Աղոթքի զորությունը. վկայություն Դեյվիդ Ուիլքերսոնի կյանքից

Իմ պապը աղոթքի մարդ էր, և ընտանիքն էլ իրեն էր նման այդ բանում:

Նա դաստիարակել էր իմ հորը աղոթքի հանդեպ սիրո մեջ, իսկ հայրս, իր հերթին, դա ինձ էր փոխանցել:

– Դե՛յվիդ, իսկ դու աղոթո՞ւմ ես օգնության համար, երբ քեզ մոտ անախորժություններ են լինում,- հարցրեց մեկ օր ինձ պապս:

Սկզբում այդ հարցը ինձ աննշան էր թվում, բայց պապիկս համառում էր, և ես հասկացա, որ նա մի շատ կարևոր բան է ինձ հասկացնում: Իհարկե, ես գոհանում էի Աստծուց ամեն լավ բանի համար, ինչ ունեի. ծնողներիս ու տան համար, ուսմանս համար: Եվ ես մշտապես ողջ հոգով աղոթում էի այն մասին, որ Աստված ընտրի ինձ այս աշխարհում Իր կամքի կատարման համար: Բայց հազվադեպ էի Աստծուն աղոթում մի հստակ կարիքի համար:

– Դե՛յվիդ,- ասաց պապիկս մի անգամ՝ նայելով ինձ առանց փայլի, որ սովորաբար լինում էր նրա աչքերում,- երբ դու սովորես բացահայտ աղոթել մի հստակ կարիքի համար, դա կդառնա այն օրը, երբ դու կճանաչես աղոթքի զորությունը:

Ես չհասկացա ամեն բան, ինչ նա ինձ ասաց, որովհետև այն ժամանակ ընդամենը 12 տարեկան էի և դեռևս բնազդաբար վախենում էի այդ մտքից. աղոթել բացահայտ, հրապարակայնորեն: Դա նշանակում էր՝ բարձրաձայն ասել, այնպես, որ մնացածները լսեն: «Ես ցանկանում եմ այս և այն»: Իսկ դա նշանակում էր ռիսկի դիմել, եթե հանկարծ աղոթքը չպատասխանվի:

Պապիկիս խոսքերի իմաստը ինձ հասանելի դարձավ կատարելապես անսպասելիորեն և ողբերգական հանգամանքների պայմաններում: Որքան ես հիշում էի հորս՝ նա միշտ հիվանդ էր: Նա ուներ տասներկումատնյա աղիքի խոց և ավելի քան տասը տարի բողոքում էր ցավերից:

Մեկ օր, դպրոցից վերադառնալով, ես տեսա իմ կողքով սլացող շտապօգնության մեքենայի: Միանգամից գլխի ընկա, թե ուր է այն ուղևորվում, և դեռ հեռվից լսեցի հորս աղաղակները: Հյուրասենյակում նստած էին մի քանի հոգի մեր եկեղեցուց: Բժիշկը չթողեց ինձ հորս սենյակ մտնել: Ես վազեցի մայրիկիս մոտ.

– Մայրի՛կ, նա մահանո՞ւմ է:

Մայրս նայեց աչքերիս մեջ ու որոշեց ճշմարտությունն ասել:

– Բժիշկն ասում է, որ նա երկու ժամից ավելի չի ապրի:

Այդ ժամանակ հայրս առանձնակի բարձր գոռաց ցավից: Մայրս սեղմեց ուսս ու արագ սենյակ վազեց:

– Ես այստեղ եմ, Քե՛նեթ,- ասաց նա՝ իր հետևից դուռը փակելով, բայց նախքան դուռը փակվեց, ես տեսա, թե ինչու ինձ չէին թողնում հայրիկիս մոտ: Նրա անկողինն ու սենյակը արյամբ էին ծածկված:

Այդ պահին հիշեցի պապիս խոսքերը. «Այն օրը, երբ դու կսովորես բացահայտ աղոթել առանձնահատուկ մի բանի համար, դա կլինի այն օրը, երբ դու կվերապրես զորություն»:

Սկզբում ես ցանկանում էի հյուրասենյակ գնալ, որտեղ նստած էին համայնքի անդամները, և ասել, որ ես կաղոթեմ հորս ապաքինման համար, բայց չկարողացա դա անել: Անգամ այդ ճգնաժամային պահին ես վախենում էի հավատքս փորձության ենթարկել: Պապիկիս խոսքերը անտեսելով՝ ես բոլորից թաքնվեցի նկուղում, որտեղ մեզ մոտ պահվում էր ածուխը, և սկսեցի աղոթել՝ փորձելով ձայնիս բարձրությամբ լրացնել հավատքիս պակասությունը:

Անգամ չկասկածելով, որ աղոթում էի այնպես բարձր՝ ասես բարձրախոսով խոսելիս լինեի:

Մեր տունը տաքացվում էր տաք օդի հոսանքով, և ամեն սենյակ տարված էին խողովակներ օդի համար, որոնք դուրս էին գալիս վառարանից: Այդ վառարանի կողքին էի հենց ես աղոթում, այդ պատճառով իմ ձայնը տարածվում էր բոլոր սենյակներով մեկ: Հյուրասենյակում նստածները հանկարծ լսում են ջերմեռանդ աղոթքը, որն անցնում էր պատերի միջով: Լսում է այն նաև բժիշկը և անկողնում պառկած իմ հայրը:

– Այստեղ կանչեք Դեյվիդին,- շշնջացել էր նա:

Ինձ հետաքրքրասեր հայացքների ներքո տարան հայրիկիս մոտ: Ես մտա սենյակ: Հայրս խնդրեց բժիշկ Բրաունին մի քանի րոպե դրսում սպասել և պատվիրեց մորս, որ կարդա Մաթևոս Ավետարանի 21-րդ գլխի 22 խոսքը: Մայրս բացեց Աստվածաշունչը, գտավ անհրաժեշտ տեղը և կարդաց. «Եվ ամեն ինչ որ աղոթքի մեջ խնդրեք հավատալով՝ կառնեք»:

Ես մեծ հուզմունք զգացի.

– Մայրի՛կ, չե՞նք կարող մենք այս խոսքը հայրիկի համար կիրառել:

Մայրս կարդաց այդ հատվածը տասներկու անգամ, և մինչ նա կարդում էր, ես վեր կացա բազկաթոռից, մոտեցա հորս և ձեռքս դրեցի նրա ճակատին.

– Հիսո՛ւս,- աղոթում էի ես,- Հիսո՛ւս, ես հավատում եմ այն Խոսքին, որ Դու ասել ես: Բժշկի՛ր իմ հայրիկին:

Հետո ես մոտեցա դռանը, բացեցի և բարձր ու հստակ ասացի.

– Խնդրո՛ւմ եմ, ներս եկեք, բժի՛շկ Բրաուն: Ես (ինձ համար դժվար էր արտաբերել դա) ես աղոթել եմ՝ հավատալով, որ հորս վիճակը կթեթևանա:

Բժիշկ Բրաունը կարեկցանքով էր վերաբերվում 12-ամյա տղայի լրջությանը, ժպտում էր ջերմ ու կարեկցող հայացքով, բայց հավատքից զուրկ էր այդ ժպիտը: Սակայն քիչ անց նրա այդ ժպիտը փոխվեց նախ խառնաշփոթությամբ, իսկ հետո էլ ծայրահեղ զարմանքով, երբ նա սկսեց զննել հորս:

– Ինչ-որ բան է կատարվել,- ասաց նա: Նրա ձայնն այնքան կամաց է հնչում, որ ես հազիվ լսեցի, թե ինչ ասաց: Դողացող ձեռքերով դոկտոր Բրաունը վերցրեց գործիքները և չափեց հորս ճնշումը:

– Քե՛նեթ,- ասաց նա՝ բարձրացնելով իմ հոր կոպերը, ճնշումը չափելով ու փորը ստուգելով:- Քե՛նեթ, ինչպե՞ս եք ձեզ զգում:

– Ես ուժերի մեծ հոսք եմ զգում:

– Քե՛նեթ,- ասաց բժիշկը,- ես հենց նոր դարձա հրաշքի ականատես:

Իմ հայրը միանգամից ոտքի կանգնեց, իսկ ես նույն պահին ազատվեցի աղոթքի զորության հանդեպ ունեցածս կասկածներից:

Հատված Դեյվիդ Ուիլքերսոնի «Խաչ և դանակ» գրքից