Գրեթե 70 մլն երեխա ապրում է հումանիտար ճգնաժամերի գոտիներում. ՄԱԿ

Գրեթե 70 մլն երեխա ապրում է հումանիտար ճգնաժամերի գոտիներում. ՄԱԿԳրեթե 70 մլն երեխա ապրում է հումանիտար ճգնաժամերի գոտիներում՝ զրկված նորմալ կրթություն ստանալու հնարավորությունից, և առաջիկայում նրանց թիվը կարող է աճել:

Այս մասին լրագրողներին հայտնել է համաշխարհային կազմակերպության կրթության հարցերով հատուկ բանագնաց Գորդոն Բրաունը: Նա կոչ է արել կրկնապատկել 2 առանցքային ծրագրերի՝ Կրթության ոլորտում գլոբալ գործընկերության և «Կրթությունը չի կարող սպասել» հիմնադրամի ֆինանսավորումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Նոր տվյալները մատնանշում են, որ հումանիտար ճգնաժամերի ծուղակում հայտնված երեխաների թիվը հասել է գրեթե 70 մլն-ի: Ակնկալվում է, որ այս թիվը 2018-ին կշարունակի աճել, ինչը կհանգեցնի միջոցների ավելի մեծ պակասի, որի հետևանքով ավելի մեծ թվով երեխաներ  կենթարկվեն ճնշման և շահագործման. կամքին հակառակ կամուսնանան, ստիպված կլինեն աշխատել և կհայտնվեն սեքսուալ ստրկության մեջ»,- ասել է Բրաունը ՄԱԿ կենտրոնակայանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով՝ 70 մլն երեխաներից 32 մլն-ը ստիպված է եղել իր տունը լքել, այդ թվում՝ 11 մլն երեխա փախել է հարևան երկրներ: Նա ուշադրություն է դարձրել, որ աշխարհում փախստականների մեծ մասը ծագումով Սիրիայից են (ավելի քան 2,6 մլն), Աֆղանստանից (ավելի քան 1,2 մլն) և Հարավային Սուդանից (900 հազար): Երեք երկրներում երկարատև հակամարտություններ են ընթանում:

Գորդոն Բրաունը հայտնել է, որ 2017 թվականին կրթական ծրագրերի համար ծախսվել է 700 մլրդ դոլարից ավելի, սակայն սա կազմում է հումանիտար գործողությունների համար հատկացված ընդհանուր գումարի միայն 3 տոկոսը:

Աղբյուրը՝ news.am