում եմ ասել, բոլորդ հասկացաք՝ ես պարզապես ընկճված վիճակում էի: Ընկճախտը կլանում էր ներսիս ուրախությունը:

Ի՞նչ անել այս դեպքում. ընկճախտը պետք է փոխարինել, բայց ինչո՞վ և ինչպե՞ս: Մենք չենք կարող պարզապես ասել. «Իմ դուրը չի գալիս այս ընկճված վիճակը, ես պատրաստվում եմ վերջ տալ դրան»: Ընկճախտը պետք է փոխարինել մի բանով, որը հավասարազոր է դրան ու դեռ ավելի զորավոր:

Պողոսը գրում է Քրիստոսի հետևորդներին.

«Ոչինչ հոգս մի անեք. Այլ ամեն բանում աղոթքով և աղաչանքով և գոհությունով՝ ձեր խնդրվածքները թող հայտնի լինեն Աստծուն։ Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, կպահպանի ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսումը» (Փիլիպեցիս 4.6-7):

Այնպես որ, այն օրերին, երբ ես այնքան շատ բան եմ ունենում անելու, ես երկար ժամանակ անցկացնում եմ աղոթքի մեջ: Այդպես արեցի նաև այս անգամ՝ օրացույցիս նշումները տեսնելով:

Հինգ աղոթք՝ ընկճախտը հաղթահարելու համար

1. Նախ աղոթեք ուրիշների համար, ովքեր ավելի վատ դրության մեջ են, քան դուք:

2. Աղոթեք ընկճախտի ամեն հարուցչի դեմ, որ դուք ունեք: Ընդունեք ձեր թուլությունները և այն, որ օգնության կարիք ունեք:

3. Հավատքով դավանեք Աստծուն բնորոշ հատկանիշները: Կենտրոնացեք հատկապես Աստծո ամենակարողության վրա: «Տեր, քանզի Դու …, ես գիտեմ, որ Դու կարող ես…»:

4. Խնդրեք Աստծուն, որ Նա փառավորվի ձեր կյանքի ամեն բնագավառում, հատկապես նրանցում, որտեղ դժվարություններ ունեք: Օգտագործեք ձեր երևակայությունը. պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե Աստված այս ամբողջ ամիս փառավորվի ձեր կյանքի բոլոր բնագավառներում:

5. Լցվեք գոհությամբ: Գոհացեք՝ մտածելով Տիրոջ մասին, որ Նա մոտ է և հոգ է տանում ձեր մասին և ունի ամենը, ինչ պետք է ձեզ ամեն ինչում օգնելու համար:

Աղոթքի մեջ բավական ժամանակ անցկացնելուց հետո ես, իհարկե, ավելի չմոտեցա իմ առջև դրված գործերի կատարմանը, սակայն ներսումս ամեն բան իր տեղն ընկավ, ինչը բարձրացրեց իմ աշխատունակությունը և աշխատանքի որակը:

Մեր դեկտեմբերյան օրացույցի վրա ավելացավ ևս մեկ նշանակալի իրադարձութուն. աղոթքի լուռ ու խաղաղ ժամը:

Քրիսթի Ֆիցուոթեր