Ողորմի՜ր, Աստվա՛ծ

Ողորմի՜ր, Աստվա՛ծՍովորական առավոտ, արտասովոր կեսօր,
Ուրախության լուսաբաց, արտասուքի երեկո,
Ճիչեր մանկանց նորածին ու մեռնողի հառաչանք,
Փլատակներ, որ դարձան հազարների գերեզման:

Տասնամյակներ անց փլատակներ կան,
Կան անտուն մարդիկ, սոված որբեր կան,
Անօթևան պատանի ու միայնակ ծերեր,
Երկրաշարժից մնացած չսպիացող վերքեր:

Վերքերը շատ են, սպիները՝ խոր, ու դեռ ցավո՜ւմ են,
Շատերի համար իրենց տուն-տեղը նեղ տնակներն են,
Իբր մեզ քիչ էին պատերազմներ ու եղեռն,
Մի երկրաշարժ էլ տրվեց հանց «նվեր»:

Ողորմի՜ր, Աստված, երկիրս հինավուրց,
Որ ոտքի կանգնի ու դառնա ամրոց,
Մի նոր լուսաբաց ուղարկիր մեզ, Տե՜ր,
Որ իր հետ բերի լոկ ջերմ արևներ:

Որ էլ արյուն չլինի, ոչ էլ արհավիրք,
Էլ պատերազմ չլինի, ոչ մահ ու չարիք,
Հայն ընտանիքը անտեր չթողնի
Իր «բախտն» այլ երկրում էլ չորոնի:

Ողորմի՜ր, Աստված, երկիրս հայոց
Որ դառնա սիրո, հույսի մի դարբնոց,
Որ հայը ժպտա, լցվի հավատքով,
Երկիրս ծաղկի խինդ ու բերկրանքով:

Արմեն Նիազյան