Թրամփը ճանաչեց Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք

Թրամփը ճանաչեց Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաքԱնտեսելով իսրայելա-պաղեստինյան հակամարտության մեջ չներքաշվելու մահմեդական աշխարհի և ՄԱԿ-ի հորդորները՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչեց որպես Իսրայելի մայրաքաղաք: Նա նաև հանձնարարեց ԱՄՆ-ի դեսպանատունը տեղափոխել Երուսաղեմ. գրում է www.amerikayidzayn.com

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ի կատար ածեց ընտրարշավի ժամանակ իսրայելամետ ընտրողներին տրված իր խոստումը՝ ճանաչել Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք:

«Այսօր վերջապես ասում ենք ակնհայտը, որ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաքն է: Սա ոչ այլ ինչ է, քան իրականության ճանաչում: Ես նաև Պետդեպարտամենտին հանձնարարում եմ սկսել ԱՄՆ-ի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու գործընթացը: Եվ երբ դեսպանատունը կառուցված լինի, այն տուրք կլինի խաղաղությանը». ասում է ԱՄՆ նախագահը:

Հիշեցնենք, որ Երուսաղեմը միջազգայնորեն երբեք չի ճանաչվել որպես Իսրայելի մայրաքաղաք և բոլոր երկրների դեսպանությունները գտնվում են Թել Ավիվում:

Մինչ Իսրայելը խրախուսել է մյուս երկրներին հետևել ԱՄՆ-ի օրինակին, տարածաշրջանում այս լուրը անհանգստության ալիք է բարձրացրել:

Պաղեստինցիներն այս քայլը անվանել են «մահվան համբույր» Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման գործընթացում:

Պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբբասի խոսնակ Նաբիլ Աբու Ռուդեինեհն ասում է,- «Նախագահ Աբբասի դիրքորոշումը հստակ է: ԱՄՆ-ի դեսպանատան տեղափոխումը Երուսաղեմ դեմ է միջազգային օրենքին և՝ անընդունելի մեր կողմից»:

Արաբական պետությունների լիգան երեքշաբթի օրը նախազգուշացրել էր Թրամփին չճանաչել Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք, այս քայլը նկարագրելով ինչպես «բացահայտ ագրեսիա» արաբների դեմ: Թուրքիայի նախագահն ու Իրաքի վարչապետը դատապարտել են այս քայլը նույնիսկ նախքան Թրամփի պաշտոնական հայտարարությունը:

Թրամփը ճանաչեց Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք«Իրաքի կառավարությունը նախազգուշացնում է, որ պաղեստինցիների, արաբների, մահմեդական աշխարհի ու այլ կրոնների անտեսումը լուրջ հետևանքներ կունենա տարածաշրջանի կայունության և աշխարհի վրա: Երուսաղեմը բոլոր կրոնների և էթնիկ խմբերի գոյակցության կենտրոնն է, և ոչ մի առանձին կառույց չի կարող այս հարցի շուրջ միանձնյա որոշում ընդունել»,- հայտարարել է Իրաքի վարչապետ Հեյդար Ալ Աբադին:

ՄԱԿ-ը նույնպես անհանգստություն էր հայտնել որևէ քայլի շուրջ, որը կարող է Մերձավոր Արևելքում խորացնել լարվածությունը:

ԱՄՆ-ի նախագահը այս քայլը բնորոշել է որպես առաջընթաց իսրայելա-ամերիկյան հարաբերություններում, սակայն մատնանշել է, որ չի ցանկանում վատթարացնել հարաբերությունները արաբական աշխարհի հետ: Միացյալ Նահանգները, նրա խոսքերով, չի միջամտի Երուսաղեմի սահմանների հստակեցման բանակցություններին, և իր դիրքորոշումն առավելագույն կերպով ներկայացնելու համար ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը կմեկնի Մերձավոր Արևելք: