100 տոկոսով… պապիկիս զարմանալի սերը

100 տոկոսով... պապիկիս զարմանալի սերըՊապիկս Աստծո մեծագույն մարդկանցից էր՝ իսկական քրիստոնյա: Բայց նա նաև վերապրեց մեծագույն փորձություններից մեկը, որ ես երբևէ տեսել եմ: Նա տեսնում էր, թե ինչպես է իր 50-ամյա կինը գնալով դանդաղորեն զրկվում բանականությունից և դադարում կառավարել իր մարմինը՝ «Ալցհեմերիա» հիվանդության պատճառով:

Ի վերջո՝ նա բառացիորեն սկսել էր բղավել տարբեր հայհոյանքներ և անեծքներ ամուսնու հասցեին, բայց պապիկս այդ ամենին վերաբերվում էր չտեսնված համբերատարությամբ, գթասրտությամբ ու հավատքով: Անկախ տատիկիս վիճակից, նա ամեն օր գնում էր նրա մոտ հիվանդանոց, սիրով ու խնամքով սանրում էր նրա մազերը, ասում նրան, թե որքան գեղեցիկ կին է նա, և մնում էր այնտեղ այնքան ժամանակ, մինչև բուժանձնակազմը գալիս ու դուրս էր հրավիրում նրան՝ տեսակցության ժամանակի սպառման պատճառով:

Պապիկս մահացավ տատիկիս մահից 18 ամիս անց: Նրանց ամուսնության վերջին ժամանակները ցավալի էին, իրոք անհուսալի մի իրավիճակում էին նրանք՝ մարդկային տեսանկյունից: Տատիկս այդպես էլ չբուժվեց: Եվ դա կոտրում էր պապիս սիրտը: Բայց ինչն էր զարմանալի, որ ամեն անգամ, երբ պապիկիս հարցնում էին, թե արդյոք լա՞վ են իր գործերը, նա միշտ պատասխանում էր՝ «100 տոկոսով»:

Լինելով երեխա՝ ես միշտ անհանգստանում էի, երբ նա այդպես էր պատասխանում, որովհետև զգում էի, որ չէր կարող իրականում այդպես լինել: Նրա առողջական վիճակն էլ գնալով վատանում էր: Եվ այն ամենը, ինչ նա սիրել էր իր ողջ կյանքում, ինչի մեջ նա ջանք ու սեր էր դրել, ամենը լքում էր իրեն:

Պապիկիս մահից հետո էլ երկար տարիներ ես չէի հասկանում, թե ինչպես նա կարող էր այդպես պատասխանել: Ես մտորում ու աղոթում էի դրա մասին, թե ինչպես նա կարող էր իր կյանքի վատագույն ժամանակներում պատասխանել, թե իր գործերը 100 տոկոսով դեպի լավն են գնում: Չէ՞ որ դրանք նույնիսկ 50 տոկոսով լավ չէին, նույնիսկ՝ 10 տոկոսով:

Բայց հետո ես զգացի, թե ինչպես Տերը պատասխանեց իմ այդ հարցին ընդամենը մեկ նախադասությամբ, որը լիովին փոխեց իմ մտածելակերպը. «Դա կախված է նրանից, թե ինչ չափով ես դու չափում»:

Եթե դու չափում ես կյանքի իրավիճակներով, ապա այնտեղ, իհարկե, չկա 100 տոկոսանոց լավ բան: Բայց եթե դու չափում ես Քրիստոսի մեջ ունեցած նրա վստահությամբ ու ապավինությամբ… Եթե չափում ես այն հավատքով, որ կա ապագայի խոստմունք դեպի Երկնային Արքայություն, որ ամեն բան մի օր նոր է լինելու… Եթե դու չափում ես Աստծո հավատարմության տեսանկյունից, չնայելով իրավիճակներին, ուրեմն ամեն ժամանակ և միշտ ամեն բան կլինի 100 տոկոսանոց լավ:

Դու կունենաս խավար օրեր: Քո կյանքում կլինեն ժամանակներ, երբ կզգաս, որ հողը շարժվում է ոտքերիդ տակ, ու քանդվում է ամեն բան: Եվ այդ պահերին կգա գայթակղությունը՝ քո կյանքն ու արժեքը, քո ապագան համեմատելու և հավասարեցնելու քո գործերի վիճակի հետ:

Բայց՝ ո՛չ:

Ես քեզ չգիտեմ, չգիտեմ, թե ինչ խնդիրներ դու հիմա ունես: Չգիտեմ այն ցավը, որը դու հիմա վերապրում ես: Ամենը, ինչ ես գիտեմ, միայն այն է, որ մեզնից մեծ մասը չէր ասի՝ 100 տոկոս: Դու երևի նույնիսկ մտածում ես, որ քո իրավիճակը բացառություն է, քեզ նման ոչ ոք չի տառապել: Բայց, չնայած նրան, թե ինչի միջով ես դու անցնում, ես, միևնույնն է, ցանկանում եմ ասել քեզ այն, ինչ Աստված ասաց ինձ.

Դա կախված է նրանից, թե ինչով ես դու չափում:

Թեկուզ դա դժվար է՝ նոր հեռանկարով իրավիճակին նայելու ընտրությունը, բայց, միևնույնն է, դու ունես այդ 100 տոկոսը՝ անկախ քո գործերի լավ ու վատ լինելու աստիճանից: Չնայած քո իրավիճակներին՝ Քրիստոսը 100 տոկոսով քեզ հետ է և քեզ համար է:

Սթիվեն Ֆուրտիկ