Քրիստոսի շնորհքի գերազանց մեծությունը և քաղցրությունը

Քրիստոսի շնորհքի  գերազանց մեծությունը և քաղցրությունը«Որ նոր եկող դարերում հավիտյան ցույց տա իր շնորհքի գերազանց մեծությունը, Քրիստոս Հիսուսի մեզ վրա ցույց տված քաղցրությունովը» (Եփեսացիս 2.7)։

Մի ժամանակ մենք՝ հավատացյալներս, թեև ապրում էինք, բայց մեռած էինք մեր մեղքերի ու հանցանքների մեջ: Մենք ապրում էինք այս աշխարհի սկզբունքներով՝ մեր մարմնի և մտքի կամքը կատարելով:

Մենք մեր բնույթով ոչ թե խաղաղության, այլ բարկության որդիներ էինք: Բայց սիրող և ողորմած Աստված մեզ մեր մեռած վիճակից հարություն տվեց Իր Որդի և մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհիվ: Եվ հիմա, երբ Նրա անգին արյան շնորհիվ փրկված ենք մահի և մեղքի իշխանությունից, Տերը մեկ այլ նպատակ է հետապնդում՝ մեր կյանքում ի ցույց դնել Քրիստոսի շնորհքի գերազանց մեծությունը և մեր հանդեպ Նրա ունեցած քաղցրությունը:

Ահա փրկվածների կյանքի և աստվածապաշտության ևս երկու վեհ նպատակ: Արդյոք մեր կյանքում շրջապատի մարդկանց համար և հենց մեզ համար հստակ ընկալելի՞ է Քրիստոսի շնորհքի գերազանց մեծությունը:

Արդյոք մենք ճաշակո՞ւմ ենք Քրիստոսի մեր հանդեպ ունեցած քաղցրությունը: Այս երկնային համը ճաշակած մարդիկ այլևս երբեք չեն խաբվի աշխարհի առաջարկած էժանագին կեղծիքներով:

Տեր Հիսուսի անունով Նրա շնորհքի գերազանց մեծության դրսևորումներ և Նրա քաղցրության անսպառ վայելք եմ հռչակում այս գրառումը ընթերցողների ու տարածողների կյանքում: Եղեք օրհնված:

Արման Մանուկյան