Ինչ անել Աստծուց ստացած ձեր երազների հետ

Աստված բացահայտում է Իր կամքը և խոսքը նաև երազների միջոցով՝ արաչագործության պահից սկսած:

Ծննդոց գրքում Նա ուխտ է կապում Աբրահամի հետ այն բանից հետո, երբ վերջինս խորը քնի մեջ էր (Ծննդոց 15.12-21): Հակոբը երազում տեսնում է երկնքից երկիր ձգվող սանդուղք, որով հրեշտակները իջնում էին, և այդ վայրը կոչում է «Բեթել», ինչը նշանակում է «Աստծո տուն» (Ծննդոց 28.10-19): Դանիելը «հասկանում էր ամեն տեսիլք և երազ» (Դանիել 1.17): Աստծուց տրված պարգևը պատճառ է դառնում է, որ նա պալատում շատերից վեր դասվի. «Նրան իշխան դրավ Բաբիլոնի բոլոր գավառի վրա, և Բաբիլոնի բոլոր իմաստունների վրա՝ գլխավոր իշխան» (Դանիել 2.48):

Երազները կարևոր նշանակություն ունեին Հիսուսի ծնունդի պատմության մեջ: Հենց երազի միջոցով է Հովսեփն իմանում, որ Մարիամը հղիացել է Սուրբ Հոգուց, և նա հնազանդվում է երազներին, որոնք փրկում են իրենց կյանքը (Մաթևոս 1.20):

Պենտեկոստեի օրը Պետրոս առաքյալը մեջբերում է Հովելի խոսքերը (2.28-32) այն մասին, որ Սուրբ Հոգու թափումը այդ մարգարեության իրականացումն է: Լեզուները, մարգարեությունները, երազներն ու տեսիլքները Սուրբ Հոգու թափման արդյունք են, Ում գալուստը Հոր խոստումն է Իր զավակներին (Ղուկաս 24.49):

Աստված նախկինի պես, այսօր էլ շարունակում է խոսել երազների միջոցով: Երբ ես Հնդկաստանում էի կարճաժամկետ միսիոներական ուղևորությամբ, հանդիպեցի երիտասարդ մի կնոջ, ով նախկին մահմեդական էր: Ռամադանի ժամանակ Հիսուսը հայտնվել էր նրա երազում, ինչից հետո կինը քրիստոնեություն էր ընդունել: Նա պետք է փախչեր տանից, քանի որ հայրը հետապնդում էր իրեն՝ իր նոր հավատքի պատճառով: Նա փախչում և անվախ կերպով սկսում է քարոզել Ավետարանը:

Ինչ անենք մենք մեր երազների հետ: Կա չորս ճանապարհ, որոնք ինձ էլ են օգնել իմ կյանքում և Աստծո մեջ հոգևոր աճի հարցում:

  1. Ուսումնասիրեք Խոսքը

Կա թեմա, որը դուք ստանում եք երազներում, ուրեմն պետք է ուսումնասիրել Աստվածաշունչն այդ թեմայով: Կամ, եթե երազում կան որևէ փոխաբերություններ ու խորհրդանիշներ, ուսումնասիրեք դրանք Աստվածաշնչում՝ օգտագործելով աստվածաշնչյան սիմֆոնիան և աստվածաշնչյան բառարանը՝ ըստ անհրաժեշտության: Մեկ օր ես տեսա երազումս կատարելապես կազմված բանակ, և այդ բանակի զինվորները փողերն էին հնչեցնում. ես գտա բոլոր խոսքերը Աստվածաշնչից, որոնք կապ ունեն փողերի հետ, և շատ բան իմացա՝ զուգահեռաբար մեծացնելով աստվածաշնչյան գիտելիքներս: Մենք պետք է ապավինենք Սուրբ Գրքին, քանի որ դա ունի կարևորագույն իմաստ մեր երազների մեկնաբանության և կիրառման համար:

  1. Փնտրեք Աստծո երեսը, երբ ստանում եք երազ, որը խոր ազդեցություն է թողնում ձեզ վրա

Եթե երազն ունի խորը և շարունակական ազդեցություն ձեզ վրա, ուրեմն այդ երազով դուք պետք է փնտրեք Աստծուն աղոթքի մեջ: Ձեր երազները Աստծուն հանձնեք և փնտրեք պատասխաններ Նրանից, Ով սիրում է ձեզ: Երբ ես 18 տարեկան էի, մի երազ տեսա, որտեղ կանգնած էի ասֆալտապատ ճանապարհին: Տեսա, որ մի ուղղությամբ ճանապարհը վատն էր, քարքարոտ, և որքան հեռուն էի նայում, այնքան ավելի մութ էր երկինքը դառնում: Այլ ուղղությամբ ճանապարհը լավն էր, ծառերը փարթամ էին ու կանաչ, երկինքը գեղեցիկ էր: Դա Աստված էր, Ով ուղղորդում էր ինձ՝ ընտրելու Իր ճանապարհը կամ էլ այս աշխարհի ճանապարհը: Այդ երազն այնքան ուժգին ազդեցություն էր թողել ինձ վրա, որ ես որոշեցի նվիրվել Նրան ամբողջությամբ, ինչը փոխեց իմ կյանքը:

  1. Գրի առ քո երազը

Եթե դուք ստեղծագործող եք, մի ամաչեք նկարելուց, պատկերելուց ձեր երազը թղթի կամ համակարգչի վրա: Երբ դուք նկարագրում եք ձեր երազը, ապա արեք դա աղոթքով:

Երեմիա 23.28-ն ասում է. «Այն մարգարեն, որի մոտ երազ կա, թող երազ պատմի և որի մոտ իմ խոսքը կա, թող իմ խոսքը խոսի ճշմարտությամբ»:

Աստծուց տրված երազների նպատակներից մեկը Նրան հայտնի դարձնելն է: Մեր երազները գրի առնելը կարող է օգնել մեկ ուրիշին ևս, և մենք կարող ենք վերադառնալ դրանց ժամանակ առ ժամանակ՝ վերանայելու և աղոթելու դրանց համար:

Եթե այս քայլերը արել եք, ապա.

  1. Հնազանդվեք ամենին, ինչ Աստված ասել է երազի մեջ

Երազը պետք է հաստատի Աստծո Խոսքը: Մենք Հիսուսի Նոր Ուխտի միջնորդությամբ կենում ենք Նրա շնորհի ու սիրո մեջ, և այդժամ հնազանդությունը Աստծո առաջնորդության և ներկայության բանալին է: Եթե մենք ցանկանում ենք երազով կիսվել, ապա մենք պետք է խոնարհաբար ներկայացնենք այն մեր հոգևոր առաջնորդներին: Եթե ցանկանում ենք այն պահել մեր ներսում, ուրեմն պետք է դրա համար էլ բարեխոսենք Աստծուն:

Աստված, եթե երազը Իրենից է, կտա մեկնություն, մինչ դուք մտերմանում եք Իր հետ: Նա կպատասխանի, ինչպես Աստծո Խոսքի մեջ է գրված. «Աստծո փառքն է բանը ծածկելը, բայց թագավորների փառքն է բանը քննելը» (Առակաց 25.2):

Երազների իմաստը քննելը և Աստծուն հնազանդվելը՝ այդ ամենը Աստծո հետ ձեր ճանապարհի մի մասն է:

Ջարեդ Լասկի

Հ.Գ. Տեղին է հիշատակել նաև, որ ամենևին էլ կարիք չկա մեր տեսած բոլոր երազները վերլուծել, փորձել հասկանալ և դասակարգել: Դրանք կարող են լինել նաև մեր գիտակցության կամ ենթագիտակցության արդյունքը և հատուկ պատգամ ու նշանակություն չունենալ մեզ համար: