«Ամենահեշտ բանը թույլին նեղացնելն է». դոկտոր Լիզայի մասին

Իր ողջ կյանքը Ելիզավետա Գլինկան նվիրել է բարի գործերին, նրա համար չեն եղել օտար երեխաներ կամ օտարի դժբախտություններ: Նա օգնել է նրանց, ում ոչ ոք օգնել չէր ցանկանում:

Ելիզավետա Պետրովնա Գլինկայի պատմությունը, ում ճանաչում են՝ որպես դոկտոր Լիզա, շատերին է հայտնի: Նա, լինելով բժիշկ-ռեանիմատոլոգ, խնամք է տարել Ռուսաստանի, Սերբիայի և Հայաստանի հոսպիսների (օթևան մահացու հիվանդների համար) աշխատանքի համար, նաև հիմնել է հոսպիս Կիևում, հիմնել ու գլխավորել «Արդար օգնություն» միջազգային բարեգործական կազմակերպությունը, այդ թվում՝ կազմակերպել վիրավոր ու հիվանդ երեխաների տարհանումը Դոնբասից:

Մարդկանց հանդեպ իր սիրո համար դոկտոր Լիզային հաճախ անվանել են «երկնային դեսպան»: Նա անգամ մահացել է հենց իր նվիրական առաքելության «կատարման» ժամանակ. 2016թ-ի դեկտեմբերի 25-ին Սև ծովում կործանված ինքնաթիռի ուղևորներից մեկը հենց նա էր, ով այդ ինքնաթիռով բժշկական սարքավորումներ ու դեղորայք էր հասցնելու Լաթաքիա:

Ստորև ներկայացնում ենք հատվածներ դոկտոր Լիզային նվիրված գրքից, որ ստեղծվել է նրա հարցազրույցների ու օրագրային գրառումների հիման վրա:

«Դոկտոր Լիզա. «Ես միշտ թույլի կողմից եմ»:

«Ամենահեշտ բանը թույլին նեղացնելն է»: Այսպես էր ինձ ասում մի քահանա: Շանը կամ մարդուն հրելը, վիրավորելը մեկին, ով պատասխանել չի կարող, դատապարտելը, անիծելը, չարը կամենալը և մեղադրելը մահացու մեղքերի մեջ: Սրանք ամեն քայլափոխին են կատարվում, դարձել են առօրյայի մի մաս, որի հետ շատերն են հաշտվել: Երբեմն նրանք, ում հրմշտում են, կարող են պատասխանել, երբեմն պատասխանել նույն կերպ, իսկ երբեմն էլ՝ ներմամբ»:

«Միշտ կա ցանկություն՝ հրաշքների հավատալու: Հավանաբար այդ հավատքից էլ հրաշքներ են կատարվում»:

«Երբեմն կարևոր են ոչ թե սկզբունքները, այլ պարզապես սերը: Ամեն բան չէ, որ հարմարվում է կանոններին, որոնք մարդիկ են հնարել»:

«Բարությունը, կարեկցանքը և գթասրտությունը ավելի զորեղ են գործում, քան ցանկացած զենք: Ամենագլխավոր իրավունքը՝ կյանքի իրավունքն է»:

«Մենք երբեք վստահ չենք այն բանում, որ կենդանի հետ կվերադառնանք, որովհետև պատերազմը դժոխք է երկրի վրա, և ես գիտեմ, թե ինչի մասին եմ խոսում: Ինչո՞ւ է կատարվում այս պատերազմը: Այս հարցը ես ինձ տալիս եմ ամեն անգամ՝ գալով Դոնեցկ և Լուգանսկ: Բայց եթե ես մտածեմ այս մասին, ինձ մոտ ուժ չի մնա՝ երեխաներին փրկելու»:

«Պատերազմում ես հասկանում, թե որքան փխրուն է աշխարհը: Իսկ այդ պատերազմում ամենից առավել տուժողը անպաշտպան երեխաներն են»:

«Պետք չէ ինձ «շնորհակալություն» ասել: Ես ու նրանք, ում հետ աշխատում եմ, ինքներս ենք ընտրել այդ ճանապարհը: Եվ այլ աշխատանք մենք չունենք: Մեր օգնության սկզբունքը մեկն է՝ անշահախնդրություն:

Շնորհակալություն պետք է ասել նրանց, ովքեր օգնում եմ ինձ կայարանում: Նրանց, ովքեր օգնում են մեր հիվանդներին կամավոր կերպով՝ հաճախ իրենց անունները չնշելով, աշխատանքից հետո գալով ցուրտ նկուղ, բերելով ու անելով այն, առանց ինչի մենք աշխատել չենք կարող: Նրանք և միայն նրանք են արժանի այն խոսքերին, որոնք ես երբեք չեմ գտնում»:

«Հարց, որ հազարերորդ անգամ հարցնում են լրագրողները. «Ձեր ինչի՞ն է սա պետք»: Պատասխան, որն ընդունվում է դրան հաջորդող ծաղրանքով «Նա նրանց «սիրում» է», կամ էլ նրանք ինձ պարզապես դասում է այլմոլորակայինների շարքին:

Նախօրեին մի կանչ ստացանք: Կանչը երիտասարդ կնոջից էր. նրան միացրեցինք թթվածին մատակարարող սարքավորմանը: Քսան րոպե անց նա ժպտաց ու ասաց.

«Ես շնչում եմ»:

Հանուն այս ժպիտի արժե աշխատել: Ի՞նչ կարիք կա հարցերի»:

Աղբյուր՝ www.aif.ru