2017-ին աշխարհում լրագրողների դեմ ճնշումների աճ է արձանագրվել, կալանավորված լրագրողների թվով Թուրքիան կրկին առաջինն է. զեկույց

2017-ին աշխարհում լրագրողների դեմ ճնշումների աճ է արձանագրվել, կալանավորված լրագրողների թվով Թուրքիան կրկին առաջինն է. զեկույց«Լրագրողների պաշտպանության կոմիտե» ամերիկյան կազմակերպությունը (Committee to Protect Journalists) հրապարակել է իր ամենամյա զեկույցը, որը փաստում է 2017 թվականին աշխարհում կալանավորված լրագրողների թվի ռեկորդային աճի մասին. գրում է tert.am-ը:

Ինչպես գրում է Al Jazeera-ն, աշխարհի տարբեր երկրներում շարունակում է բանտում մնալ 262 լրագրող: Ինչպես և անցյալ տարի՝ այս տարի ևս ցուցակը գլխավորում է Թուրքիան, որտեղ գտնվում են ամենից շատ կալանավորված լրագրողները: Նրանց թիվը հասնում է 73-ի:

Կալանավորված լրագրողների թվով ցուցակի երկրորդ տեղը զբաղեցրել է Չինաստանը, նրան է հետևել Եգիպտոսը՝ համապատասխանաբար 41 և 20 կալանավորված լրագրողներով:

Զեկույցում շեշտվում է, որ Թուրքիայում մամուլի դեմ ճնշումներն առավել սաստկացան 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո:

Հիշեցնենք, որ 2017 թվականին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը մամուլի ազատության վերաբերյալ պահանջներ է ներկայացրել Թուրքիային:

Եվրախորհրդի պատգամավորների դատին հանձնված զեկույցը, որն ընդունվել է 110 կողմ, 15 դեմ ձայների հարաբերակցությամբ, պահանջում է Թուրքիայից ազատ արձակել ահաբեկչական միջոցառումներին մասնակցելու մեղադրանքով ձերբակալված լրագրողներին, վերանայել Թուրքիայի քրեական օրենսգրքի «Թրքությունը վիրավորելու» մասին 301-րդ հոդվածը, ինչպես նաև «նախագահին վիրավորելու» մասին 229-րդ և «ժողովրդի մեջ ատելություն սերմանելու» մասին 216-րդ հոդվածները: Զեկույցը նաև կոչ է անում վերանայել համացանցի հրապարակումների վերաբերյալ մեղադրանքներն ու թուլացնել Թուրքիայի պետական հեռուստաալիքի նկատմամբ պետական վերահսկողությունը:

Ընդհանուր առմամբ, աշխարհում լրագրողների դեմ ճնշումների աճը, որ արձանագրել են փորձագետները, «Լրագրողների պաշտպանության կոմիտե»-ն կապում է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ լրատվամիջոցների ու խոսքի ազատության հարցում ունեցած խիստ դիրքորոշման հետ, որն ինչ-որ տեղ հնարավորություն է տվել մյուս երկրների առաջնորդներին առավել ազատ լինել մամուլի դեմ ճնշման հարցում: