ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմի ճանաչումը որպես Իսրայելի մայրաքաղաք կարող է միջկրոնական բախումների հանգեցնել. Թուրքիայի վարչապետ

ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմի ճանաչումը որպես Իսրայելի մայրաքաղաք կարող է միջկրոնական բախումների հանգեցնել. Թուրքիայի վարչապետԱՄՆ-ի կողմից Երուսաղեմի ճանաչումը որպես Իսրայելի մայրաքաղաք կարող է միջկրոնական բախումների հանգեցնել։ Ինչպես գրում են թուրքական լրատվամիջոցները, այդ մասին ասել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն չպետք է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչի, քանի որ դա հակասում է միջազգային իրավունքին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ երեկ հայտարարել էր, որ ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմի ճանաչումը որպես Իսրայելի մայրաքաղաք կարող է Թուրքիայի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունների խզմանը հանգեցնել:

«Երուսաղեմը կարմիր գիծ է մահմեդականների համար: Նման որոշումը ծանր հարված կլինի ամբողջ մարդկության համար: Մենք սա այսպես չենք թողնի: Ամերիկան էլ խնդիրներ չունի՞, միայն սա՞ է մնացել: Մենք կպայքարենք մինչև վերջ: Կարող է հասնել նույնիսկ Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելուն: Ես ևս մեկ անգամ նախազգուշացնում եմ Ամերիկային, որպեսզի նա քայլեր չանի, որոնք ավելի կխորացնեն ճգնաժամը տարածաշրջանում», – ասել էր Էրդողանը՝ ելույթ ունենալով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստին:

Էրդողանը հավելել էր, որ եթե Երուսաղեմը ճանաչվի Իսրայելի մայրաքաղաք, ապա «առաջիկա 5-10 օրում Իսլամական համագործակցության կազմակերպության ղեկավարները կհավաքվեն Ստամբուլում և շարժման մեջ կդնեն ամբողջ մահմեդական աշխարհը»:

Հաղորդվում է, որ այսօր ԱՄՆ-ն կհայտարարի, թե արդյոք Երուսաղեմը ճանաչում է Իսրայելի մայրաքաղաք:

Պաղեստինյան կողմը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում մի շարք երկրներ արդեն հայտարարել են, որ Երուսաղեմի ճանաչումը կբերի արաբա-իսրայելական հակամարտության սրման և տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման:

Աղբյուրը՝ tert.am