Աղոթք նրանց համար, ովքեր ազդեցություն ունեն իմ երեխաների կյանքում

Ինձ դուր է գալիս մայր լինել: Ինձ համար դա հաճելի անակնկալ էր, որովհետև ես այն մարդը չեմ, ով իրեն լավ է զգում երեխաների շրջապատում: Իմ առաջին հղիության ժամանակ ես անհանգստանում էի, թե ինձ դուր չի գա իմ երեխան: Իհարկե, իրականությունը դրա հակառակն ապացուցեց: Ես մեծագույն ուրախություն եմ վերապրում՝ իմ երեխաների հետ շփվելով:

Բայց պետք է ամոթով խոստովանեմ, որ այդ հաճույքը վերածվում է խանդի, երբ նրանք սկսում են դպրոց հաճախել և ժամանակ անցկացնել այլ մարդկանց հետ: Չնայած նրանք շարունակում են սիրել ինձ հետ ևս ժամանակ անցկացնելը, ես ինձ զգում եմ անտեսված ու այնպես, ասես նրանք իմ փոխարեն մեկ ուրիշին են գտել:

Ինձնից ժամանակ է պահանջվում, որ հաղթահարեմ այս զգացմունքները, և ինձ հաջողվում է խանդը փոխել ուրախությամբ՝ շնորհիվ աղոթքի: Աստված ցույց է տալիս ինձ, որ իմ անարգված լինելու մասին անհանգստանալու փոխարեն լավ կլինի, որ աղոթեմ նրանց համար, ում հետ իմ երեխաները որոշում են ժամանակ անցկացնել:

Հենց որ արեցի դա, իմ ուրախությունը վերադարձավ: Այսօր ես ցանկանում եմ կիսվել իմ սրտի խոսքով ու աղոթքով, եթե դուք էլ անցել եք նման ժամանակով և ներշնչել ձեզ, որ ոչ ոք չի կարող զբաղեցնել ձեր երեխայի կյանքում ծնողի դերը: Պարզապես դուք պետք է մնաք ձեր դերում, երբ նրանք ձեր կողքին են՝ շփումով ու օգնելով, իսկ երբ էլ հեռու են՝ աղոթքով.

«Սիրելի՛ Տեր,

Ես անհանգստանում եմ այն ազդեցության համար, որ ուրիշները կարող են ունենալ իմ երեխայի կյանքում: Լցրու ինձ հավատքով և օգնիր՝ հիշելու այն մասին, որ Դու ես, որ առաջնորդում ես իմ երեխային: Հիշեցրու ինձ, որ Դու օգտագործում ես իրավիճակները, ինչպես լավ, այնպես էլ վատ` մեզնից յուրաքանչյուրին ձևավորելու և Քրիստոսի նմանությամբ մեզ կերպարանափոխելու համար:

Ցույց տուր ինձ, թե ինչպես գերագույնս օգտագործեմ իմ ժամանակը երեխայիս հետ: Լցրու իմ սիրտը ուրախությամբ, երբ նայում եմ Քո աշխատանքին իմ բալիկի կյանքում. Ամեն»:

Էդի Մելսոն