Ֆյոդոր Դոստոևսկուն պատկանող Ավետարանը

Ֆյոդոր Դոսկոտևսկուն պատկանող ԱվետարանըՎերծանված են գրողի՝ իր համար կարևորագույն գրքի էջերին արված գաղտնի նշումները:

Մոսկվայում ներկայացրել են Ավետարանի ֆաքսիմիլային (հեռապատճենահանման) հրատարկությունը, որը պատկանել է Դոստոևսկուն: Այդ գիրքը նա կարդացել է ողջ կյանքի ընթացքում՝ սկսած աքսորից մինչև մահ: Գիտնականները կարողացել են գտնել հազարից ավելի նշումներ, որոնք արվել են մեծ գրողի կողմից իրեն պատկանած Ավետարանի էջերին: Ի՞նչն էր ամենից ավելի անհանգստացնում նրան Ավետարանի ընթերցման ժամանակ: Արդյոք նրա նշումները իր գեղարվեստական ստեղծագործությունների բանալի՞ն են:

«Համաշխարհային գրականության պատմության մեջ քիչ գրողներ են եղել, ովքեր Աստվածաշնչի գիտակ են եղել»,- նշում է նախագծի ստեղծողներից մեկը՝ Վլադիմիր Զախարովը:- Եվ նրանցից էլ հազիվ թե գտնվի մեկը, ով ինչպես Դոստոևսկին, չորս տարի շարունակ ընթերցել է Ավետարանը, վերապրել այն՝ ինչպես իր սեփական կյանքը:

Խոսքն այն Աստվածաշնչի մասին է, որը Դոստոևսկուն նվիրել է դեկաբրիստ Ֆոնվիզինի կինը: Այնպես էր ստացվել, որ դատավճռի հռչակումից հետո՝ Տոբոլսկում, որտեղ դատապարտյալները սպասում էին իրենց աքսորի ժամին, դեկաբրիստների կանայք կարողանում էին թույլտվություն ստանալ՝ հանդիպելու աքսորականների հետ ու նրանց Նոր Կտարականներ նվիրել: Այդպես Դոստոևսկին ստանում է այդ գիրքը և հետագայում շարունակ գրում է Ֆոնվիզինային: Հենց նրան են ուղղված հեղինակի հայտնի խոսքերը՝ «Լավ է մնալ Քրիստոսի, քան ճշմարտության հետ»:

«Ավետարանը միակ գիրքն էր, որը թույլատրվում էր աքսորավայրում,- հիշում է Դոստոևսկին:- Այն իմ բարձի տակ էր դրված: Ես կարդում էի այն ու կարդում ուրիշների համար ևս: Դրանով իմ հետ եղող մի աքսորականի կարդալ սովորեցրի…»:

Նշումների մեծ մասը արված են Հովհաննեսի գրքում: Հենց այս Ավետարանն է սկիզբ դրել «Ոճիր և պատիժ»-ի սյուժեի զարգացմանը: Ահա սկիզբը կարևորագույն տեսարանի, երբ Սոնյան Ռասկոլնիկովի համար կարդում է Ղազարոսի հարության մասին. «Պահարանի վրա դրված էր գիրք՝ Նոր Կտակարանը ռուսերեն թարգմանությամբ: Գիրքը հին էր, օգտագործված ու կաշվե փաթեթավորմամբ էր»:

Այս նկարագրությունը լիովին համապատասխան է հեղինակի Ավետարանին: Հարության մասին մտորումներով, ընկած մարդու վերականգնմամբ էլ վեպն ավարտվում է՝ աքսորավայրում Ռասկոլնիկովը հիշում է հրաշքի մասին, որը կատարում է Փրկիչը, և խնդրում Սուրբ Գիրքը Սոնյայից:

Առանձին թեմա է Հայտնության գրքում Դոստոևսկու նշումները: Տեքստում, որը լի է բարդ խորհրդանիշներով և մարգարեություններով, նա որոնել է աշխարհում կատարվող իրադարձությունները հասկանալու բանալին: Նրան տանջել է հակասությունը՝ քաղաքակրթության զարգացման և հավատքի ակնման միջև: Սոցիալական տեսությունների հիմքի վրա կյանքը կառուցելը, ըստ հեղինակի, կարող է դժոխքի վերածվել, որովհետև անտեսվում է գլխավորը՝ Արարչի պատվիրաններն ու կամքը:

«Հարկ է ամեն արդարությունը կատարելը»,- գրել է նա:

Դոստոևսկու մահից առաջ վերջինիս Աստվածաշնչում վերջին նշումներն արել է նրա կինը՝ Աննա Գրիգորևնան: Մատիտով գրվածը գրեթե ջնջվել է, բայց շնորհիվ գիտնականների ջանքերի՝ այն հաջողվել է վերականգնել. «Իմ կողմից բացվել ու ընթերցվել են Ֆյոդոր Միխայլովիչի խնդրանքով իր մահվան օրը՝ ժամը 3-ին»:

Մասնագետները կարողացել են ժամանակակից օպտիկա-էլեկտրոնային սարքավորումների օգնությամբ ուսումնասիրել մանր, հաճախ անգույն նշումները Դոստոևսկու գրքի վրա: Եվ դա արվել է հեղինակի եղունգով արված նշումները հայտնաբերելու համար:

Ստացված լուսանկարներն ուսումնասիրել են համակարգչի վրա՝ 40- անգամյա մեծացմամբ: Աքսորի ժամանակից սկսած՝ գրքի վրա եղած ամենաչնչին օգտագործման հետքերն անգամ գիտնականների աչքերի տակ էր: Այն, ինչ նախորդ դարում Դոստոևսկուն ուսումնասիրողները կորած էին համարում, կենդանանում է այսօր:

Եվ այսպես, Մոսկվայում ներկայացվել է Դոստոևսկուն պատկանող Ավետարանի հրատարակությունը՝ շնորհիվ վերոնշյալ աշխատանքի: Գրքի արտաքին տեսքն անգամ ինքնատիպ է. հինգ հատորներ, որ մեկ տուփի մեջ են, որը բանտախուց է հիշեցնում՝ բանտային դարպասներով ու փոքրիկ պատուհաններով:

Գլխավոր հատորը հենց Դոստոևսկուն պատկանող Ավետարանի կրկնօրինակն է: Իսկ ձախից ու աջից՝ հեղինակի մեկնաբանությունները գրողի նշումների վերաբերյալ: Իսկ մյուս երկու հատորները՝ գիտական նյութեր և ուսումնասիրություններ:

Միխայիլ Ուստյուգով