Չխախտելով Աստծո հաստատած հաջորդականությունը. Սեմի Թիփիթ

Նոր Կտակարանում հավատը հաճախ համարժեք է Հին Կտակարանի հնազանդությանը: Օրինակ՝ Հին Կտակարանում խոսվում է Աբրահամի մասին, ով հնազանդվեց օտար երկիր գնալու կոչին: Նոր Կտակարանում նույն դեպքը նկարագրվում է՝ որպես Աբրահամի հավատի օրինակ:

Այլ կերպ ասած՝ հավատը և հնազանդությունը սերտորեն շաղկապված են իրար: Աբրահամի կողմից հիմարություն կլիներ առանց Աստծուց հատուկ ուղղություն ստանալու՝ այդպիսի ճամփորդություն կատարելը: Նա կարողանում էր հավատալ ու վստահել, որ Աստված կհոգա իր բոլոր կարիքները, որովհետև հստակորեն Աստծո կամքի մեջ էր:

Եթե ուզում ենք Աստծո հոգատարության մեջ ապրել, պետք է մնանք Աստծո կամքի մեջ: Գործարար մարդը պետք է քայլի ճիշտ այն հավատով, որով քայլեց Ջորջ Մյուլլերի նման ծառայողը: Մյուլլերը կարող էր վստահել Աստծո մատակարարմանը, որովհետև Աստծո կողմից որբանոցներ կառուցելու հրահանգ ուներ: Աստծո առաջնորդությունն ունեցող դեղագործ բժիշկը կամ ավտոմեքենայի աշխարհում լույս լինելու կանչված մեխանիկը կարող են վստահել Աստծուն՝ որպես իրենց հոգսերը վերցնողի՝ հասկանալով, որ դրամը ոչ թե մարդկանցից են ստանում, այլ տիեզերքի Արարչից: Աստված է նրանց այդ գործը կատարելու համար առողջություն, գիտելիք ու հմտություն տալիս:

Ամենօրյա կարիքների բավարարման համար պետք է Աստծուն նայել այնպես, ինչպես Ջորջ Մյուլլերն էր նայում այդ որբերի համար: Միակ հարցը, որ պետք է լուծվի, հետևյալն է. «Արդյոք իմ արածը Աստծո կամքո՞վ է», որի դրական պատասխանը տանում է մեզ վստահելու Աստծուն՝ որպես մեր կարիքները հոգացողի:

Ով այդպես է վարվում, ոչ միայն պետք է հանձնվի Աստծո կամքին, այլև հասկանա ու նվիրվի Նրա թագավորությանը: Նա պետք է աղոթի. «Քո թագավորությունը թող գա», հետո միայն՝ «Մեր հանապազօրյա հացը տուր մեզ այսօր»: Շատերը խնդրում, բայց չեն ստանում, որովհետև խախտում են Աստծո հաստատած հաջորդականությունը:

Հիսուսն ասաց. «Առաջ Աստծո արքայությունը և նրա արդարությունը խնդրեցեք. և այդ ամենը կտրվի ձեզ» (Մաթևոս 6.33):