Ռեֆորմացիայի հետքերով. Յան Հուսի գաղափարախոսությունը
Միջնադարում Չեխիան Եվրոպայի տնտեսապես առավել զարգացած երկրներից մեկն էր: Այստեղ Վիկլիֆի գաղափարները սկսել է շրջանառության մեջ դնել՝ Կաթոլիկ եկեղեցու սպասավոր, աստվածաբան Յան Հուսը:
Եկեղեցական ամբիոնից նա սկսում է քարոզել, որ հոգևորական դասը ոչ մի առավելություն չունի հասարակ քաղաքացու նկատմամբ, բոլոր մարդիկ Աստծու առջև հավասար են: Հետևաբար՝ ապաշխարած ամեն մի անձ իրավունք ունի մասնակցելու խորհրդավոր ընթրիքին (սուրբ հաղորդությանը):
«Եկեղեցուն պատկանող հողերը պետք է վերադարձնել գյուղացուն, իսկ ինդուլգենցիաների վաճառքը մեկնդմիշտ պետք է դադարեցնել, որովհետև այն հակասում է Սուրբ գրային ճշմարտությանը», -ասում էր նա:
Հուսի քարոզչությունը մեծ խանդավառությամբ էր ընդունվում, թե՛ գյուղացիների, թե՛ իշխանական օղակներում, և ժամանակը ցույց տվեց, որ այս գաղափարները շատ մեծ դեր խաղացին ռեՖորմացիայի առաջխաղացման հարցում:
Պապը մի քանի անգամ ուղերձ է ուղարկել այս ամենը կանխելու համար, սակայն անօգուտ: Պրաhայի քաղաքացիները համակրում էին Յան Հուսին, անգամ թագավորը կողմնակից էր նրա տեսակետին: Այսպիսով, Պապը իր վերջին ուղերձով դիմում է դադարեցնել բոլոր տեսակի հոգևորական ծիսակարգերն, այնքան ժամանակ, մինչև որ Հուսը չհեռանա Չեխիայի մայրաքաղաքից կամ հանձնվի իշխանություններին: Փակում են բոլոր եկեղեցիները, դադարեցնում հոգևոր ծառայությունները, իսկ Հուսը թողնում է Պրաhան, բնակություն հաստատում մոտակա մարզում: Մեկուկես տարվա աքսորը իզուր չանցավ սպասավորի կյանքում, նա լծվեց Աստվածաշունչը չեխերեն լեզվով թարգմանելու գործին:
Երբ Գերմանիայում գտնվող Կոստանց քաղաքում կազմակերպեցին եկեղեցական տիեզերական համաժողով, Յան Հուսին նույնպես հրավիրեցին՝ իբրև ավելի մանրամասն տեղեկանալու նրա ուսուցմանը: Քաղաք հասնելուն պես՝ Հուսին ձերբակալում են և որոշ ժամանակ հետո՝ 1415թ.-ի hուլիսի 6-ին այրում խարույկի վրա:
Նույն ճակատագրին է արժանանում նրա համախոհներից մեկը՝ Հերոնիմ Պրաhացին: Վերջիններիս մահը պատճառ է դառնում հեղափոխական շարժման առաջընթացին ոչ միայն Չեխիայում, այլև կենտրոնական Եվրոպայում: Կաթոլիկ եկեղեցու բարեփոխումները պահանջող շարժումը վերածվեց ազգային սոցիալ-քաղաքական ապստամբության:
Ճիշտ է, երկարատև ջանքերից հետո` 1443թ-ին հաջողվեց ճնշել ապստամբներին, սակայն բոլորի համար արդեն պարզ էր դարձել, որ կաթոլիզմի հասունացող ճգնաժամը գագաթնակետին է հասել և վաղ թե ուշ իր լուծումը կգտնի:
Մարատ Զաքարյան